Գլխացավը հղիության ընթացքում

Ապագա մայրերից յուրաքանչյուր յոթերորդը բախվում է այս խնդրին, սակայն հղիության ընթացքում կինն այլևս չի կարող նախկինի պես ցավազրկող հաբ ընդունել և մոռանալ ամեն բան: Բոլորին է հայտնի, որ որոշ դեղամիջոցներ կարող են բացասաբար անդրադառնալ հղիության բնականոն ընթացքի և երեխայի զարգացման վրա: Ինչպե՞ս վարվել այս պարագայում:
- Գլխացավի պատճառները բազմաթիվ են ու բազմազան, և միայն բժիշկն է կարող որոշել, թե ձեր դեպքում ինչն է հարուցել այն:
- Գլխացավի այնպիսի տեսակներ կան, որոնցից հղիության ընթացքում հնարավոր է և պետք է ազատվել առանց դեղամիջոցների:
- Եթե գլխացավն ուղեկցվում է արյան բարձր ճնշմամբ, ապա պետք է անհապաղ դիմել բժշկի:
Որո՞նք են հղիության ընթացքում գլխացավի առաջացման պատճառները
Որոշ կանայք հղիության ընթացքում ավելի հաճախ են գլխացավ ունենում, իսկ ոմանց դեպքում էլ այդ տհաճ զգացողությունները դադարում են անհանգստացնել: Դա պայմանավորված է այն հանագամանքով, որ հղիության ընթացքում ձվազատում և դաշտան չի կատարվում, ինչն էլ հաճախ դառնում է գլխացավի պատճառ:
Հղիության ընթացքում գլխացավի առաջացման պատճառները շատ են: Առաջին տեղում ապագա մոր օրգանիզմում կատարվող հորմոնային փոփոխություններն են:
Ցավը հաճախ անհանգսացնում է այն կանանց, ովքեր ի սկզբանե հիպոտոնիայի՝ արյան ցածր ճնշման, հակվածություն են ունեցել: Հնարավոր է, որ խնդիրներն ի հայտ գան արդեն իսկ առաջին եռամսյակում տոկսիկոզի ֆոնի վրա:
Հիպերտոնիան՝ արյան բարձր ճնշումը, ևս տհաճ զգացողությունների առաջացման պատճառներից է, որը սովորաբար նկատվում է երրորդ եռամսյակում: Այս պարագայում ցավը կարող է մի վտանգավոր բարդության՝ գեստոզի ախտանշան լինել, ինչն սպառնում է ինչպես կնոջ, այնպես էլ փոքրիկի առողջությանը:
Շատ հաճախ խնդիրները կարող են ի հայտ գալ քաղցից կամ սխալ սնվելու հետևանքով: Այս դեպքերում բժիշկներն ապագա մայրերին խորհուրդ են տալիս սննդակարգից բացառել շոկոլադը, ընդեղենը, ցիտրուսային մրգերը, կծու ուտեստները, թեյը, սուրճը, նրբերշիկը, պանիրը, քանի որ այս մթերքները կարող են ազդել անոթների տոնուսի վրա: Բացի այս պետք է հաճախ սնվել և փոքր չափաբաժիններով:
Սովորաբար գլխացավ ունենում են աշխատող հղի կանայք, հատկապես նրանք, ովքեր ստիպված են երկար ժամանակ անցկացնել անհարմար պայմաններում և դիրքում, օրինակ՝ համակարգչի առջև նստած: Այս պարագայում խնդիրները կհարուցվեն պարանոցի մկանների լարվածությամբ:
Եթե գլխացավի պատճառը միգրենն է, ապա ուղեկցվում է նաև այլ ախտանշաններով՝ տեսողության խանգարմամբ, սրտխառնոցով և փսխումով: Խնդիրները կարող են ի հայտ գալ օստեոխոնդրոզի հետևանքով, երբ անոթների սպազմը հանգեցնում է կնոջ ուղեղին մատակարարվող թթվածնի քանակի նվազման:
Ինչպե՞ս վարվել գլխացավի դեպքում
Հղիության ընթացքում գլխացավի առկայությունը բժշկական խորհրդատվություն է պահանջում: Միայն մասնագետն է կարող կնոջը ցավազրկող միջոցներ նշանակել, հատկապես մինչև 16 շաբաթական հղիությունը, հիմնականում թույլատրվում է պարացետամոլ դեղորայքը: Հաճախ, սակայն, ապագա մայրերն ազատվում են գլխացավից և տհաճ զգացողություններից՝ կարգավորելով քնի ռեժիմը, ճիշտ սննդակարգը և հանգիստը կազմակերպելով:
Հաճախ կանանց շրջանում հանդիպում է լարվածության գլխացավ, ինչն առաջանում է հոգնածությունից և սթրեսից՝ գլուխը ճնշող սաղավարտի նմանվելով: Այս դեպքում պատճառը պարանոցի մկանների լարվածությունն է:
Հղիության ընթացքում այսպիսի վիճակը նախընտրելի է մեղմել առանց դեղամիջոցների օգնության: Ավելի լավ է պառկել հանգստանալու, լարվածությունը մեղմող մերսում կատարել պարանոցի և քունքերի շրջանում, ջեռակ դնել պարանոցին կամ էլ սառը թրջոց ճակատին:
Եթե ձեզ անհանգստացնում է գլխի որևէ հատվածի մշտական ցավը, որն ուղեկցվում է նաև այլ ախտանշաններով (լսողության, տեսողության վատթարացում, արյան ճնշման բարձրացում և այլն), շտապօգնություն կանչեք: Հնարավոր է, որ այս վիճակը գեստոզի զարգացման նշան լինի և այլն: