Հանքային ջրի օգտակարությունն ու վնասակարությունը հղիության ընթացքում

12.04.201714591

Հանքային նյութերով հարուստ ջուրը փոխարինում է վիտամինների և անգամ որոշ դեղամիջոցների ընդունմանը։ Իզուր չէ, որ դեռևս հին ժամանակներից ի վեր հիվանդներին ուղղորդում են ջրաբուժության։ Հանքային ջուրը դասակարգվում է հետևյալ կերպ՝ բուժիչ, բուժիչ-սեղանի և սեղանի։ Տարբերությունն աղերի և միկրոտարրերի պարունակությունն է։

Կարդացեք՝ Ըմպելիքները հղիության ընթացքում

Սեղանի հանքային ջուր

Սեղանի ջրի միներալիզացիան 1գր/լ է, բուժիչ ջրինը՝ 10 գր/լ։ Սեղանի ջուրը նախատեսված է ամենօրյա օգտագործման համար, առանց բժշկական ցուցման։

Բուժիչ, բուժիչ-սեղանի հանքային ջուր

Հանքային ջուրը բուժման օժանդակ միջոց է մի շարք հիվադությունների դեպքում, օրինակ՝ ստամոքսաղիքային հիվանդություններ, լյարդի, միզասեռական համակարգի հիվանդությունների, դիաբետի, ճարպակալման և այլնի։ Ըստ քիմիական բաղադրության՝ հանքային ջուրը բաժանում են վեց դասի։

Օրինակ՝ մագնիումի պարունակությամբ ջուրը բարենպաստ ազդեցություն է թողնում նյարդային համակարգի վրա, սուլֆատներով հարուստ ջուրը նպաստում է լյարդի և աղիների բուժմանը, սակայն արգելվում է երեխաներին, իսկ հիդրոկարբոնատային ջուրն գտագործում են միզաքարային հիվանդությունների ժամանակ և այլն։

Կարդացեք՝ Ինչպես վարժվել ջուր խմելուն

Կարևորը հանքային ջրի ընտրությունն է ըստ դրա քիմիական բաղադրության, ինչպես նաև չափաքանակի և ժամանակահատվածի որոշումը։ Հանքային ջրերի ընտրության հարցում հղի կանայք պետք է խորհրդակցեն բժշկի հետ։

Սուր, քրոնիկական հիվանդությունների բացակայության դեպքում բուժիչ և բուժիչ-սեղանի ջրի օգտագործումը կանխարգելիչ նպատակներով թույլատրելի է (փոքր քանակությամբ)։

Կարևոր փաստեր

Ջրում առկա հանքանյութերն ու հանքային տարրերը սխալ պահպանման և տեղափոխման պատճառով կորցնում են իրենց բուժիչ հատկանիշները։ Ուստի դրա օգտակարությունն ու որակը չափազանցված է։ Բազմաթիվ արտադրողներ ջուրն արհեստականորեն հարստացնում են հանքանյութերով և աղերով։ Վնասակար չէ, բայց օգտակարության մասին խոսելն էլ դժվար է։

Գազավորված հանքային ջուր

Հանքանյութերի և աղերի պահպանման նպատակով այն երբեմն գազավորում են ածխաթթու գազով։ Բոլորը գիտեն, որ ածխաթթուն լավ չի անդրադառնում մարսողական համակարգի վրա, բայց, այնուամենայնիվ, գազավորումը ուժգնացնում է քլորանատրիումային ջրի բուժիչ ազդեցությունը։

Կարդացեք՝ Գազավորված ըմպելիքները հղիության ընթացքում

Գազը հեռացնելու համար հարկավոր մի փոքր տաքացնել ջուրը։ Հղի կանայք նույնպես կարող են գազավորված հանքային ջուր խմել, բայց ոչ հաճախ։ Ամեն բան օգտակար է չափավոր օգտագործման դեպքում միայն։