Արնահոսությո՞ւն, թե՞ դաշտան․ ինչպե՞ս տարբերել

Ամսական արնահոսությունը՝ դաշտանը, կնոջ օրգանիզմին բնորոշ բնական երևույթ է, սակայն հաճախ դժվար է լինում տարբերել ախտաբանակա՞ն արնահոսություն է, թե՞ դաշտան։
Բնորոշ ախտանշանները
Ոչ թե դաշտան է, այլ արնահոսություն, եթե՝
- արտահոսող արյան քանակը 80մլ-ից շատ է և օրվա ընթացքում 8-10 անգամ միջադիր փոխելու կարիք է զգացվում,
- տևում է 7 օրից ավել,
- դաշտանային ցիկլը խանգարված է,
- արնահոսությունն սկսվել է մենոպաուզայից հետո,
- արյունը նկատվել է սեռական ակտից հետո։
Կարդացեք՝ Երկարատև դաշտան․ ե՞րբ անհանգստանալ
Ուշադրություն դարձրեք ձեր վիճակին և ինքնազգացողությանը՝
- թուլություն,
- հոգնածություն,
- գունատություն,
- մազաթափություն,
- անկանոն դաշտան,
- արնահոսություն դաշտանից դաշտան ժամանակահատվածում։
Արնահոսություն դաշտանի ընթացքում
Այդ ընթացքում կարող է սկսվել՝
- մենորագիա՝ բավականին առատ և երկարատև արնահոսություն,
- մետրորագիա՝ երբ արյունն անկանոն կերպով հոսում է դաշտանից դաշտան ժամանակահատվածում,
- մենոմետրորագիա՝ շարունակական, բայց անկանոն արնահոսություն,
- պոլիմենորեա՝ դաշտանն սկսվում է նախորդ դաշտանից ավելի շուտ։
Իմպլանտացիոն արյունային արտադրություն
Իմպլանտացիոն արյունային արտադրությունն ի հայտ է գալիս բեղմնավորված ձվաբջջի՝ էնդոմետրիումի շերտի մեջ արմատավորվելու հետևանքով։ Այդ ժամանակ վնասվում են արյան անոթները, և փոքրիկ արնահոսություն է սկսվում։ Այդպես է լինում մենստրուացիայից մոտավորապես մեկ շաբաթ առաջ, և կանայք ընդունում են որպես սկսվող դաշտանի նշան։
Տարբերությունը. արնահոսությո՞ւն, թե՞ դաշտան
Դաշտանը և իմպլանտացիոն արնահոսությունը տարբերվում են՝
- արնահոսության տևողությամբ․ իմպլանտացիոն արնահոսությունը կարճատև է, առավելագույնը մեկ օր,
- կորցրած արյան քանակով․ իմպլանտացիոն արնահոսության դեպքում արյան կորուստը շատ քիչ է,
- գունավորմամբ․ իմպլանտացիոն արնահոսությունը վարդագույն կամ դեղնավուն երանգ է ունենում։
Զգացողություններ
- Իմպլանտացիայի դեպքում կինը թույլ, ձգող բնույթի ցավ է զգում որովայնի ստորին հատվածում։
- Իմպլանտացիայի դեպքում բազալ ջերմաստիճանն իջնում է 37°C-ից, այնուհետև կտրուկ բարձրանում։
Արտադրությունը ծննդաբերությունից հետո
Դաշտանը պետք է տարբերել հետծննդաբերական շրջանում երբեմն ի հայտ եկող արնահոսությունից։ Ծննդաբերությունից հետո 30 օրվա ընթացքում հնարավոր չէ, որ դաշտան սկսվի։ Այդ ընթացքում ի հայտ եկող արտադրությունը կոչվում է լոխիա։ Սկզբնական շրջանում (մոտավորապես տասն օր) այն արտահոսում է արյան խառնուրդով, այնուհետև աստիճանաբար դառնում է դեղնասպիտակավուն։
Կարդացեք՝ Տհաճ հոտ ծննդաբերությունից հետո
Պետք է անհանգստանալ, եթե՝
- ծննդաբերությունից հինգ օր անց լոխիան ալ կարմիր գույն է ունենում,
- ծննդկանն ունենում է դողէրոցք,
- միջադիրը ժամը մեկ փոխելու անհրաժեշտություն է զգացվում,
- արտադրությունը լի է մակարդուկով,
- լոխիան դադարել է, սակայն կրկին արյունային ալ կարմիր արտադրություն է ի հայտ եկել,
- ծննդաբերությունից հետո արտադրությունն ունի տհաճ հոտ։
Ի՞նչ անել
Դաշտանային խիստ առատ արնահոսությունն առանց դեղամիջոցի կանգնեցնելու համար՝
Կարդացեք՝ Առատ դաշտան
- մեծ քանակությամբ ջուր խմեք (չգազավորված),
- հանգստացեք,
- մի զբաղվեք սպորտով, մի կատարեք ֆիզիկական ծանր աշխատանք,
- ծանր իրեր մի բարձրացրեք,
- խուսափեք շոգեբաղնիքից,
- առժամանակ հրաժարվեք ալկոհոլային խմիչքներից և սուրճից,
- մոտ 15 րոպե սառը ջեռակ դրեք որովայնին,
- վիտամիններ օգտագործեք՝ ասկորբինաթթու, A և B խմբի վիտամիններ, երկաթ պարունակող միջոցներ։