Քինոա․ օգտակար և վնասակար հատկությունները

05.12.20191351

Քինոայի հատիկները նման են հնդկաձավարի հատիկներին, սակայն տարբերվում են գույնով․ տեսակից կախված՝ լինում են մարմնագույն, սև և կարմիր։ Հնարավոր է գտնել նաև Երևանի սուպերմարկետներում։

Քինոան բուսական սպիտակուցների շտեմարան է, ընդ որում՝ այն ավելի շատ սպիտակուց է պարունակում, քան հնդկաձավարը և ցորենը։ Այդ պատճառով այն պարզապես անփոխարինելի սնդամթերք է հղի կանանց, երեխաների, մարզիկների և ֆիզիկական կամ մտավոր ծանր աշխատանք կատարող մարդկանց համար։

Պարունակում է արժեքավոր բոլոր ամինաթթուները՝ արգինին, վալին, իզոլեյցին, հիստիդին, լիզին, լեյցին, մեթիոնին, տրիպտոֆան, տրեոնին, ֆենիլալանին և այլն։ Լիզինի պարունակության շնորհիվ օրգանիզմն ավելիլավ է յուրացնում կալցիումը, իսկ վնասված հյուսվածքներն ավելի արագ ու արդյունավետ են ապաքինվում։

Պարունակում է նաև փոխարինելի ամինաթթուներ՝ ալանին, ասպարգինաթթու, գլիցին, սերին, պրոլին, ցիստեին, թիրոզին և այլն, ինչպես նաև ճարպեր, ածխաջրեր, հանքանյութեր, բջջանյութ, B խմբի վիտամիններ, ֆոլատներ։

Ֆիտինաթթվի պարունակության շնորհիվ այն օգնում է օրգանիզմն ազատել խոլեստերինից, թունավոր նյութերից և խարաններից։

Օգտակար հատկությունները

Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտի և սրտանոթային համակարգի վրա, մեղմում է անոթների լարվածությունը։ Օգնում է ազատվել միգրենից։

Մշտապես օգտագործելու դեպքում քինոնա օգնում է ամրացնել ոսկորները, ազատել տարատեսակ հիվանդություններից, օրինակ՝ արթրիտից, նվազեցնում է շաքարի մակարդակը, կանխում սրտանոթային հիվանդությունների, անեմիայի առաջացումը։

Խորհուրդ է տրվում ուտել հղի և կրծքով կերակրող կանանց, սակայն վերջինիս դեպքում հարկավոր է ուշադիր լինել երեխայի ռեակցիաների հանդեպ։ Ընդհանուր առմամբ առողջությունն ամրացնելու հրաշալի սննդանյութ է։

Վնասակար հատկությունները

Երիկամների խնդիրներ և հոդատապ ունեցող մարդիկ պետք է նախ խորհրդակցեն բժշկի հետ։