Հղիության նշանները

02.11.201596054

Հղիանալ ցանկացող կնոջ համար ամենադժվար շրջանը թերևս ձվազատումից մինչև հաջորդ մենստրուացիայի ենթադրյալ օրն ընկած ժամանակահատվածն է՝ լի անհամբեր սպասումով։ Ոչինչ այնքան ծանր չէ, որքան անորոշությունը․ օր օրի կինը հետևում է իր զգացողություններին, փորձում որսալ օրգանիզմում կատարվող փոքրիկ փոփոխությունները, հույսով է լցվում և հուսահատվում։ Այդ շրջանում կնոջից այլևս ոչինչ կախված չէ, մնում է միայն սպասել, ինչպես նաև հետևել հղիության առաջին նշանների ի հայտ գալուն։

Հղիության նշանները բեղմնավորմանը հաջորդող օրերին

Պետք է նշել, որ որոշ կանայք չեն ունենում մենստրուացիայի ենթադրյալ ուշացում։ Անսովոր, սակավարյուն մենստրուացիան ևս կարող է վկայել հղիության մասին։ Այդպես է լինում, երբ հղիությանը վտանգ է սպառնում և ի սկզբանե էնդոմետրիումի (արգանդի ներքին շերտը, որին ներդրվում է բեղմնավորված ձվաբջիջը) շերտազատում է կատարվում։ Այդ պատճառով էլ ուշադիր եղեք ցանկացած տեսակի արտադրության հանդեպ և համեմատեք այն ձեր սովորական մենստրուացիայի հետ։ Հնարավոր է, որ հենց այդպիսի արտադրությունը վկայի հղիության մասին։

Հաճախակի միզարձակում։ Այն ևս հղիության՝ կնոջ ֆիզիոլոգիայի տեսանկյունից լիովին բացատրելի նշան է։ Արդեն իսկ առաջին շաբաթների ընթացքում արգանդն սկսում է մեծանալ և մարմնի որոշ դիրքերի դեպքում ճնշում է միզապարկին, ինչն էլ հանգեցնում է հաճախակի միզարձակման։

Թեթև մրսածություն, հարբուխ, ստամոքսի խանգարումներ․ սրանք ևս միֆեր չեն և ունեն իրենց տրամաբանական բացատրությունը։ Կոպիտ ասած՝ սաղմի իմպլանտացիան արգանդի պատի մեջ օտարածին մարմնի ներդրում է կնոջ օրգանիզմում։ Սովորական պայմանների դեպքում կնոջ դիմադրողական համակարգը պետք է պաշտպանի իր օրգանիզմը նման ներխուժումից, սակայն հղիության ժամանակ այդ չի լինում։ Բեղմնավորումից հետո կնոջ դիմադրողական համակարգը թույլ է տալիս, որ սաղմն ամրանա օրգանիզմում, իսկ մենք գիտենք, որ եթե դիմադրողական համակարգը թուլանում է, խոցելի է դառնում նաև օրգանիզմը։ Այդ բանով է բացատրվում, որ ցանկացած այլ ժամանակ հարբուխը կշրջանցեր ապագա մորը, սակայն հղիության առաջին շաբաթներին հիվանդանալու համար բավական է անգամ թույլ միջանցիկ քամին։

Ստորև ներկայացնում ենք հղիության նշանների ցանկ։ Որքան շատ լինեն հավանական ու հավաստի նշանները, այնքան մեծ կլինի հղիության հավանականությունը։

  • Դաշտանի ուշացում՝ հավանական է
  • Անսովոր դաշտան՝ կասկածելի է
  • Հղիության «զգացում»՝ կասկածելի է
  • Սրտխառնոց և փսխում՝ կասկածելի է
  • Սեռական ցանկության շեշտակի փոփոխություն՝ կասկածելի է
  • Կրծքի ցավ՝ կասկածելի է
  • Կրծքի մեծացում՝ հավանական է
  • Հաճախակի միզարձակում՝ հավանական է
  • Վաղ հղիության գործոնի առկայություն՝ հավանական է
  • Համերի նախընտրության շեշտակի փոփոխություն՝ հավանական է
  • Հոգնածություն՝ կասկածելի է
  • Մաշկի վրա նկատվող փոփոխություն՝ կասկածելի է
  • Կաթնախեժի արտահոսք՝ հավանական է
  • Արգանդի մեծացում՝ հավանական է
  • Հղիության թեստի դրական արդյունք՝ հավաստի է
  • Սաղմի հայտնաբերում ՈւՁՀ-ի միջոցով՝ հավաստի է
  • Իմպլանտացիոն արնահոսություն՝ հավանական է
  • Գրաֆիկում երրորդ փուլ՝ հավանական է
  • Ձվազատումից հետո անհամապատասխան հիմքային ջերմաստիճան՝ հավանական է

Ինչպես տեսնում եք, հղիության վաղ փուլում այնքան էլ շատ չեն հավաստի նշանները, սակայն դրանցից բացի կան մի շարք հավանական նշաններ, որոնցից մի քանիսի միաժամանակյա առկայությունը կարող է վկայել հղիության մասին։ Միայն կասկածելի նշանների առկայությունը կարող է վկայել օրգանիզմում ֆիզիոլոգիական խնդիրների մասին, ինչպես նաև լինել հղիանալու ցանկության արդյունք, այսինքն ունենալ հոգեբանական պատճառներ։

Հիշեք, որ կնոջ օրգանիզմը ռոբոտ չէ, այն չի աշխատում ալգորիթմներով, անգամ ցանկացած նշանի բացակայության դեպքում է հնարավոր հղիություն արձանագրել։ Այս են փաստում այն բազմաթիվ դեպքերը, երբ կանայք առաջին եռամսյակում անգամ չեն էլ կասկածել, որ հղի են և իմացել են դրա մասին միայն երկրորդ եռամսյակում։