Առատ դաշտան. պատճառները և բուժումը

14.05.201425002

Առատ, 8 օրից ավել տևող դաշտանն անվանում են մենորագիա: Միգուցե ոմանց թվա, թե դա բնականոն երևույթ է, սակայն բժիշկները նախազգուշացնում են, որ եթե կինը մեկ ժամվա ընթացքում տամպոնը կամ միջադիրը փոխում է մեկ անգամից ավել, ապա նշանակում է, որ դաշտանն առատ է:

Ինչն է մենորագիայի պատճառը

Հնարավոր է, որ առատ դաշտանը ծայրահեղ դիետայի կամ շարունակական ֆիզիկական վարժությունների հետևանք լինի: Այլ գործոններ ևս կան՝ արյան բնականոն մակարդելիության խախտում, տարաբնույթ բորբոքումներ, արգանդի բարորակ ուռուցք (միոմա), պոլիպներ, էնդոմետրիոզ, օրգանիզմի հորմոնային հավասարակշռության խանգարում, փոքր կոնքի օրգանների բորբոքումներ և այլն: Հնարավոր է նաև, որ առատ դաշտանը ներարգանդային պարույրից ազատվելու ազդանշան լինի: Բացի այդ, պրոգեստերոն հորմոնի պակասը կամ պրոստագլանդին հորմոնի ավելցուկը, ինչպես նաև ձվազատման բացակայությունը ևս կարող են առատ դաշտանի պատճառ դառնալ: Պետք է իմանալ, որ առատ դաշտանը կարող է հանգեցնել երկաթդեֆիցիտային սակավարյունության:

Կան մի շարք նախանշաններ, որոնց առկայության պարագայում պարտադիր պետք է դիմել բժշկի:

- Չափազանց առատ դաշտան, որը խաթարում է կյանքի սովորական ընթացքը
- Արյան մակարդուկի կտորտանքներ
- Թուլություն և գլխապտույտ
- 45-50 օրից ավել ընդմիջումներով դաշտան
- Նախկինում առատ դաշտանի բացակայություն

Նախքան բժշկի դիմելը վերոնշյալ նախանշաններն ունեցող կինը պետք է հետևի որոշ խորհուրդների:

1. Եթե աշխատանքը ծանր գրաֆիկով է, ապա պետք է անպայման ժամանակ հատկացնել լիակատար հանգստին: Դա կնվազեցնի առատ արյունային արտադրության քանակը:

2. Պետք է ուշադրություն դարձնել սննդակարգին: Այն պետք է վիտամին B-ի, ինչպես նաև երկաթի բավարար քանակ պարունակի: Ֆոլաթթուն և վիտամին B12-ը պահպանում են արյան բնականոն քանակը և որակը: Երկաթը նպաստում է արյան կարևոր բաղադրիչներից մեկի՝ հեմոգլոբինի ստեղծմանը:

Դաշտանային ցիկլի երկարատև խանգարումները բժշկական միջամտություն են պահանջում: Բժիշկը դեղորայքային բուժում կնշանակի, հնարավոր է, որ անգամ վիրաբուժական միջամտություն պահանջվի: Որոշ կանայք առատ դաշտանի հետևանքով օրեր անց սակավարյունություն (թեթև ձևով) են ունենում: Այդ դեպքում բժիշկը կարող է դաշտանային ցիկլը կարգավորող հակաբեղմնավորիչ հաբեր նշանակել: Ինչպես է դա կատարվում: Կանանցից շատերը չգիտեն, որ դաշտանային ցիկլի առաջին կեսում ձվարանները միայն էստրոգեն հորմոն են արտադրում, ինչը հանգեցնում է արգանդի ներքին թաղանթի հաստացմանը: Երբ դաշտանի ժամանակ այն պոկվում է արգանդի պատից, արյունահոսությունն ուժեղանում է: Հակաբեղմնավորիչ հաբերը պարունակում են և՛ էստրոգեն, և՛ պրոգեստերոն: Այդ պատճառով էլ դրանց ընդունման դեպքում արգանդի ներքին թաղանթը չի հաստանում և առատ արյունահոսություն չի լինում:

Եթե ֆիբրոմա կամ պոլիպ ախտորոշվի, ապա կնոջը կառաջարկվի վիրահատական միջամտությամբ հեռացնել դրանք: Վիրահատության եղանակը կախված է միոմատոզ հանգույցի չափից և տեղակայումից: