Անպտղության հոգեբանական պատճառները

15.07.201614971

Հոգեսոմատիկան (հուն․փսիխո՝ հոգի, սոմա՝ մարմին) բժշկության և հոգեբանության ճյուղերից է, որի համաձայն գրեթե բոլոր հիվանդությունների հիմքում ընկած են հոգեբանական գործոններ։ Տեսնենք, թե հոգեբանական չգիտակցված ինչ պատճառներ են հաճախ ընկած լինում կնոջ անպտղության հիմքում։

1. Վախ հղիությունից, ծննդաբերությունից, մահացու ելքից

Մի ժամանակ, գուցե մանկության շրջանում, փոքրիկ աղջիկը մորից կամ տատիկից լսել է, թե ինչ ծանր է ընթացել նրանց հղիությունը, ինչ բարդություններ են առաջացել, ինչ ցավոտ է անցել ծննդաբերությունը։ Այդ հանգամանքն այնքան է վախեցրել երեխային, որ նա ինքն իր առջև արգելք է դրել՝ երբեք չհղիանալ։

2. Վախ հիվանդ, մահացած, արատով երեխա լույս աշխարհ բերելուց, վիժելուց

Ինչպես և նախորդ կետում, երեխան լսել է հիվանդ կամ բնածին արատներով երեխայի ծնվելու մասին և այնքան է տպավորվել, որ անգիտակցորեն որոշել է խուսափել հղիությունից։

3. Տվյալ տղամարդուց երեխա ունենալու ցանկություն

Երբ կինն ամուսնանում է ոչ թե սիրելով, այլ միայն այն պատճառով, որ «արդեն ժամանակն է» կամ որովհետև տղամարդը լավն է, երբ գիտակցական մակարդակում նա ընդհանուր առմամբ գոհ է ամուսնուց, սակայն անգիտակցորեն նրանում չի տեսնում իր երեխայի հորը։ Մեկ այլ դեպքում էլ ընտանեկան խնդիրներ կան, լարված հարաբերություններ ամուսնու հետ, անապահովության զգացում նրա կողքին։

4․ Վախ որպես մայր չկայանալուց, վախ պատասխանատվությունից

Երեխան մեծ պատասխանատվություն է ենթադրում, նրան պետք է խնամել, նա սիրո և ջերմության կարիք ունի։ Եթե կինը ներքուստ զգում է, որ պատրաստ չէ, վախենում է պատասխանատվություն վերցնել փոքրիկ երեխայի համար, ապա այդ հանգամանքը կարող է պատնեշ դառնալ հղիության համար։

5․Ֆինանսկական անկայունություն

Ոչ միայն ֆինանսական անկայունությունը, այլև առհասարակ անկայունությունը երկրում, ճգնաժամը, շարունակական տեղափոխությունները, կենցաղային դժվարությունները նույնպես կարող են անբարենպաստ արտաքին պայմաններում երեխա չունենալու ցանկություն առաջացնել և անգիտակցորեն արգելել հղիանալը։

6․ Սեփական անձը չընդունելը

Եթե ծնողներն արու զավակ են ցանկացել, սակայն ծնվել է աղջիկ, նրան դաստիարակել են որպես տղայի (հայրը նրա հետ ձկնորսության է գնացել, մեքենա վերանորոգել, զայրացել լաց լինելու համար և այլն), ապա ապագայում այդ աղջիկը կարող է անգիտակցորեն իր հղիությանը վերաբերվել որպես իր ծնողների կամքին հակառակ աղջիկ լինելու ապացույց։ Կամ էլ երբ նա ամուսնացած է և ընտանիքի «գլուխն» է, ստանձնել է տղամարդ-հայթայթողի, հիմնական ապրուստը հոգացողի դերը և չի ընդունում իր կին լինելը։

7․Վախ անօգնական լինելուց

Կինը վախենում է, որ երեխայի ծնվելուց հետո կդառնա ամուսնուց կախված, չի կարողանա աշխատել, իրեն ժամանակ տրամադրել, վախենում է, որ մենակ կմնա այդ անօգնական վիճակում։

8․ Վախ կազմվածքը, գեղեցկությունը կորցնելուց

Ուշադրության կենտրոնում լինելուն սովոր գեղեցիկ կազմվածքով աղջիկը կարող է վախենալ հղիության ընթացքում և դրանից հետո իր մարմնի նրբագեղությունը կորցնելուց, ստրիաներից, գիրանալուց, կրծքի ձևը կորցնելուց։

9․ Հոգեբանական տրավմաներ

Հաճախ կինը չի ցանկանում երեխա ունենալ, որովհետև իր մանկությունն այնքան վատ է անցել, այնքան ցավ ու տառապանք է զգացել, որ նույնը չի ցանկանում իր երեխային։ Մանկությունն ընկալվում է որպես անօգնականության, անզորության, ցավի, տառապանքի շրջան, և կինն անգիտակցորեն ձգտում է իր պոտենցիալ երեխային զերծ պահել այդ դաժան ապրումներից։ Պատահում է, որ այդպիսի մանկություն տեսած կինն իր մեջ ուժ չի գտնում դաստիարակելու, երեխային խնամելու, նրա հանդեպ քնքուշ ու համբերատար լինելու համար։

10․Բացասական ներշնչանք

Աղջնակը գուցե լսել է, որ հղի կանայք էգոիստներ են կամ գեր ու տգեղ, անհավասարակշիռ կանայք։ Կարող է ինքնուրույն հանգել որոշ դիրքորոշումների (օրինակ այն բանից հետո, երբ իրեն ասել են, թե կինը ձմերուկ է կուլ տվել)։ Հղիությունը զուգորդվում է ինչ-որ տհաճ, անհարիր, սխալ, անբնական բանի հետ։

11․ Ամոթ, մեղավոր լինելու զգացում

Հնարավոր է, որ սեռական ակտն ինքնին ընկալվում է որպես ամոթալի, մեղսալի մի երևույթ։ Երբ ծնողները մանկության, դեռահասության շրջանում չափն անցել են սեռական դաստիարակության, «բարոյականության» ընկալման հարցում, հղիությունը զուգորդվում է նախկին արգելքների խախտման հետ։

12. Զայրույթ մոր հանդեպ

Երբ «մայր» բառը զուգորդվում է վիրավորանքի, բռնակալության, վերահսկողության հետ։ Ատելության, զզվանքի զգացումը, մոր հանդեպ քննադատությունն այդ դերում հայտնվելու արգելք են դառնում։

13. Առանց երեխաների ապրելակերպի երկրորդային շահ

Սովորական ապրելակերպը փոխելու, օրն ըստ երեխայի կարիքների պլանավորելուն պատրաստ չլինելու զգացում, վախ ազատությունը, անկախությունը, ինքնուրույնությունը կորցնելուց։

14. Երեխա ունենալու բուռն ցանկություն

Երբեմն պատահում է, որ ամուսնությունից հետո կնոջ ամբողջ ուշադրությունը սևեռվում է որքան հնարավոր է շուտ երեխա ունենալու գաղափարի վրա։ Այդ նույնպես խոչընդոտում է հղիանալուն։

Կարևոր է հաշվի առնել, որ կնոջ (նաև տղամարդու) անպտղության հոգեբանական պատճառները հաճախ գիտակցված չեն, անգիտակցականի շերտերում են թաքնված, այդ պատճառով էլ անպտղության իրական պատճառը (եթե չկան օրգանական խանգարումներ) կարող է հայտնաբերել միայն հոգեբանը։

Կարող եք սկսել ինքնուրույն ուսումնասիրել հղիության վերաբերյալ ունեցած ձեր համոզմունքները, պատկերացնել, թե ինչպես կփոխվի ձեր կյանքը երեխայի ծնունդից հետո, ուսումնասիրեք ձեր վախերն ու զգուշանալու պատճառները։