Կալցիումը հղիության ընթացքում

Ինչի՞ է հանգեցնում կալցիումի պակասը հղիության ընթացքում
Կալցիումի հիմնական պաշարը կենտրոնացած է ոսկորներում և ատամներում: Եթե հղի կինը չի ստանում այս տարրի անհրաժեշտ քանակությունը, ապա երեխայի զարգացման համար պահանջվող կալցիումն սկսվում է սպառվել մոր օրգանիզմի հիմնական պահուստներից: Փաստորեն այդ պարագայում երեխան կալցիումն ստանում է մոր ոսկորների և ատամների առողջության հաշվին: Սա կարող է հանգեցնել այնպիսի լուրջ խնդիրների, ինչպիսիք են օստեոպորոզը (ոսկորներում կալցիումի պակաս) և ատամների քայքայումը:
Որքա՞ն կալցիում է հարկավոր հղի կնոջը
Հղի կնոջն օրական անհրաժեշտ է 1.000-1.300մգ կալցիում:
Ո՞ր մթերքներն են կալցիում պարունակում
Մեծ քանակությամբ կալցիում են պարունակում՝ կաթնամթերքը, սպանախը, բրոկոլին, պահածոյացված ձուկը: Մեկ բաժակ կաթը պարունակում է 290-320 մգ կալցիում, կաթնաշոռը (100գր)՝ 95 մգ, կեֆիրը (100գր)՝ 267 մգ, պանրի պինդ տեսակները (50 գր)՝ մինչև 370 մգ, պաղպաղակը (125 մլ)՝ 100 մգ, կաղամբը (100գր)՝ 210 մգ:
Մի շարք մթերքներում կալցիումի քանակը փոփոխական է՝ կախված արտադրողից: Հստակ տեղեկանալու համար ուշադիր կարդացեք պիտակը:
Ի՞նչ ուտել կալցիումի մակարդակը պահպանելու համար
Որպեսզի կալցիումի պաշարը չսպառվի, պետք է օրվա ընթացքում 3-4 անգամ ուտել (խմել) հետևյալ մթերքները.
- Կաթ (250մլ)
- Հավի ձու
- Յոգուրտ (125 մլ)
- Պաստերիզացված պանիր (40 մլ)
- Սպիտակ լոբի (125 մլ)
- Սաղմոն (85 գր)
Կարող եք ներառել կալցիումով հարուստ նաև այլ մթերքներ:
Ինչ է պետք, որպեսզի կալցիումը յուրացվի սննդի միջից
Աղիներում կալցիումի ներծծումը և դրա օգտագործումն օրգանիզմում հնարավոր է միայն D վիտամինի բավարար քանակության պարագայում: Այս վիտամինի նորմալ մակարդակը պահպանելու համար բավարար է արևոտ եղանակին օրական 15-30 րոպե զբոսանելը:
Մեկանգամյա սնունդով ձեր օրգանիզմը չի կարող 500 մգ-ից ավել կալցիում յուրացնել: Պետք չէ ձգտել կալցիումի օրական չափաբաժինն ստանալ մեկ անգամից: Կալցիում պարունակող մթերքներն օգտագործեք փոքրիկ չափաբաժիններով, օրը մի քանի անգամ:
Պե՞տք է հավելյալ կալցիում ընդունել (ըմպելի կամ հաբերի տեսքով)
Ոչ, եթե սննդի միջոցով ստանում եք անհրաժեշտ քանակությունը և այդ տարրի անբավարարության ախտանշաններ չունեք: Կալցիումի ավելորդ քանակը կարող է հանգեցնել փորկապության և երիկամներում քարերի առաջացման:
Այո, եթե սննդի միջոցով չեք ստանում անհրաժեշտ քանակությունը (օրինակ, եթե չեք կարողանում կաթնամթերք օգտագործել), եթե արյան հետազոտությունը կալցիումի մակարդակի նվազում ցույց տա կամ բժիշկը կալցիումի անբավարարության ախտանշաններ նկատի:
Հղիության ընթացքում կալցիումի պակասի ախտանշանները
- Ցավ մեջքի և պարանոցի շրջանում
- Ջղաձգումներ մկաններում
- Ձեռքերի կամ ոտքերի ընդարմացում
- Ատամների քայքայում
- Սրտխփոց
- Թուլություն
Կալցիումի բնականոն քանակը հղիության ընթացքում
Հղի կանանց արյան մեջ կալցիումի բնականոն քանակը 2.15-2.5 մմոլ/լ է: Եթե նշվածից ցածր է, ապա հարկավոր է հավելյալ կալցիում ընդունել:
Կալցիում պարունակող ի՞նչ դեղամիջոցներ է կարելի ընդունել հղիության ընթացքում
Կալցիումը հասանելի է երեք ձևով՝ կալցիումի կարբոնատ (Կալցիում Д3 Նիկոմեդ, Կոմպլիվիտ կալցիում Д3), կալցիումի ցիտրատ (Կալցեմին) կամ կալցիումի գլյուկոնատ: Օրգանիզմը կալցիումի ցիտրատն ավելի լավ և արագ է յուրացնում, քան կալցիումի կարբոնատը: Կալցիումի մի շարք պատրաստուկներ վիտամին D են պարունակում, ինչն օգնում է, որ կալցիումն ավելի լավ յուրացվի:
Ուշադրություն: Տեսակը, դեղաչափը և ընդունման տևողությունը որոշում է բժիշկը: