Վարիկոզը հղիության ընթացքում. ավելի լավ է կանխարգելել, քան բուժել

Դժվար թե լինեն 20 տարեկանից մեծ կանայք, ովքեր չեն լսել անոթային աստղիկների, վարիկոզի, այտուցների մասին: Այս հոդվածում կխոսենք վարիկոզ հիվանդության մասին, որն ունի կանանց 28%-ը:
Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ վարիկոզի մասին
Վարիկոզը համարվում է առավելապես կանանց հիվանդություն, որի զոհ կարող են դառնալ նույնիսկ քսանամյա աղջիկները: Այս պաթոլոգիայի դեպքում ենթամաշկային երակների պատերը կորցնում են առաձգականությունը, անոթների որոշ հատվածներ կորցնում են իրենց ձևը՝ այդպիսով առաջացնելով հանգույցներ և աստղիկներ: Վարիկոզից չեն մահանում, սակայն անուշադրության մատնելու դեպքում վտանգավոր է, նույնիսկ կարող է հանգեցնել հաշմանդամության:
Հիվանդության ախտանշանները
Վարիկոզը հանկարծակիորեն չի ի հայտ գալիս: Եթե մարդը հոգ է տանում իր առողջության մասին, նա թույլ չի տա հիվանդությանը հասնել վերջին փուլին: Ահա այն ախտանշանները, որոնք վկայում են վարիկոզի մասին՝
- ուժեղ ցավ ոտքերում,
- հաստացած կամ գալարուն մուգ կապույտ կամ կարմրավուն երակներ ոտքերին,
- ստորին վերջույթների ջղաձգումներ,
- անհավասարաչափ պիգմենտացիա ոտնաթաթերի և սրունքների վրա,
- խոցային թերություններ:
Հատկապես անհարմարություն են առաջացնում մշտական ցավերը, որոնք կարող են տանջել ոչ միայն զբոսնելիս, այլև գիշերը: Դրանք նման են հոդերի կոտրտվող ցավերին:
Հիվանդության զարգացման պատճառներն են՝
- Ժառանգականությունը, եթե բարեկամներն ունեցել են վարիկոզ, ապա տվյալ մարդը նույնպես հակված է այդ հիվանդությանը, երակային պատի բնածին թուլությունը փոխանցվում է ժառանգաբար,
- բարձրակրունկ կոշիկների երկար կրումը, ուղղահայաց դիրքը,
- քրոնիկական հիվանդությունները՝ ցերոզ, հեպատիտ,
- քաշի ավելցուկը, գիրացումը,
- հղիությունը,
- մշտական ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:
Հիվանդության զարգացման փուլերը
Վարիկոզ հիվանդությունն ունի երեք փուլ: Դա կարելի է համեմատել աստիճանների հետ, որոնցով բարձրանալը գնալով դժվարանում է: Այդպես էլ վարիկոզը. որքան ծանրանում է հիվանդությունը, այնքան ուժգնանում են ցավերն ու վատանում է երակների վիճակը: Առաջին փուլը բնորոշվում է ոտքերի այտուցվածությամբ, ծանրությամբ և ցավերով, հանգուցային երակների, աստղիկների ի հայտ գալով, նաև հնարավոր են ցնցումներ ոտքերի կրունկների հատվածում: Երկրորդ փուլում վարիկոզի աստղիկները և հանգույցները դառնում են ավելի նկատելի, դրանց քանակն ավելանում է: Դժվարանում է դիմանալ ուժգնացող ցավերին: Մեծանում են նաև այտուցների չափերը: Երրորդ փուլը վերջինն է, բնորոշվում է ոտքերի մաշկի փոփոխություններով (այն դառնում է անկենդան, ճաքճքած), փոխվում է ոտքերի պիգմենտացիան, երակային հանգույցներն ավելի ուժեղ են արտահայտվում:
Հղիությունը պլանավորելու և վարելու առանձնահատկությունները վարիկոզի դեպքում
Վարիկոզի առկայության դեպքում հղիության պլանավորման մասին հստակ վկայություններ չկան: Ապագա մայրիկները միայն պետք է իմանան, որ երակների վիրաբուժական հեռացումից կամ սկլերոթերապիայից հետո անհրաժեշտ է մեկ տարի չհղիանալ: Բացի այդ, պետք է նաև հաշվի առնել, որ վարիկոզի ժամանակ խորհուրդ է տրվում կրել սեղմող ներքնազգեստ, այնպես որ հղիությունը ավելի լավ կլինի պլանավորել տարվա ավելի սառը եղանակներին:
Առանձնաատուկ դեպք է փոքր կոնքի և արգանդի անոթների վարիկոզ հիվանդությունը, որի դեպքում խանգարվում է այդ օրգանների արյան մատակարարումը: Տվյալ հիվանդության դեպքում կինը չի կարող հղիանալ, այդ պատճառով էլ կարևոր է, որ նախքան հղիություն պլանավորելը անցնի ՈւՁՀ և դոպլեր հետազոտություն: Վարիկոզով հիվանդ կանայք կարող են պահպանել հղիությունը, եթե կիրառեն բարդությունների կանխարգելիչ միջոցներ: Յուրաքանչյուր կնոջ համար ծննդաբերության ելքն ընտրում է բժիշկն անհատապես: Ծննդաբերության ժամանակ պարտադիր ոտքերին վիրակապ են դնում կամ հագցնում են հատուկ ներքնազգեստ, որպեսզի ճիգերի ժամանակ կանխեն արյան հետ հոսքը երակներ:
Ի՞նչ վտանգներ է կրում վարիկոզը հղիության ընթացքում
Սովորաբար վարիկոզն ի հայտ է գալիս հղիության 4-5-րդ ամիսներին: Այդ ժամանակահատվածում մեծանում է ոտքերում երակային ճնշումը, նվազում է երակներում արյան հոսքի արագությունը: Եթե ոչինչ չձեռնարկվի, ապա այս պաթոլոգիան կարող է բարդացնել հղիության, ծննդաբերության ընթացքը, ինչպես նաև հետծննդաբերական շրջանը:
Երակներում արյան լճացման պատճառով փոքր կոնքում վատանում է արգանդի կրճատումը, ինչը կարող է հանգեցնել արյունահոսությունների և թրոմբոֆլեբիտի: Այդպիսով, ապագա մայրիկը պետք է օգնության դիմի հիվանդության վաղ փուլերում, որպեսզի կարողանա խուսափել վտանգներից: Մայրիկի ստորին վերջույթների վարիկոզը փոքրիկի համար վտանգ չի ներկայացնում:
Վարիկոզի բուժումն ու կանխարգելումը հղիության ընթացքում
Հղիության ընթացքում վարիկոզի առաջացումն առիթ չէ կտրուկ դադարեցնելու ֆիզիկական ակտիվությունն ու հրաժարվելու սպորտով զբաղվելուց: Եթե դիմեք անոթաբանի, նրանք կհուշեն, թե ինչ վարժություններ են արդյունավետ երակների ծանրաբեռնվածությունը հանելու և լավ ֆիզիկական տեսքի պահպանման համար: Թեթև մարմնամարզությունը ցուցված է հղիության ընթացքում առանց բացառությունների: Օրինակ՝ կարելի է կրունկներից կանգնել ոտնաթաթերի վրա և իջնել, այդպես 10 անգամ:
Վիրահատական միջամտությունը կամ դեղահաբերի ընդունումը ցուցված է միայն հիվանդության ծանր ընթացքի դեպքում: Հղիության երկրորդ և երրորդ եռամսյակներում կարելի է կիրառել հակակոագուլանտային ազդեցությամբ քսուքներ: Առաջին եռամսյակում տեղի է ունենում պտղի օրգանների կազմավորում, այդ պատճառով ոչ մի դեղորայքային բուժում այդ ժամանակահատվածում չի թույլատրվում: Ավելի լավ կլինի անել հնարավոր ամեն բան վարիկոզը կանխելու համար: Իսկ դրա համար անհրաժեշտ է կրել բուժական սեղմող ներքնազգեստ: Բժիշկները նաև խորհուրդ են տալիս հետևյալը՝
- լողալ, զբոսանել, որպեսզի բարելավվի արյան շրջանառությունը,
- երբեմն ոտքերը պահել բարձր դիրքում,
- երկար չկանգնել նույն դիրքում,
- կրել ազատ հագուստ,
- կանխել քաշի ավելցուկը:
Վարիկոզի բուժումն ավանդական մեթոդներով
Ավանդական բժշկության մեջ երակների վարիկոզ լայնացման բուժման համար կիրառում են թրջոցներ, թուրմեր, քսուքներ, ոտքի վաննաներ: Դրանք օգնում են հիվանդության միայն նախնական փուլերում, իսկ եթե վարիկոզը վառ արտահայտված է, այս միջոցներն օգտագործում են որպես օժանդակ բուժում: