Ընկուզեղենը հղիության ընթացքում. օգտագործե՞լ, թե՞ ոչ

Ի՞նչ է լսում կինը, երբ բարեկամներին ու ընկերներին հայտնում է իր հղիության մասին: Ուրախության և շնորհավորանքների բացականչություններից հետո սովորաբար հնչում է «այժմ քեզ պետք է լավ սնվել» արտահայտությունը: Խելամիտ խորհուրդ է: Բայց ի՞նչ է նշանակում այդ «լավ սնվելը»: Անհրաժե՞շտ է արդյոք փոփոխել ամենօրյա սննդակարգը, թե դա կարևոր չէ:
Բնականաբար սննդակարգը պետք է փոփոխության ենթարկվի. չէ՞ որ փոքրիկի առողջությունն անմիջականորեն կախված է մոր սննդակարգից: Որոշ սննդաբաններ խորհուրդ են տալիս ամեն օր ընկուզեղեն օգտագործել, բայց արժե արդյոք հավատարիմ մնալ այդ խորհուրդներին և հղիության ընթացքում ամեն օր ընկուզեղեն օգտագործել: Փորձենք հասկանալ:
Հղիության ընթացքում ընկուզեղենի օգտագործման դրական կողմերը
Ընկուզեղենը (ընկույզ, անտառային ընկույզ՝ պնդուկ, հունական ընկույզ, հնդկական ընկույզ, գետնանուշ, նուշ, պիստակ) պարունակում է մեծ քանակությամբ ածխաջրեր, սննդային մանրաթել, միկրոտարրեր և մակրոտարրեր (կալիում, երկաթ, պղինձ, մագնեզիում, կալցիում, ցինկ, ֆոսֆոր և այլն) վիտամիններ (A, B, C, D, E և այլն):
Բացի այդ ընկուզեղենը կազմված է եզակի ամինաթթուներից և բուսական սպիտակուցներից, որոնց առատության շնորհիվ անգամ կարող են փոխարինել մսին: Ընկուզեղենում պարունակվող օգտակար նյութերը կօգնեն պահպանել ապագա մոր և երեխայի առողջությունը: Ընկուզեղենի կիրառման հիմնական դրական կողմերն են՝
- բարձր կալորիականություն,
- էներգետիկորեն հարուստ սնունդ,
- սրտանոթային հիվանդությունների և աթերոսկլորոզի զարգացման ռիսկերի նվազում,
- մեծ քանակությամբ վիտամիններ, մակրոտարրեր և միկրոտարրեր,
- կենտրոնական նյարդային համակարգի տոնուսը բարձրացնելու հատկություն,
- գլխուղեղի ֆունկցիայի կարգավորում,
- ճարպափոխանակության կարգավորում, բնականոն քաշի պահպանում,
- տրամադրությունը բարձրացնող հատկություն,
- ապագա երեխայի ոսկրերի և մկանների աճի համար կարևոր նյութեր:
Հղիության ընթացքում ընկուզեղենի օգտագործման բացասական կողմերը
Անհրաժեշտ է հիշել, որ, չնայած իր օգտակար հատկություններին, ընկուզեղեն հղիության ընթացքում անհրաժեշտ է օգտագործել զգուշորեն: Գոյություն ունեն մի շարք հակացուցումներ: Ներկայացնենք ընկուզեղենի հիմնական բացասական կողմերը:
- Օրգանիզմը վատ է յուրացնում: Ըստ ԱՀԿ-ի՝ հղի կանանց թույլատրվում է օգտագործել օրական առավելագույնը 25-30 գրամ ընկուզեղեն: Անհրաժեշտ է այն մանրակրկիտ կերպով ծամել կամ մանրացնել ուտելուց առաջ: Պետք է ընկույզը ջրում թրջել, որպեսզի օրգանիզմն այն ավելի լավ մարսի: Սննդաբանները խորհուրդ են տալիս ընկուզեղենը համադրել չրեղենի կամ թարմ, մատղաշ կանաչեղենի հետ:
- Գրգռում են ստամոքսաղիքային տրակտը: Ընկուզեղենը պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ, որը նպաստում է աղիների աշխատանքի արագացմանը: Եթե հղի կինը տառապում է ստամոքսաղիքային տրակտի հիվանդությամբ, ապա անհրաժեշտ է սննդակարգից հանել ընկուզեղենը կամ ուտել օրական ընդամենը 5-7 գրամ:
- Ուժեղ ալերգածիններ են: Ընկուզեղենում առկա սպիտակուցի մեծ քանակությունը և՛ առավելություն է, և՛ թերություն: Վատն այն է, որ ընկուզեղենը ոչ միայն հրահրում է ալերգիկ ռեակցիաներ մոր օրգանիզմում, այլև կարող է ալերգիայի հանդեպ նախատրամադրվածություն առաջացնել նաև ապագա փոքրիկի օրգանիզմում: Պետք է ուշադիր լինել հղիության հատկապես երկրորդ և երրորդ եռամսյակներում: Ամենօրյա սննդից բացառեք ընկուզեղենը և շաբաթվա ընթացքում օգտագործեք 1-2 միջուկ: Եթե նախքան հղիությունն ունեցել եք ալերգիկ ռեակցիա ընկուզեղենից, միանշանակ անհրաժեշտ է այն հանել սննդակարգից: Եթե ոչ՝ ամեն դեպքում շտապել պետք չէ: Սկսեք ընկուզեղեն օգտագործել աստիճանաբար՝ օրական սկսած մեկ կամ կես միջուկից ամբողջ շաբաթվա ընթացքում: Այդ ընթացքում օրգանիզմում կկուտակվեն բավարար քանակությամբ ալերգեններ: Հետևեք ձեր ինքնազգացողությանը. եթե ալերգիկ ռեակցիաներ չառաջանան, կարող եք ավելացնել ընկույզի քանակը:
Ընկուզեղենի ո՞ր տեսակն ընտրել հղի կնոջ համար
Ընդհանուր առմամբ գոյություն ունի ընկուզեղենի մոտ 150 տեսակ: Ինչպե՞ս ապագա մայրիկն ընտրի այն տեսակը, որն օգտակար կլինի իր համար: Ահա մի քանի փաստ, որ կօգնեն ձեզ ընտրության հարցում:
- Գետնանուշը և մայրի ծառի ընկույզն ամենամեծ ալերգածին հատկությամբ ընկույզներն են:
- Գետնանուշը կարող է առաջացնել անաֆիլակտիկ շոկ և Քվինքեյի (նևրոտիկ) այտուց, այդ պատճառով ավելի լավ է այս տեսակի ընկույզը հղիության ժամանակ օգտագործել նվազագույն քանակությամբ կամ առհասարակ հրաժարվել դրանից:
- Հունական ընկույզը՝ այսպես կոչված «կյանքի ծառի» պտուղը, սննդաբանների համոզմամբ ամենաօգտակար ընկույզն է:
- Մոր կամ պտղի քաշի պակասի, պտղի ցածր ակտիվության, մոր ուժեղ հոգնածության դեպքում կօգնի մայրի ծառի ընկույզը:
- Հեմոգլոբինի բարձրացմանը նպաստում են պնդուկը, հունական ընկույզը և նուշը:
- Դիմադրողականության բարձրացման և օրգանիզմում նյութափոխանակության գործընթացների բարելավման համար խորհուրդ է տրվում օգտագործել հունական ընկույզ, քեշյու (հնդկական ընկույզ), նուշ, պնդուկ:
- Հունական ընկույզը, քեշյուն (հնդկական ընկույզ), նուշը և պիստակն ամրացնում են սրտամկանը, կայունացնում են արյան ճնշումը, բարենպաստ ազդեցություն ունենում գլխուղեղի աշխատանքի վրա:
Հիշեք, որ խանութներում վաճառվող ընկուզեղենի ոչ բոլոր տեսակներն է անհրաժեշտ օգտագործել սննդի մեջ: Եթե ընկուզեղենը պահվում է բարձր խոնավության պայմաններում, այն հեշտությամբ բորբոսնում է, որի արդյունքում էլ առաջանում են միկոթույներ՝ առողջության համար վտանգավոր նյութեր: Ուստի եղեք խիստ ուշադիր ընկուզեղեն ընտրելու հարցում:
Հղի կանանց համար ընկուզեղենի օգտակարությունը որոշվում է ապագա մոր օրգանիզմի առանձնահատկությունները հաշվի առնելով և բժշկի հետ խորհրդակցելով: Չնայած իր մեջ պարունակվող օգտակար նյութերին, ընկուզեղենը հղիության ընթացքում անհրաժեշտ է զգուշորեն օգտագործել: Հղիության ընթացքում ցանկացած սնունդ օգտագործելիս լսեք ձեր օրգանիզմին և ապագա փոքրիկին: Այդ կերպ կկարողանաք կազմել հենց ձեզ համապատասխանող առողջ և օգտակար սննդակարգը: