Մայրական երջանկության առաջին պահերից մեկը՝ պտղի խաղը

Մայրական երջանկության առաջին պահերից մեկը՝ պտղի խաղը

Փոքրիկին սպասելու ժամանակահատվածում կան որոշ առանձնահատուկ պահեր, որոնց ապագա ծնողները հուզմունքով են սպասում: Այդպիսին է երեխայի առաջին խաղը և նշանակություն չունի առաջին, թե երրորդ հղիությունն է․ այդ իրադարձությունը միշտ է ուրախալի:

Ինչպիսի՞ն են զգացողությունները

Պտուղն սկսում է ակտիվորեն շարժվել հղիության 7-8-րդ շաբաթներից սկսած: Ապագա մայրիկը դա չի զգում, քանի որ պտուղը դեռ շատ փոքր է և ազատորեն տեղաշարժվում է արգանդում: Հղիության կեսերին պտղի զանգվածն արդեն հասնում է զգալի չափերի, և արգանդի պատին բախումները դառնում են շոշափելի մայրիկի համար: Դա սովորաբար տեղի է ունենում 18-23-րդ շաբաթներում: Պտղի առաջին շարժումները մայրիկներն առավել հաճախ սկսում են զգալ հանգիստ վիճակում, երեկոյան ժամերին՝ քնից առաջ: Ոմանք այս հուզիչ պահը համեմատում են թռվռացող թիթեռնիկների կամ լողացող ձկան հետ, ոմանք էլ դա նմանացնում են այն իրավիճակին, երբ աղիներով գազեր են անցնում:

Հետագայում փոքրիկը շարունակում է մեծանալ, և շարժումները դառնում են ավելի կանոնավոր, մայրիկի համար նկատելի: Հղիության 27-30-րդ շաբաթների ընթացքում արդեն հայրիկն ու մյուս բարեկամները կարող են լսել և զգալ երեխայի շարժումները՝ ձեռքը կամ ականջը դնելով կնոջ որովայնին: Երբեմն հենց այս պահից մայրիկներն սկսում են դիմել փոքրիկին և ակտիվորեն շփվել նրա հետ․ չէ՞ որ այժմ փոքրիկը կարող է իր շարժումների միջոցով արձագանքել ձայներին ու երաժշտությանը: Փոքրիկը կարող է մայրիկի ձեռքի հպմանը պատասխանել թեթև հարվածով, իսկ անծանոթների հպումից կարող է վախեցած հետ քաշվել: Գրեթե բոլոր փոքրիկները ներարգանդային շրջանում ակտիվորեն պատասխանում են մայրիկի անհարմար դիրքերին՝ ձեռքերի կամ ոտքերի հարվածներով արտահայտելով իրենց դժգոհությունը: Սովորաբար դա տեղի է ունենում, երբ մայրիկը նստած է ոտքը ոտքին գցած կամ պառկած է մեջքի կամ որովայնի վրա: Այդպիսի դիրքերում սահմանափակվում է թթվածնի հոսքը և բնականաբար դա փոքրիկին դուր չի գալիս:

Առավել հաճախ պտղի ակտիվ խաղը նկատվում է մայրիկի հանգստի ժամանակ: Երբ հղի կինը նստած է, պառկած կամ ցանկանում է քնել, փոքրիկը երբեմն սկսում է «մարզվել», լինում է և հակառակը, երբ մայրիկը շարժման մեջ է և զբաղվում է ինչ-որ բանով, փոքրիկն այդ շարժումներից օրորվում է և հանգիստ քնում: Ծննդաբերությունից մեկ-երկու շաբաթ առաջ պտղի խաղն էապես նվազում է, ինչը բնական երևույթ է: Փոքրիկն, անհրաժեշտ դիրք ընդունելով, սկսում է պատրաստվել իր առաջին կենսափորձին՝ ծնվելուն:

Առաջին հղիություն

Կանայք, ովքեր սպասում են իրենց առաջնեկին, սովորաբար ավելի մեծ հուզմունքով են վերաբերվում օրգանիզմի ցանկացած փոփոխությանը: Նրանք ուշադիր «լսում» են փորիկին՝ սպասելով երեխայի առաջին խաղին: Երբեմն սկսում են անհանգստանալ դրա բացակայությունից, հատկապես, եթե շրջապատում բոլորը հետաքրքրվում են, թե փոքրիկն ինչպես է իրեն զգում, խաղո՞ւմ է արդյոք: Եթե գինեկոլոգը պնդում է, որ ամեն բան ընթանում է իր բնականոն հունով, փոքրիկն աճում է, սրտի աշխատանքը լավ է, ապա անհանգստանալու կարիք չկա: Առաջին հղիության դեպքում բնականոն է համարվում պտղի առաջին խաղը մինչև հղիության 23-րդ շաբաթը: Դրա պատճառ կարող են լինել՝

  • կնոջ մարմնակազմությունը՝ սովորաբար նիհարիկ մայրիկներն ավելի վաղ են զգում պտղի խաղը, քան մի փոքր գեր կանայք,  
  • կնոջ ակտիվությունը՝ եթե ապագա մայրիկն ակտիվ ու մշտական շարժման մեջ է, ապա նա կարող է պարզապես չնկատել դա կամ շփոթել աղիների կծկումների հետ այնքան ժամանակ, քանի դեռ երեխայի շարժումները թույլ են:

Ձեր փոքրիկին զգալ կօգնի հետևյալ մեթոդը: Խմեք մեկ բաժակ կաթ կամ կերեք ինչ-որ համեղ բան և հանգիստ պառկեք մեջքի վրա՝ ուշադիր ականջ դնելով փորիկին: Մեկ բաժին հագեցած սննդից հետո և մայրիկի այսպիսի դիրքում փոքրիկը սովորաբար շարժումներով հիշեցնում է իր մասին: Պտուղն ակտիվորեն աճում է, և շուտով նրա շարժումները հստակ ու հասկանալի են դառնում մայրիկի համար, ով դրանք ոչնչի հետ այլևս չի շփոթում:

Երկրորդ հղիություն

Սովորաբար արդեն մեկ անգամ ծննդաբերած կինը գիտի, թե ինչպիսի զգացողություններ են լինում պտղի շարժումների ժամանակ, և նրա արգանդն էլ արդեն ավելի առաձգական ու զգայուն է լինում: Այդ պատճառով երկրորդ հղիության ընթացքում պտղի առաջին խաղը նկատելի կլինի մայրիկի համար ավելի վաղ, երբեմն նույնիսկ 14-15-րդ շաբաթներում:

Համարվում է, որ երկրորդ երեխային սպասող կանայք փոքրիկի առաջին խաղն սկսում են զգալ ավելի շուտ, քան առաջինի դեպքում, երկու շաբաթ առաջ:

Երրորդ հղիություն

Շատ բազմազավակ մայրիկներ նշում են, որ յուրաքանչյուր հաջորդ հղիության ժամանակ սկսում են երեխայի առաջին խաղն ավելի վաղ զգալ: Օրինակ, եթե առաջնեկին սկսել են զգալ հղիության 20-րդ շաբաթում, երկրորդին՝ 18-րդում, իսկ երրորդին՝ արդեն 15-16-րդում։ Եթե կինն իր առաջնեկի խաղն սկսում է զգալ վաղ ժամկետներում՝ 15-16-րդ շաբաթներում, ապա երկրորդ և երրորդ հղիությունների դեպքում նույն կերպ կլինի:

Ցանկացած հղի կին անհամբերությամբ է սպասում իր փոքրիկի առաջին խաղին, բայց կանխագուշակել, թե դա որ ժամկետներում կլինի, ոչ ոք չի կարող: Այնպես որ՝ կենտրոնացեք ձեր սեփական հույզերի և զգացողությունների վրա, հետևեք բժշկի խորհուրդներին, և փոքրիկը երկար չի սպասեցնի:

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…