Ազոոսպերմիան և բեղմնավորման հավանականությունը
Ազոոսպերմիան տղամարդու անպտղության ծանր ձևերից է, որի դեպքում սերմնահեղուկում բացակայում են սերմնաբջիջները, կամ դրանց քանակությունը չնչին է: Տվյալ պաթոլոգիան լուրջ խնդիրներ է առաջացնում կամ առհասարակ անհնար է դարձնում հղիանալը: Տղամարդու անպտղության 2%-ի պատճառը ազոոսպերմիան է: Դրա ախտորոշման ամենագլխավոր դժվարությունն այն է, որ հիվանդության ի հայտ գալուն զուգահեռ սերմնաժայթքում շարունակում է տեղի ունենալ, այդ պատճառով տղամարդը չի կասկածում հիվանդության մասին, և այն բացահայտվում է բացառապես լաբորատոր հետազոտությունների արդյունքում:
Ազոոսպերմիայի տեսակները
Օբստրուկտիվ (արգելակող) բնույթի ազոոսպերմիան առաջանում է, երբ խանգարվում է սերմնատար ուղիների անանցանելիությունը: Այս տեսակի դեպքում տղամարդու սպերմագրամայում հիմնային ֆոսֆոտազան, ֆրուկտոզան և սերմնահեղուկի ծավալը բնական են, բայց սպերմատոգեն բջիջները բացակայում են: Այդ դեպքում ամորձու չափսն ու ձևը փոփոխված չեն լինում, ընդ որում՝ էպիդիդիմիսը (սերմնարանի հավելում), որի պատճառով է առաջանում սերմաբջիջների ելքի խցանումը, մեծացած է լինում և այտուցված: Որոշ հիվանդների սերմնածորանը կարող է առհասարակ բացակայել: Այդ դեպքում սպերմագրամայում սերմնահեղուկի ծավալը նվազում է, pH-ը թթվային է լինում, ֆրուկտոզան բացակայում է: Եթե զննման ընթացքում սերմնածորանները շոշափվում են, ուրեմն խցանումը սերմնաբշտերի շրջանում է:
Բնածին օբստրուկտիվ ազոոսպերմիայի պատճառները ներքին և արտաքին սեռական օրգանների զարգացման խանգարումներն են: Ոչ բնածինի դեպքում այսպիսի պաթոլոգիա կարող է զարգանալ բորբոքման, տարատեսակ վնասվածքների արդյունքում, ինչպես նաև սեռական օրգաններում վիրահատական միջամտությունների հետևանքով:
Ոչ օբստրուկտիվ՝ սեկրետոր (արտազատիչ) ազոոսպերմիա առաջանում է ամորձու ֆունկցիայի խանգարման հետևանքով, որի ժամանակ սերմնաբջիջներ չեն արտադրվում: Այս տեսակի ազոոսպերմիայի դեպքում սերմնատար ուղիների անցանելիությունը խանգարված չէ, բայց ամորձիները մասնակի կամ ամբողջությամբ կորցրել են արտազատիչ ֆունկցիան: Արտաքին զննումը ցույց է տալիս, որ ամորձին չափսերով փոքրացած է: Արտազատիչ ֆունկցիայի կորստի աստիճանը որոշելու համար կատարվում է ամորձու նմուշառում, որը թույլ է տալիս ստանալ նմուշներ ամորձու տարբեր հատվածներից և ուղարկել հիստոլոգիական հետազոտության: Ձեռքբերովի սեկրետոր ազոոսպերմիան առաջանում է այնպիսի հիվանդությունների հետևանքով, ինչպիսիք են ամորձաբորբը, մակամորձու բորբոքումը (էպիդիդիմիտ) կամ վարիկոցելեն, ինչպես նաև առաջանում է քիմիական կամ լուսաթերապիայի հետևանքով:
Գործոններ, որոնք հանգեցնում են ազոոսպերմիայի զարգացման՝
- նախկինում տարած սիֆիլիս,
- քիմիական ազդեցություններ, ճառագայթահարում, ալկոհոլի չարաշահում,
- գենետիկական շեղումներ,
- սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ,
- հորմոնային խանգարումներ (երկրորդային հիպոգոնադիզմ, երբ նվազում է արական գլխավոր հորմոնի՝ տեստաստերոնի արտադրությունը),
- որոշակի դեղորայքի ընդունում, օրինակ՝ հակաբիոտիկների, ստերոիդների, ինչպես նաև օնկոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ կիրառվող դեղամիջոցների,
- հետադարձ սերմնաժայթքում (երբ սերմնահեղուկն առնանդամում հայտնվելու փոխարեն լցվում է միզապարկ):
Ինչպե՞ս է կատարվում ազոոսպերմիայի ախտորոշումը
- Բժշկական զննում: Բժիշկը որոշում է ավելորդ մազակալությունը, քաշի ավելացումը, շոշափում է ամորձին՝ ձևը և չափսերը ստուգելու համար, անցկացնում է շագանակագեղձի և այլ օրգանների ռեկտալ հետազոտություն:
- Արյան լաբորատոր հետազոտություն՝ արյան ընդհանուր, կենսաքիմիական և հորմոնների հետազոտություն:
- Ամորձու նմուշառում: Բարակ ասեղի օգնությամբ բժիշկը փոքր անցք է բացում ամորձապարկի վրա ամորձու հյուսվածքից հետազոտության նմուշ վերցնելու համար: Այն ուղարկվում է լաբորատորիա հիստոլոգիական հետազոտության, որի արդյունքները թույլ են տալիս որոշել, թե արդյոք ամորձին արտադրում է անհրաժեշտ ծավալով և առողջ սերմնահեղուկ:
- Գենետիկական հետազոտություն անոմալ գեների բացահայտման համար, որոնք կարող էին խանգարում առաջացնել տղամարդու վերարտադրողական համակարգում:
- Մագնիսառեզոնանսային շերտագրում (ՄՌՇ), որն անցկացվում է հիպոֆիզի հետազոտության համար անպտղության այլ ձևեր հայտնաբերելու նպատակով:
- Ամորձիների դուպլեքս սկանավորում, որի օգնությամբ որոշվում է ամորձապարկի երակների վիճակը (առավել հաճախ վարիկոցելեյի ախտորոշման նպատակով)։
- Ուլտրաձայնային հետազոտություն, որը կատարվում է տրանսռեկտալ եղանակով ուռուցքային կամ այլ փոփոխությունների հայտնաբերման նպատակով: Այս հետազոտությունը նույնպես կիրառվում է վարիկոցելեյի ախտորոշման ժամանակ:
- Սպերմագրամա, որը սերմնահեղուկի հետազոտությունն է վերարտադրողական ֆունկցիան ստուգելու համար:
- Հետէակուլյացիոն մեզի հետազոտություն, որը թույլ է տալիս որոշել մեզում սերմնաբջիջների առկայությունը: Դա խոսում է սերմնատար ուղիների անանցանելիության կամ սերմնաժայթքման խնդիրների մասին:
Ազոոսպերմիայի բուժումը
Ազոոսպերմիայի բուժումը կախված է դրա առաջացման պատճառներից: Բուժումը կարող է լինել պահպանողական (դեղորայքային թերապիա), երբ սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների բուժման համար նշանակվում են հակաբիոտիկներ, հորմոնային ֆոնի շտկման համար՝ հորմոնային դեղամիջոցներ, կամ օպերատիվ միջամտության տեսքով, որը կիրառվում է վարիկոցելեյի կամ սերմնատար ուղիների անանցանելիության բուժման նպատակով: Ներկայում գոյություն ունեն վիրահատական մի շարք միջոցներ, որոնց նույնպես կարելի է դիմել՝
- TESE (testicular sperm extraction) ամորձուց սերմնաբջիջների էքստրակցիա,
- MESA (microsurgical epididymal sperm aspiration) մակամորձուց սերմի միկրովիրաբուժական ասպիրացիա,
- PESA (percuataneous epididymal sperm aspiration) մակամորձուց սերմի ասպիրացիա մաշկի միջոցով:
Կանխատեսումներ
Ոչ օբստրուկտիվ ազոոսպերմիայի դեպքում տղամարդու սեփական երեխաներ ունենալու հավանականություն գրեթե չկա: Հավանաբար դոնորական սերմնաբջջի կարիք կլինի: Իսկ օբստրուկտիվ տեսակի դեպքում հավանականություն կա, եթե սերմնատար ուղիների անանցնալեիությունը վերակակնգնվի։ Կարող են կիրառվել արհեստական բեղմնավորման միջամտություններ, ինչպիսիք են՝ ԱՄԲ կամ ԱՄԲ ՍՆՑՆ-ով (սերմնաբջիջների ներցիտոպլազմայի ներարկում):