Ծննդաբերության նախանշանները

Ծննդաբերության նախանշանները

Գոյություն ունեն ծննդաբերական գործընթացի սկիզբը բացատրող բազմաթիվ վարկածներ: Հնում կարծում էին, որ այդ գործընթացը հրահրող առաջին գործոնը պտղի համար արդեն փոքր տարածությունն ու նրա քաղցն է:

Ըստ ժամանակակից տեսությունների՝ ծննդաբերությունն սկսվում է գլխուղեղում ձևավորվող ծննդաբերական դոմինանտի, հղի կնոջ արյան մեջ արգանդի մկաններիի ակտիվացումը խթանող նյութի ավելցման, էստրոգեն սեռական հորմոնի մակարդակի բարձրացման, բջիջներում լրացուցիչ էներգիայի կուտակման պատճառով:

Հիմնական նախանշանները

Ծննդաբերությունից երկու, երեք շաբաթ առաջ հղի կանայք գուցե նկատեն մի շարք փոփոխություններ:

  1. Որովայնի իջեցում։ Պայմանավորված է այն բանով, որ պտղի գլուխն իջնում է փոքր կոնքի խոռոչ, արգանդի հատակն իջնում է, և կինն սկսում է ավելի հեշտ շնչել (նախկինում արգանդը ճնշում էր ստոծանին), պակասում է այրոցի զգացողությունը, սակայն ավելանում է ճնշումը միզապարկի շրջանում, կինն սկսում է հաճախակի գնալ զուգարան:
  2. Ծանրության կենտրոնը տեղափոխվում է դեպի առաջ, որի պատճառով փոխվում է կնոջ քայլվածքը, ուսերը գնում են հետ, ձեռք է բերում խիստ կեցվածք:
  3. Փոփոխվում է կնոջ վարքագիծը, ի հայտ է գալիս նյարդային լարվածություն կամ ընդհակառակը, թեթև արտահայտված անտարբերություն: Այն բացատրվում է գլխուղեղի կեղևում ծննդաբերական դոմինանտի ձևավորմամբ պայմանավորված մի շարք ֆիզիոլոգիական փոփոխություններով:
  4. Դիտվում է կնոջ մարմնի զանգվածի նվազեցում մինչև մի քանի կիլոգրամ։ Ծննդաբերությունից առաջ նվազում է պտղաջրի քանակը, փոփոխվում է նյութափոխանակությունը, ավելորդ հեղուկի քանակը կնոջ օրգանիզմում պակասում է:
  5. Նվազում է պտղի շարժունակությունը, ինչը պայմանավորված է պտղաջրի քանակի նվազմամբ և պտղի գլխի տեղակայմամբ:
  6. Առաջանում է անհարմարություն կամ ձգող ցավ որովայնի ստորին հատվածում և գոտկատեղում: Էստրոգենը մեծացնում է կապանների առաձգականությունը, տեղի է ունենում կոնքի ոսկրերի թեթևակի լայնացում:
  7. Դուրս է ընկնում լորձային խցանը: Արգանդի պարանոցի հասունացման ժամանակ ցերվիկալ ուղին կարճանում է, և բարձրանում է լորձային գեղձերի ակտիվությունը: Այդ օրերի ընթացքում սեռական ուղիներից դիտվող արտադրությունը դառնում է առատ, խիտ լորձի նման, թափանցիկ կամ մի փոքր պղտոր, երբեմն բաց վարդագույն երանգով:

Բոլոր կանայք չէ, որ ունենում են նշված ախտանշանները։

Ե՞րբ են ի հայտ գալիս ծննդաբերության նշանները

Հղիության 37-րդ շաբաթից սկսում են ի հայտ գալ նախածննդաբերական նշաններ, որոնք տևում են մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ:

Ծննդաբերությունից 6-7 ժամ առաջ որոշ կանանց դեպքում սկսվում է նախակծկումային գործընթաց, որը բնութագրվում է արգանդի՝ ուժգնությամբ և տևողությամբ անկանոն կծկումներով: Ընդ որում՝ այդ ընթացքում կինը չպետք է ունենա առանձնակի անհարմարություն, քնի խանգարում կամ ախորժակի բացակայություն: Հնարավոր է դիտվի սեռական ուղիներից եկող թույլ շագանակագույն արտադրություն: Աստիճանաբար արգանդի կծկումներն ուժգնանում են, դառնում հաճախակի: Սկսվում է ծննդաբերությունը:

Ծննդաբերության սկզբում կծկումների տևողությունը 7-10 վայրկյան է, իսկ նրանց միջև ժամանակադադարը՝ 15—20 րոպե:

Ժամանակի ընթացքոււմ կծկումների տևողությունը մեծանում է՝ հասնելով 40-50 վայրկյանի, իսկ նրանց միջև ժամանակադադարը կրճատվում է մինչև մի քանի րոպե: Փոխվում է կնոջ ինքնազգացողությունը, այդ ընթացքում այլևս հնարավոր չէ քնել: Արգանդի պարանոցի բացվածքը գուցե առաջացնի սրտխառնոց և փսխում:

Երբեմն ծննդաբերական գործընթացն սկսում է պտղաջրի արտահոսքով, ինչը բավականին առատ, սեռական ուղիներից եկող հեղուկ արտադրություն է:

Նախածննդյան նշանների ի հայտ գալը դեռ չի նշանակում, որ կնոջն անհապաղ պետք է տեղափոխել ծննդատուն: Պետք է դիմել մանկաբարձ-գինեկոլոգի, երբ ծննդաբերական գործընթացի զարգացման ընթացքում կծկումները դառնում են կանոնավոր։


Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…