Պտղի աճի հապաղում

Պտղի աճի հապաղման դեպքում պտուղը չափսերով ավելի փոքր է լինում, քան իրականում պետք է լիներ հղիության այդ ժամկետում։

Դասակարգումը և ծագումնաբանությունը

Ըստ ուլտրաձայնային ֆետոմետրիայի տվյալների՝ առանձնացվում են հետևյալ ձևերը՝
  • համաչափ ձև՝ պտղի մարմնի բոլոր չափսերի համամասնական նվազություն,
  • անհամաչափ ձև` միայն փորի չափսերի նվազություն (մնացած չափսերը ֆիզիոլոգիական նորմայի սահմաններում են լինում), 
  • խառը ձև՝ փորի չափսերի հապաղում երկուսից ավել շաբաթով և ֆետոմետրիկական այլ ցուցանիշների հապաղում։

Պտղի աճի հապաղմանը նպաստող գործոններն են՝
  • սոցիալկենցաղային գործոններ (17 տարեկանից փոքր և 30 տարեկանն անց, մասնագիտական վտանգներ և այլն), 
  • ֆիզիկական ծանր աշխատանք, հուզական լարվածություն, ծխախոտի, ալկոհոլի, թմրանյութերի օգտագործում,
  • սոմատիկ հիվանդություններ, 
  • մանկաբարձագինեկոլոգիական հիվանդություններ (ինֆանտիլիզմ, դաշտանային ֆունկցիայի խանգարումներ, առաջնային անպտղություն, արգանդի անոմալիաներ, նախկին հղիության ծանր ընթացք և այլն), 
  • ներկա հղիության հետ կապված գործոններ (տոքսիկոզ, գեստոզ, վիժման վտանգ, բազմապտղություն), 
  • պտղի հետ կապված գործոններ (ժառանգական համախտանիշներ, ներարգանդային վարակներ, պտղի զարգացման շեղումներ և այլն)։

Ախտորոշումը

Հնարավոր է ախտորոշել մանկաբարձական արտաքին զննման և ուլտրաձայնային սկանավորման միջոցով։ Ավելի օբյեկտիվ տեղեկություն է տալիս ուլտրաձայնային ֆետոմետրիան, որը թույլ է տալիս հաստատել ախտորոշումը, պարզել պտղի աճի հապաղման ձևն ու աստիճանը։

Պտղի աճի հապաղման համաչափ ձևի ճիշտ ախտորոշումը հնարավոր է հղիության ժամկետի հստակ իմացության կամ դինամիկ էխոգրաֆիայի դեպքում։ Ֆետոմետրիկական ցուցանիշների համաչափ հապաղումը ոչ միշտ է թույլ տալիս վստահաբար ախտորոշել ՊԱՀ, քանի որ պտղի փոքր չափսերը կարող են պայմանավորված լինել ծնողների մարմնակազմական առանձնահատկություններով։ Պտղի աճի հապաղման անհամաչափ ձևի ախտորոշումը դժվարություն չի ներկայացնում։ Նշանակալի է համարվում գլխի և փորի շրջանագծի համապատասխանությունը։

Ուլտրաձայնային ֆետոմետրիայի արդյունքների հիման վրա հնարավոր է որոշել պտղի աճի հապաղման աստիճանը։ I աստիճանի դեպքում դիտվում է ֆետոմետրիայի ցուցանիշների հապաղում 2 շաբաթով, II աստիճանի դեպքում՝ 3-4 շաբաթով, III աստիճանի դեպքում՝ 4 շաբաթից ավել։ Անհամաչափ ձևի ծանրության աստիճանն ուղիղ համեմատական է ընկերքային քրոնիկական անբավարարության այնպիսի դրսևորումներին, ինչպիսիք են ընկերքի վաղաժամ հասունացումը, հաստության նվազումը, նաև սակավաջրությունը։

Պտղի աճի հապաղման դեպքում, անկախ նրա ձևից, պտղի կոմպենսատոր հնարավորությունների որոշման համար անհրաժեշտ է գնահատել նրա ֆունկցիոնալ վիճակը։ ՊԱՀ-ը (հաճախ անհամաչափ ձևը) հաճախ համատեղվում է հիպոքսիայի հետ, որը հայտնաբերում են կարդիոտոկոգրաֆիայի, պտղաընկերքային և պտղային արյան հոսքի դոպլերամետրիայի, պտղի կենսաֆիզիկական պրոֆիլի ուսումնասիրման միջոցով։ Անհամաչափ ձևը դիտվում է հղիության երեսուներորդ շաբաթից հետո, պտղի զարգացման արատները հազվադեպ են հանդիպում։

Բուժումը

Հղիության վարման և ծննդաբերության տակտիկան կախված է պտղի աճի հապաղման ծագումից, հղիության ժամկետից, ձևից ու արտահայտվածության աստիճանից և ուղղված է մարդ-ընկերք-պտուղ համակարգի խանգարումների շտկմանը։

Պտղի աճի արագության և նրա ֆունկցիոնալային վիճակի գնահատման համար անցկացվող թերապիայի ֆոնին անհրաժեշտ է կատարել կրկնվող ՈւՁՀ-ներ (7-14 օր անց), մայր-ընկերք-պտուղ համակարգում արյան հոսքի դոպլերամետրիա (3-5 օրը մեկ), ինչպես նաև կարդիոմոնիտորային վերահսկում (ամեն օր)։ Եթե թերապիայի ընթացքում պտղի զարգացման ցուցանիշները կարգավորվում են և նրա ֆունկցիոնալային վիճակը բնականոն սահմաններում է հայտնվում, կարելի է շարունակել հղիությունը։ Ծննդալուծումն անցկացնում են հղիության 37-րդ շաբաթից ոչ շուտ, պտղի թոքերի հասունացման հաստատումից հետո։ Բուժման անարդյունավետության կամ պտղի վիճակի վատացման դեպքում անհրաժեշտ է անհապաղ ծննդալուծում անկախ գեստացիայի ժամկետից։

Ընկերքային անբավարարության դեկոնպենսացված ձևի դեպքում ցուցված է անհապաղ ծննդալուծում կեսարյան հատման միջոցով։ II աստիճանի ՊԱՀ-ի դեպքում կեսարյան հատման ցուցումը կախված է պտղի վիճակից և մանկաբարձական ուղեկցող պաթոլոգիայից։

Աճի հապաղմամբ երեխայի ծնվելուց հետո կշռում են ընկերքը և ուշադիր զննում ինֆարկտների, անոթների արատների հայտնաբերման, պորտալարի ամրացման տեղի որոշման նպատակով։ Այն ուղարկում են լաբորատոր հետազոտության, որպեսզի պարզեն պտղի աճի հապաղման պատճառները։


Աղբյուրը՝ Акушерство. Национальное руководство, Айламазян Э.К и др., 2009 г.
Թարգմանությունը՝ www.sotskiy.am

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…