Սալորաչիր․ օգտակար և վնասակար հատկությունները

22.11.20191590

Սալորաչիրը հարուստ է վիտամիններով (E, բետա-կարոտին, PP, C և B վիտամիններ), միկրոէլեմենտներով (երկաթ, կալիում, կալցիում, նատրիում, մագնեզիում, ֆոսֆոր, կոբալտ, յոդ, ցինկ, ֆտոր, մանգան, պղինձ) և այլ օգտակար նյութերով (շաքար, մանրաթել, պեկտիններ, օրգանական թթուներ, օսլա, ածխաջրեր, սպիտակուցներ):

Այն բարձրացնում է անոթների պատերի առաձգականությունը, ինչը լավ է ազդում ամբողջ սիրտ-անոթային համակարգի աշխատանքի վրա։ Սալորաչիրն ունի թարմացնող հատկություն, վերականգնում է աշխատունակությունը և լավացնում օրգանիզմի ընդհանուր վիճակը։

Այն ունի նաև կոսմետիկ ազդեցություն, լավացնում է մաշկի վիճակն ու արտաքին տեսքը։ Սալորաչիրը հարուստ է կալիումով, ինչը, ինչպես հայտնի է, անհրաժեշտ է միզաքարային հիվանդությունների դեպքում, մասնակցում է նյարդային ազդակների փոխանցմանը, մկանների կծկմանը, սիրտանոթային ակտիվությանը և այլն։

Սալորաչիրը բարձրացնում է իմունիտետը և օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը։ Կարևոր է իմանալ, որ այն կլանում է ազատ ռադիկալները, որոնք քայքայում են օրգանիզմը։

Այն ունի նաև երիտասարդացնող հատկություն, օգտակար է օնկոլոգիական հիվանդությունների դեպքում։ Իր մեջ եղած B վիտամինի շնորհիվ հանգստացնում է մարդու նյարդային համակարգը, հանում նյարդայնությունն ու տագնապը։

Այն արժևորվում է նաև որպես ճնշումը կարգավորող միջոց, և պատահական չէ, որ հիպերտոնիկ հիվանդություն ունեցողներին հաճախ նշանակում են սալորաչրով սննդակարգ։

Սալորաչիրը լայնորեն օգտագործում են ստամոքսի, լյարդի, երիկամների, աղիների որոշ հիվանդությունների, փորկապության դեպքում, ինչպես նաև ախորժակը բարձրացնելու համար:

Սալորաչիրը շատ օգտակար է վիտամինային անբավարարվածության դեպքում։ Բավականին հաճախ սալորաչիր են նշանակում երկաթ պակասորդային սակավարյունության դեպքում, ինչպես նաև օրգանիզմում կալցիումի քանակը վերականգնելու նպատակով։

Այն վերականգնում է օրգանիզմի էներգետիկ հավասրակշռությունը։ Չնայած այն տարածված կարծիքին, որ բանանը շատ միկրոէլեմենտներ է պարունակում՝ սալորաչրում դրանք մեկ ու կես անգամ ավելի շատ են։

Հակացուցումները

Սալորաչիրը, ինչպես ցանկացած այլ մթերք, ևս որոշակի դեպքերում կարող է ունենալ բացասական ազդեցություն։ Այն հակացուցված է շաքարային դիաբետով կամ ճարպակալությամբ տառապող մարդկանց։ Խորհուրդ չի տրվում երիկամային քարերի դեպքում, ինչպես նաև կերակրող մայրերին, քանի որ կարող է երեխայի մոտ ալերգիկ ռեակցիա կամ փքվածություն առաջացնել։