Թութք

Թութքն ուղիղ աղիքում զարգացող թութքային հանգույցների վարիկոզ լայնացումն է, որն ուղեկցվում է այնպիսի ախտանշաններով, ինչպիսիք են՝ անհարմարության կամ ցավի զգացողությունները, արյունահոսությունը, թութքային հանգույցների արտանկումը և այլն: Թութքը ամենատարածված հիվանդություններից մեկն է: Ըստ պաշտոնական տվյալների՝ բնակչության 10-15%-ը տառապում է այս հիվանդությամբ: Վիճակագրության համաձայն ավելի շատ հիվանդանում են տղամարդիկ, այնինչ կանայք ավելի հաճախ են դիմում բժշկական օգնության հավանաբար իրենց առողջությանն ավելի ուշադիր հետևելու պատճառով: Բացի տհաճ, անհանգստություն պատճառող զգացողություններից, այս հիվանդությունը վտանգավոր է, քանի որ կարող է բազմաթիվ բարդացումներ առաջացնել՝ մինչև անգամ երկաթի անբավարարությամբ անեմիայի (սակավարյունություն), թրոմբոզի, թութքային հանգույցների արտանկման:
Թութքի զարգացման պատճառները
Սա հետաքրքիր հիվանդություն է, որն առաջացել է որպես ուղղահայաց քայլելու «փոխհատուցում»: Այսպիսի խնդիր կենդանիները չեն ունենում, ոչ՛ կատուները, ոչ՛ էլ շները կամ ձիերը: Այդ բոլոր կենդանիների դեպքում ձգողականության ուժն ազդում է հավասարապես, այդ պատճառով արյունը չի կուտակվում կենդանիների հետևի ոտքերում և աղիների ստորին շրջանում: Իսկ ահա ուղղահայաց քայլելու պատճառով մարդու վրա ձգողականության ուժը մեծացնում է այդ շրջանի անոթների լարվածությունը: Այս հիվանդության առաջացումը մեծապես կախված է մասնագիտությունից և ապրելակերպից: Այդ պատճառով էլ սա համարվում է այն մասնագիտությամբ մարդկանց հիվանդություն, ովքեր ստիպված են երկար ժամանակ նստած լինել, ինչպես՝ վարորդները, ծրագրավորողները, հաշվապահները, ուսուցիչները: Թութքի զարգացմանը նպաստում են երկարատև փորկապությունը, հղիությունը և ծննդաբերությունը, այսինքն՝ իրավիճակներ, երբ տեղի է ունենում ներորովայնային ճնշման խիստ բարձրացում:
Թութքի ախտանշանները
Թութքի ախտանշաններն են՝
- դեֆեկացիայի՝ կղազատման ժամանակ ուղիղ աղիքի արյունային արտադրություն,
- կղանքում արյան հետքեր,
- թութքային հանգույցների արտանկում,
- ցավ և գրգռվածություն հարհետանցքային շրջանում:
Թութքի ախտորոշումը
Թութքի ախտորոշմամբ և բուժմամբ զբաղվում է բժիշկ-պրոկտոլոգը: Կախված հիվանդի գանգատներից և կլինիկական պատկերից՝ անցկացվում են հետևյալ հետազոտությունները՝
- Մատով հետազոտություն, որը կատարվում է բոլոր հիվանդների դեպքում և համարվում է պրոկտոլոգիական հիվանդությունների ախտորոշման գլխավոր մեթոդ։
- Ռեկտոռոմանոսկոպիա՝ ուղիղ աղու և սիգմայաձև աղու ստորին հատվածների հետազոտման ամենատարածված, հստակ և հուսալի մեթոդ: Իրականացվում է ռեկտոռոմանոսկոպի միջոցով:
- Անոսկոպիա՝ հետանցքային ուղու և ուղիղ աղիքի հետազոտություն է անոսկոպիայի միջոցով (ռեկտալային հայելի):
- Կոլոնոսկոպիա՝ հաստ աղու էնդոսկոպիկ հետազոտություն:
- Իրիգոսկոպիա՝ հաստ աղու ռենտգենային հետազոտություն:
- Կոպրոգրամմա՝ կղանքի որակական բաղադրության հետազոտություն, այսինքն՝ չմարսված սննդի մնացորդների, այլ մարմինների կամ լորձի հայտնաբերում:
- Կղանքի հետազոտություն գաղտնի արյան առկայությունը պարզելու համար:
- Արյան հետազոտություն անեմիայի առկայությունը կամ բացակայությունը պարզելու համար (թութքի ժամանակ քրոնիկական արյունահոսությունների պատճառով արյան մեջ կարող է նվազել հեմոգլոբինի մակարդակը և այլն):
Ի՞նչ կարող եք անել դուք
Եթե նկատել եք թութքի ախտանշաններ, փորձեք հնարավորինս շուտ խորհրդակցել պրոկտոլոգի հետ: Պետք չէ հետաձգել բժշկի այցը, քանի որ անվնաս թվալով՝ թութքը կարող է լուրջ բարդություններ առաջացնել: Թութքի բուժման ընթացքում մեծ նշանակություն ունի քրոնիկական փորկապության դեմ պայքարը՝ բջջանյութի մեծ քանակությամբ սննդակարգի (բանջարեղեն, մրգեր, թեփ և այլն) միջոցով, կանոնավոր ֆիզիկական վարժություններ կատարելով և տարատեսակ լուծողական միջոցներ ընդունելով:
Ինպե՞ս կարող է օգնել բժիշկը
Ուղիղ աղու բորբոքվածությունն ու ցավը նվազեցնելու համար կիրառվում են ռեկտալ՝ ուղիղաղիքային մոմիկներ, տարատեսակ գելեր: Այնինչ բուժման գլխավոր մեթոդը վիրահատական միջամտությունն է: Դրա տեսակը կախված է հիվանդության ընթացքի ծանրությունից և արագությունից:
Թութքի բարդացումները
Թութքի ամենավտանգավոր բարդացումը թութքային հանգույցների թրոմբոզն է բորբոքային պրոցեսի ուղեկցությամբ: Այս հիվանդությանը բնորոշ են ցավի կտրուկ սրացումը, դրա քրոնիկական բնույթը, ոչ միայն դեֆեկացիայի այլև քայլելու ընթացքում աաջացած անհարմարությունը: Այսպիսի հիվանդներին շտապ անհրաժետ է հոսպիտալացնել: