Գալակտորեա՝ կաթնագեղձերից կաթի ակամա արտադրություն

27.02.201511032

Երջանիկ մայրությունը շատերը զուգորդում են կրծքով կերակրման հետ, և շատ քիչ կանայք գիտեն, որ կաթնագեղձերից կաթի արտադրությունը, եթե լակտացիա չէ, ապա առողջական խնդիրների մասին ահազանգ է:

Գալակտորեա՝ կաթի ակամա արտադրություն, կարող են ունենալ ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ ու երեխաները՝ անկախ տարիքից:

Ախտանշանները

Գալակտորեան դժվար է անվանել հիվանդություն, դա թերևս օրգանիզմում առկա հորմոնային անհավասարակշռության դրսևորումն է:

Ախտանշաններից են՝

  • դաշտանային ցիկլի խանգարումները (ամենորեա կամ օլիգոմենորեա),  
  • լիբիդոյի նվազում կամ էրեկտիլ դիսֆունկցիա (տղամարդկանց դեպքում), 
  • գլխացավ, 
  • տեսողության վատթարացում, 
  • կորյակների առաջացում (ակնե), ավելորդ մազերի աճ կրծքերի և կզակի շրջանում:

Առաջացման պատճառները

Գալակտորեա առաջացնում է հիպոֆիզում (մակուղեղ) արտադրվող պրոլակտին հորմոնը: Պրոլակտինի ավելցուկային արտադրությանը կարող են նպաստել ստորև թվարկված բոլոր գործոնները՝

  • դեղամիջոցները՝ հակադեպրեսանտներ, տրանկվիլիզատորներ, թմրադեղային ցավազրկողներ, սեդատիվ (հանգստացնող) դեղեր, hամակցված օրալային հակաբեղմնավորիչներ, ստերոիդային հորմոններ և այլն, 
  • պրոլակտինոմաներ կամ սոմատոտրոպինոմաներ՝ հիպոֆիզում բարորակ գոյացություններ,
  • վահանաձև գեղձի թերֆունկցիա, 
  • մակերիկամային հիվանդությամբ պայմանավորված կորտիզոլի բարձր մակարդակ արյան մեջ, 
  • ձվարանի պոլիկիստոզ, 
  • քրոնիկական լյարդային անբավարարություն, 
  • ողնուղեղի ուռուցքներ և դրանում վիրահատական միջամտություններ,
  • մշակաբույսերի ընդունում, որոնք լակտոգեն հատկություն ունեն, ինչպես՝ սամիթը, անիսոնը և այլն:

Երբեմն նույնիսկ փորձառու բժշկին չի հաջողվում գտնել պաթոլոգիական երևույթի իրական պատճառը, և այդ դեպքերում ախտորոշվում է իդիոպաթիկ (ինքնածին) գալակտորեա (երբ կաթնագեղձերից արտադրությունը տեղի է ունենում արյան մեջ պրոլակտինի բնական մակարդակի պարագայում): Տղամարդկանց դեպքում այս երևույթն առավել հաճախ կապված է լինում տեստոստերոնի անբավարարության հետ:

Գալակտորեան նորածինների դեպքում։ Մոր արյան մեջ պարունակվող հորմոնները հեշտությամբ հաղթահարում են ընկերքային պատնեշը և նպաստում գալակտորեայի առաջացմանը և կաթնագեղձերի կոշտացմանը: Այս իրավիճակը չի պահանջում բժշկական վերահսկում և ինքնաբերաբար վերանում է մի քանի օր անց:

Հիվանդության ախտորոշումը

Ճիշտ ախտորոշման համար կարևոր է բացառել ֆիզիոլոգիական գալակտորեան՝ որոշ կանանց կաթի սեկրեցիան կարող է առաջանալ հղիության առաջին շաբաթներից: Այդ պատճառով պաթոլոգիայի առկայությունը պարզելու կամ բացառելու առաջին մեթոդը հղիության թեստ հանձնելն է:

Այնուհետև բժիշկ-մամոլոգը կկատարի կրծքագեղձի զննում, կհետազոտի արտադրվող հեղուկը, կստուգի կրծքում կոշտուկների և նորագոյացությունների առկայությունը: Այնուհետև կնշանակի հետևյալ հետազոտությունները՝

  • արյան հետազոտություն պրոլակտինի մակարդակը պարզելու համար. դրա բարձր մակարդակի դեպքում լրացուցիչ ստուգում են նաև վահանագեղձի և հիպոֆիզի հորմոնները,
  • կաթնագեղձերի ՈւՁՀ կամ մամոգրաֆիա,
  • գլխուղեղի և ողնուղեղի ՄՌՇ,
  • գանգի ռենտգեն (թուրքական թումբ):

Բուժումը

Բուժումն ուղղված է նախ և առաջ հիվանդության առաջացման պատճառի վերացմանը՝ հորմոնային ֆոնի կարգավորմանը, հիպոֆիզում ուռուցքի վիրահատական եղանակով հեռացմանը կամ դեղորայքային միջոցներով փոքրացմանը: Շատ հաճախ գալակտորեան որքան հանկարծակի սկսվում է, նույնքան հանկարծակի էլ անհետանում է:

Եթե բուժումը բարենպաստ չի լինում, իսկ արտադրությունն անհարմարություն է պատճառում, կա մեկ տարբերակ ևս՝ կաթնածորանների հեռացում:

Մի քանի օգտակար խորհուրդ

Գալակտորեայով հիվանդներին կարող է օգնել հետևյալ կանոնների պահպանումը՝

  • սեռական հարաբերության ժամանակ խուսափել կրծքերի ակտիվ գրգռումից, 
  • չկրել նեղ ներքնազգեստ, 
  • կիրառել կերակրող մայրերի համար նախատեսված կրծքի (կրծքկալի մեջ դրվող) միջադիրներ:

Գալակտորեան այնպիսի հիվանդություն է, որ ցավի փոխարեն առաջացնում է անհարմարություններ: Հավանաբար դա է պատճառը, որ կանայք չեն շտապում դիմել բժշկի՝ հայտնաբերելով կրծքագեղձերից եկող արտադրությունը: Այնինչ, եթե արտադրությունն արյուն է պարունակում կամ ունի դեղին գույն, ապա դա օնկոլոգին անհապաղ դիմելու լուրջ պատճառ է: Այս դեպքում որքան շուտ սկսվի բուժումը, այնքան ավելի արդյունավետ կլինի այն: