Նորածինների շնչահեղձուկ (ասֆիքսիա)

Նորածինների շնչահեղձուկ (ասֆիքսիա)

Ինն ամիս ծնողներն անհամբերությամբ սպասում են փոքրիկի լույս աշխարհ գալուն: Այս ընթացքում մայրիկներն ու հայրիկներն ինչպես ուրախություն, այնպես էլ անհանգստություն ու վախ են զգում: Նրանց կյանքում ամենաերջանիկ պահն իրենց երեխայի ծնունդն է, բայց այդ պահը երբեմն ուղեկցվում է փոքրիկի առողջական խնդիրներով, որոնք լուրջ անհանգստություն են առաջացնում: Հիմնականում ծնողների վախերն անիմաստ են, քանի որ ժամանակակից բժշկությունը թույլ է տալիս դժվարին իրավիճակներում բարենպաստ ելք ապահովել:

Նորածինների ամենատարածված խնդիրներից է շնչահեղձուկը (ասֆիքսիա), որը պաթոլոգիական վիճակ է, երբ խանգարվում է շնչառությունը և զարգանում է թթվածնաքաղց: Այս վտանգավոր և ծանր վիճակը կարող է ի հայտ գալ ինչպես ծննդաբերության ժամանակ, այնպես էլ դրանից հետո՝ փոքրիկի կյանքի առաջին օրերին:

Որո՞նք են շնչահեղձուկի պատճառները

Այս վիճակը չի կարող առաջանալ առանց պատճառի, բայց նախքան դրան անցնելը խոսենք այս պաթոլոգիայի տեսակների մասին: Տարբերում են շնչահեղձուկի առաջնային և երկրորդային տեսակներ: Առաջին տեսակը զարգանում է ծննդաբերության ժամանակ: Այն առաջանում է քրոնիկական կամ սուր ներարգանդային թթվածնաքաղցի, ինչպես նաև հետևյալ պատճառներով՝

  • ծննդաբերության ժամանակ փոքրիկի ստացած ներգանգային վնասվածք, 
  • պտղի զարգացման արատներ, որոնք ազդում են շնչառության վրա՝ այն դժվարացնելով,
  • մոր և մանկան իմունոլոգիական անհամատեղելիություն,
  • պտղի շնչառական ուղիների խցանում լորձով կամ պտղաջրերով:

Առաջնային շնչահեղձուկ կարող են առաջացնել մոր սրտանոթային համակարգի հիվանդություները, շաքարային դիաբետը, երկաթի պակասությամբ պայմանավորված անեմիան և այլն: Պտղին կարող է նաև վնասել գեստոզը, որն ուղեկցվում է բարձր ճնշմամբ ու վերջույթների այտուցներով: Շատ դեպքերում շնչահեղձուկի պատճառները թաքնված են լինում ընկերքի, պորտալարի, պտղաթաղանթների պաթոլոգիական կառուցվածքում: Վտանգի գործոններ են՝ պտղաջրերի վաղ արտահոսքը, ընկերքի վաղաժամ շերտազատումը, ծննդաբերության ժամանակ պտղի գլխի սխալ դուրս գալը: Երկրորդային շնչահեղձուկ առաջանում է ծնունդից մի քանի ժամ կամ օր անց: Դրա պատճառներն են՝

  • սրտի արատը,
  • ուղեղային արյան շրջանառության խանգարումները
  • ԿՆՀ ախտահարումները,
  • ծանր վնասվածքները և այլն։

Ամենահաճախ հանդիպող պատճառներից է պնևմապաթիան (ցրված և բազմահատվածային՝ պոլիսեգմենտային ատելեկտազներ, թոքերի արյունազեղում, այտուցահեմոռագիկ համախտանիշ, հիալինային թաղանթներ): Դրանք առաջանում են ներարգանդային շրջանում կամ ծննդաբերության ժամանակ և ուղեկցվում են շնչառական խանգարումների համախտանիշի զարգացմամբ:

Ի՞նչ է տեղի ունենում փոքրիկի օրգանիզմում շնչահեղձուկի ժամանակ

Այս պաթոլոգիայի ժամանակ նորածնի օրգանիզմում սկսվում են փոփոխվել նյութափոխանակության գործընթացները, որի արտահայտումը կախված է շնչահեղձուկի ինտենսիվության աստիճանից և տևողությունից: Թթվածնաքաղցի ֆոնին առաջացած սուր շնչահեղձության դեպքում դիտվում է հիպովոլեմիա (արյան փոքր ծավալ): Արյունը դառնում է ավելի մածուցիկ: Գլխուղեղում, սրտում, լյարդում, երիկամներում հնարավոր է արյունազեղումների և այտուցների առկայություն: Զարկերակային ճնշումը նվազում է: Սրտի զարկերի հաճախությունը զգալիորեն կրճատվում է: Երիկամների միզարտադրողական ֆունցիան խանգարվում է:

Շնչահեղձուկի նշանները

Բժիշկներն այս պաթոլոգիան բացահայտում են նորածնի լույս աշխարհ գալու առաջին րոպեներին`գնահատելով նրա շնչառության հաճախությունն ու ադեկվատությունը, մաշկի գունավորումը, մկանային տոնուսի, սրտի աշխատանքի, ռեֆլեկտոր գրգռականության ցուցանիշները: Գլխավոր նշանը շնչառության խանգարումներն են: Բժիշկները փոքրիկի ծնունդից անմիջապես հետո անցկացնում են մանրակրկիտ զննում: Նրա վիճակը գնահատվում է ըստ Ապգարի սանդղակի: Տարբերում են շնչահեղձուկի ընթացքի 4 ձևեր՝ մեղմ, միջին, ծանր և կլինիկական մահ:

Մեղմ ընթացքի դեպքում փոքրիկի վիճակը գնահատվում է 6-7 միավոր ըստ Ապգարի սանդղակի: Փոքրիկը ծնվելիս կատարում է իր առաջին շունչը: Սակայն շնչառությունը թույլ է, մկանային տոնուսը նվազած է, իսկ քիթբերանային եռանկյունում կապտավուն երանգ է առկա: Միջին աստիճանի դեպքում փոքրիկի վիճակը գնահատվում է 4-5 միավոր: Այս դեպքում նույնպես փոքրիկն իր առաջին շունչը կատարել է ծնունդից հետո 60 վայրկյանի ընթացքում, բայց շնչառությունը թույլ է, հնարավոր է նաև անկանոն: Կարող է դիտվել հաճախասրտություն (տախիկարդիա), ռեֆլեքսների մարում, մկանային տոնուսի նվազում, բրադիկարդիա (սրտի զարկերի նվազում): Դեմքի, ձեռքերի ու ոտքերի մաշկը վառ կապույտ գույն են ունենում:

Ծանր շնչահեղձուկի դեպքում երեխայի վիճակը գնահատվում է 1-2 միավոր: Շնչառությունն անկանոն է լինում կամ առհասարակ բացակայում է: Փոքրիկը չի ճչում: Սրտի զարկերը նվազած են, ռեֆլեքսները բացակայում են: Դիտվում է մկանային ատոնիա կամ հիպոտոնիա: Մաշկը գունատ է: Պորտալարում զարկ չի նկատվում: Բավականին հաճախ նման դեպքում զարգանում է մակերիկամային անբավարարություն:

Եթե երեխայի վիճակը 0 միավոր է գնահատվում, ապա նշանակում է կլինիկական մահ: Փոքրիկի կյանքը փրկելու համար մասնագետներն անմիջապես սկսում են վերակենդանացման համալիր միջոցներ ձեռնարկել: Հարկ է նշել, որ բացի նորածնի արտաքին զննումից և Ապգարի սանդղակով գնահատումից, շնչահեղձուկ կարելի է ախտորոշել արյան թթվահիմնային հավասարակշռության հետազոտությամբ: Գլխուղեղի ՈւՁՀ և նյարդաբանական հետազոտման մեթոդները թույլ կտան որոշել կենտրոնական նյարդային համակարգի վնասումը:

Սուր շնչահեղձուկի բուժումը

Այս պաթոլոգիայով լույս աշխարհ եկած բոլոր նորածինները ինտենսիվ թերապիայի կարիք ունեն: Բժիշկները ծնարանում կկատարեն անհրաժեշտ միջոցառումներ, կհետևեն փոքրիկի կենսագործունեության գլխավոր ցուցանիշներին՝ սրտի հաճախությունը, արտաշնչելու և ներշնչելու խորությունն ու հաճախությունը, հեմատոկրիտային թիվը և այլն: Այդ ցուցանիշներով բժիշկները որոշում են կատարվող միջոցառումների արդյունավետությունը և կարողանում են շտկել դրանք անհրաժեշտության դեպքում:

Նախ և առաջ ծննդաբերության ժամանակ երեխայի գլխի դուրս գալուց հետո բժիշկը հատուկ զոնդ է մտցնում երեխայի քթից, որի օգնությամբ վերին շնչառական ուղիներից դուրս են գալիս լորձն ու պտղաջրերը: Երբ փոքրիկն ամբողջությամբ դուրս է գալիս ծննդաբերական ուղիներից, բժիշկը կտրում է պորտալարը: Փոքրիկին տեղափոխում են վերակենդանացման սեղանի վրա և կատարում են ստամոքսի և քիթըմպանային ուղու կրկնակի ասպիրացիա: Սրտի աշխատանքի և շնչառության վերականգնումից հետո փոքրիկին տեղափոխում են ինտենսիվ թերապիայի պալատ: Այնտեղ անցկացվում են շնչահեղձուկի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներ՝ մարսողական գործընթացների վերականգնում, գլխի այտուցի վերացում, երիկամների ֆունկցիայի կարգավորում և այլն:

Հետագայում այս խնդրով փոքրիկների համար պահանջվում է հատուկ բժշկական խնամք: Նրանց անհրաժեշտ է հանգիստ ապահովել, գլխատակը բարձր պահել: Շատ կարևոր դեր ունի թթվածնային թերապիան: Թեթև շնչահեղձուկից հետո նորածիններին տեղափոխում են թթվածնով հարուստ հատուկ սենյակ: Այնտեղ մնալու ժամանակահատվածը անհատական է որոշվում՝ կախված երեխայի վիճակից: Միջին աստիճանի կամ ծանր շնչահեղձուկով նորածնին տեղափոխում են կուվեզ: Դրանում ապահովում են թթվածին, որը պետք է կազմի մոտ 40%: Որոշ ծննդատներում բացակայում են համապատասխան ապարատները, այդ դեպքում օգտագործում են հատուկ քթային կանյուլա կամ շնչառական դիմակներ: Դրանց միջոցով էլ կատարվում է պտղին թթվածնի մատակարարումը: Անհրաժեշտ է նաև վերահսկել փոքրիկի մարմնի ջերմաստիճանը, աղիների գործունեությունը, դիուրեզը:

Մեղմ կամ միջին ծանրության շնչահեղձուկի դեպքում, փոքրիկի առաջին կերակրումն իրականացվում է ծնունդից 16 ժամ անց, իսկ ծանր շնչահեղձուկի դեպքում նրան կերակրում են մի քանի օր անց՝ հատուկ զոնդի միջոցով: Փոքրիկին դուրս գրելուց հետո անհրաժեշտ է նրան պահել նյարդաբանի և մանկաբույժի հսկողության ներքո: Նրա առողջության վերաբերյալ կանխատեսումները կախված են մի քանի գործոններից՝ պաթոլոգիական վիճակի աստիճանից, ժամանակին սկսված բուժումից և դրա որակից:

Երեխայի կյանքի առաջին տարիներին կարող են դիտվել շնչահեղձուկի այնպիսի հետևանքներ, ինչպիսիք են՝ հիդրոցեֆալային համախտանիշը,  դիէնցեֆալային խանգարումները, ցնցումային համախտանիշը, հիպո կամ հիպերգրգռգվածությունը:

Սրանք մեծամասամբ զարգանում են ծանր շնչահեղձությունից հետո: Այս պաթոլոգիայի լուրջ հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է կիրառել շնչահեղձուկի կանխարգելիչ միջոցներ: Դրանք 40% դեպքերում արդյունավետ են լինում: Անհրաժեշտ է հղիության ընթացքում բացահայտել վտանգավոր գործոնների առկայությունը՝

  • վարակային և սոմատիկ հիվանդություններ (սուր շնչառական հիվանդություններ, գրիպ, մրսածություն), 
  • կնոջ տարիքը,
  • էնդոկրին համակարգի, հորմոնային ֆոնի խանգարումներ,
  • սթրեսային իրավիճակներ, 
  • վնասակար սովորություններ:

Պետք չէ մոռանալ նաև ընկերքի և պտղի ներարգանդային մոնիթորինգի մասին: Դա շատ կարևոր է, քանի որ թույլ է տալիս բացահայտել խանգարումները: Ապագա մայրիկներին խորհուրդ է տրվում ավելի շատ զբոսնել, պահպանել օրվա ռեժիմը, ընդունել վիտամիններ ու հանքային նյութեր, քիչ անհանգստանալ ու լավատեսորեն տրամադրվել: Այդ ամենը կնպաստի պտղի ճիշտ զարգացմանը, կնվազեցնի պաթոլոգիաների առաջացման հավանականությունը: Իսկ եթե այնուամենայնիվ բախվում եք այս խնդրին, վախենալու կարիք չկա, քանի որ ժամանակակից ապարատների շնորհիվ բժիշկները կարողանում են փրկել երեխայի կյանքը:

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…