Պտուղընկերքային (ֆետոպլացենտար) անբավարարություն․ ախտանշանները, ախտորոշումը, բուժումը

Պտուղընկերքային (ֆետոպլացենտար) անբավարարություն․ ախտանշանները, ախտորոշումը, բուժումը

Կարդացեք՝  Պտուղընկերքային (ֆետոպլացենտար) անբավարարություն․ պատճառները և տեսակները

ՊԸԱ-ի նշանները կախված են դրա տեսակից: Կոմպենսացված քրոնիկական ձևի դեպքում ախտանշաններ չեն արտահայտվում: Ապագա մայրիկը լավ ինքնազգացողություն է ունենում: Հիվանդության մասին կինն իմանում է միայն ՈւՁՀ-ի արդյունքներից:

Ավելի արտահայտիչ ախտանշաններ դիտվում են դեկոմպենսացված քրոնիկական և սուր ձևերի ժամանակ: Կինը կարող է նկատել, որ փոքրիկն ինչ-որ ժամանակահատվածում ակտիվորեն շարժվում է: Այնուհետև այդ ակտիվությունը կտրուկ նվազում է: Հարկ է նշել, որ ապագա մայրիկը հղիության 28-րդ շաբաթից սկսած պետք է զգա փոքրիկի խաղը օրական ամենաքիչը 10 անգամ: Եթե նրա ակտիվությունն այս ցուցանիշից պակաս է, ապա կարիք կա բժշկի այցելելու: Հնարավոր է, որ դա ինչ-որ խնդրի մասին վկայի (օրինակ՝ ՊԸԱ):

Դեկոմպենսացված քրոնիկական ընկերքային անբավարարության լրացուցիչ նշաններ կարող են լինել կնոջ որովայնի մեծացման դանդաղում, պտղի աճի դանդաղում: Գործնականում հնարավոր չէ ինքնուրույն բացահայտել այդ փոփոխությունները: Միայն բժիշկը կարող է նկատել խնդիրն ընթացիկ զննումների ժամանակ: ՊԸԱ ամենավտանգավոր նշանը հեշտոցից արյունային արտադրությունն է: Դա նկատելով՝ անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի, քանի որ տվյալ ախտանշանը վկայում է ընկերքի վաղաժամ շերտազատման մասին:

Ընկերքային անբավարարության ախտորոշումը

Ինչպես արդեն նշվել է, պտուղընկերքային անբավարարությունը կարող է առաջանալ բազմաթիվ պատճառներով: Դրա համար էլ ախտորոշումը պետք է լինի հղի կնոջ համալիր հետազոտության տեսքով:

Բժիշկը, հիվանդության պատմությունը հավաքելով, պարզում է գլխավոր գործոնը, որը նպաստել է այս խնդրի առաջացմանը (տարիք, ապրուստի կամ մասնագիտական պայմաններ, վատ սովորություններ, արտաքին սեռական օրգանների և գինեկոլոգիական հիվանդություններ և այլն): Հղի կինը ՊԸԱ դեպքում կարող է գանգատվել որովայնի ցավերից, հեշտոցից արյունային արտադրությունից, պտղի չափազանց ակտիվությունից կամ դրա բացակայությունից, արգանդի բարձր տոնուսից:

Նախքան ընկերքային անբավարարություն ախտորոշելը, բժշկական զննման ընթացքում գինեկոլոգը չափում է ապագա մայրիկի որովայնի շրջակայքը, գնահատում է արգանդի հատակի վիճակը, գրանցում է կնոջ քաշը: Ստացված տվյալների միջոցով կարելի է հասկանալ պտղի զարգացումն ընթանում է բնականոն հունով, թե՞ կան խանգարումներ:

Գինեկոլոգիական զննման արդյունքում կարելի է գնահատել արտադրության բնույթը, բացահայտել բորբոքումը, նյութն ուղարկել մանրադիտակային և մանրէաբանական հետազոտության:

Ախտորոշման հարցում մեծ դեր ունի ուլտրաձայնային հետազոտությունը: Դրա շնորհիվ կարելի է որոշել պտղի չափերը (գլխի, վերջույթների, իրանի) և համեմատել դրանք հղիության տվյալ փուլին բնորոշ ցուցանիշների հետ, ինչպես նաև չափել ընկերքի հաստությունը և որոշել դրա հասունացման աստիճանը:

Ընկերքային անբավարարություն կասկածելու դեպքում բժիշկը կատարում է կարդիոտոկագրաֆիա և ֆոնոտոկագրաֆիա, որպեսզի գնահատի փոքրիկի սրտի աշխատանքը: Կարող են դիտվել թթվածնաքաղցի նշաններ՝ առիթմիա, բրադիկարդիա, տախիկարդիա:

Արգանդային արյան հոսքի դոպլերագրաֆիան թույլ է տալիս գնահատել արյան շրջանառությունն արգանդի, պորտալարի, ընկերքի պտղային հատվածների անոթներում:

Ընկերքային անբավարարության բուժումը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՊԸԱ կարող է հրահրվել տարբեր պատճառներով, դրա բուժման ստանդարտ սխեմա գոյություն չունի: Առաջին հերթին բժիշկը ձգտում է վերացնել պատճառաբանական գործոնը և բոլոր միջոցներն ուղղել կոմպենսատոր մեխանիզմների պահպանմանը: Եթե առկա է անբավարարության կոմպենսացված ձևը և պտղի կյանքին սպառնացող վտանգ չկա, ապա իրականցվում է ամբուլատոր բուժում: Մյուս ձևերի դեպքում պահանջվում է հոսպիտալացում և ինտենսիվ թերապևտիկ միջոցառումների իրականացում:

Եթե ընկերքային ցածր անբավարարության դեպքում գոյություն ունի հղիության ընդհատման վտանգ, ապա բժիշկը նշանակում է տոկոլիտ դեղանյութերի շարքից դեղորայք: Ընկերքում անոթային տոնուսի խանգարումների և կնոջ արյան միկրոշրջանառության խանգարումների դեպքում բժիշկը նշանակում է հակակոագուլյանտներ և հակաագրեգատներ: Հեմոդինամիկ խանգարումների բացահայտման դեպքում նշանակվում են սրտամկանի կծկողական ֆունկցիան կարգավորող, օրգանների պերֆուզիան բարելավող, հիպոտենզիվ հատկությամբ դեղամիջոցներ: Եթե բացահայտվել է արգանդամկանի հիպերտոնուս, ապա պահանջվում են սպազմալիտիկ դեղամիջոցներ: Ընկերքի փոխադրային ֆունկցաիայի կարգավորման և հակաօքսիդանտային պաշտպանության համար նշանակվում են տարատեսակ վիտամիններ:

Ապագա մայրիկը չպետք է առանց բժշկի նշանակման դեղորայք ընդունի՝ ընկերուհիների կամ այլոց խորհուրդներով, քանի որ դրանք կարող են հանգեցնել սարսափելի հետևանքների: Բժիշկն անհատական կարգով կազմում է բուժման սխեմա: Պետք է հետևել միայն բժշկի հրահանգներին: Հղի կանանցից շատերին հետաքրքրում են ընկերքային անբավարարության բուժման ավանդական ձևերը: Այստեղ դժվար կլինի որևէ հստակ բան խորհուրդ տալ, քանի որ մի կնոջ այն կարող է օգնել, իսկ մյուսին՝ հակառակը, վիճակը վատթարացնել: Այդ պատճաով խորհուրդ չի տրվում հետևել ավանդական բժշկությանը: Որևէ հստակ բան խորհուրդ տալ կարող է միայն բժշկական կրթություն ստացած մասնագետը:

Ծննդալուծումը ՊԸԱ դեպքում

Ծննդալուծումը որոշում է բժիկը՝ բուժման արդյունավետությունից կախված: Կոմպենսացված ձևի դեպքում կինը կարող է ինքնուրույն ծննդաբերել: Սուբկոմպենսացվածի դեպքում հաճախ կատարվում է կեսարյան հատում: Դեկոմպենսացված անբավարարությունը համարվում է արտակարգ վիրաբուժական ծննդալուծման ցուցում:

Ընկերքային անբավարարության կանխարգելումը

Հղիության պլանավորումը կանխարգելման գլխավոր և շատ կարևոր միջոցներից է: Ցավոք զույգերից շատերը չեն հասկանում դրա կարևորությունը: Հաճախ հղիությունն ասնպասելի է տեղի ունենում: Ապագա մայրիկը դեռ նախքան բեղնավորումը պետք է անցնի անհրաժեշտ զննումները, որոնց շնորհիվ կբացահայտվեն վտանգի բոլոր գործոնները: Խնդիրների բացահայտման դեպքում դրանք անհրաժեշտ է վերացնել կամ նվազեցնել դրանց ազդեցությունը: Հղիության պլանավորումը կփրկի հետագայում ՊԸԱ առաջացումից:

Պարտադիր պետք է բացառել վատ սովորությունների գործոնը՝ ծխելը, ալկոհոլի և դեղորայքային միջոցների ընդունումը: Հղիությունից առաջ և դրա ընթացքում անհրաժեշտ է բուժել քրոնիկական հիվանդությունները, պաշտպանվել վարակներից: Հղիության ընթացքում կնոջը խորհուրդ է տրվում կարգավորել սննդակարգը և քունը (քնել նվազագույնը 8 ժամ օրական):

Հղիության 14-16 և 28-34-րդ շաբաթների ընթացքում հնարավոր է նշանակվի կանխարգելիչ դեղորայքային կուրս: Հղիության բարդացումների դեպքում պահանջվում է ընկերքային անբավարարության կանխարգելում՝ հղիության ընթացքի բժշկական բարձր վերահսկում, պտղի վիճակի և զարգացման մշտական մոնիթորինգ:

Ամփոփելով՝ հարկ է նշել, որ ՊԸԱ-ն լուրջ խնդիր է, որին բախվում են հղի կանանցից շատերը: Ինչո՞վ է վտանգավոր ընկերքային անբավարարությունը: Այս հարցին միանշանակ պատասխան չկա: Հետևանքները կախված են բազմաթիվ գործոններից: Հնարավոր է, որ երեխան առողջ լույս աշխարհ գա կամ խնդիրներով, կամ էլ կարող է դեռ մոր արգանդում մահանալ: Այս խնդրին չբախվելու համար անհրաժեշտ է նախօրոք պլանավորել հղիությունը և վերանայել ապրելակերպը։

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…