Դենսիտոմետրիա. ոսկրերի ամրությունը որոշող հետազոտություն

Դենսիտոմետրիա. ոսկրերի ամրությունը որոշող հետազոտություն

Դենսիտոմետրիան ամենաճշգրիտ ախտորոշիչ մեթոդն է, որը թույլ է տալիս որոշել ոսկրերի ամրությունը և հետևաբար օգնում է զերծ մնալ վնասվածքներից: Հետազոտությունը տևում է ընդամենը 15 րոպե։

Ոսկրերի ամրությունը որոշող թեստ

Մենք հաճախ ենք օստեոպորոզն ընկալում որպես տարիքային հիվանդություն՝ ծերերի ճակատագիր: Այդ թյուր պատկերացումը մեզ հանգստացնում է, սակայն պետք է իմանալ, որ արդեն 30 տարեկանից ոսկրերում կալցիումի պաշարներն սկսում են կրճատվել, իսկ 50-ին մոտ՝ կարող են հասնել խիստ նվազագույնի, և եթե ժամանակին միջոցներ չձեռնարկվեն, հետո կարող է ուշ լինել: Օստեոպորոզը բուժել հնարավոր է, եթե հայտնաբերվել է վաղ փուլերում: Հայտնաբերմանն օգնում է ռենտգենային դենսիտոմետրիան:

Կարդացեք՝  Օստեոպորոզը և կլիմաքսը

Այս մեթոդը թույլ է տալիս արագ, անվնաս և բարձր հստակությամբ որոշել ոսկրային հյուսվածքի հանքային խտությունը, և որքան այն բարձր է, այնքան կայուն են ոսկրերը կոտրվածքների հանդեպ: «Ռենտգենային» բառից վախենալու կարիք չկա, քանի որ ճառագայթման ինտենսիվությունը 400 անգամ ավելի քիչ է, քան սովորական ռենտգենի ժամանակ: Դենսիտոմետրի օպերատորը նույնիսկ չի օգտագործում հատուկ պաշտպանիչ միջոցներ:

Ձեզնից պահանջվում է հագուստով պառկել երկար ու ընդարձակ սեղանին, իսկ վերևում հատուկ էկրանը տեսածրում (սկանավորում) է ամբողջ կմաղքը երկու կամ ավելի պրոյեկցիաներով, եթե կատարվում է երկֆոտոն դենսիտոմետրիա, կամ նկարում է միայն դաստակի, նախաբազուկների և սրունքների ոսկրերը, եթե մեկֆոտոն դենսիտոմետրիա է կատարվում: Առաջինն ավելի նախընտրելի է: Առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում ողնաշարի պարանոցային հատվածի և ազդրերի պրոքսիմային հատվածների ոսկրերի հանքային խտության տվյալները, քանի որ այդ հատվածներում այն ի սկզբանե ավելի քիչ է:

Այս միջամտությունն անցավ է, չի պահանջում որևէ նախապատրաստություն: Դենսիտոմետրիայի օպերատորը տվյալները կցում է եզրակացությանը և նկարներին, իսկ արդյունքները մեկնաբանում և ախտորոշում է մեկ այլ մասնագետ, հիմնականում բժիշկ-ռևմատոլոգը:

Կալցիումի օրական պահանջը կարելի է բավարարել սնունդով: Օրական պահանջվող քանակությունն առկա է ստորև նշված մթերքներում՝

  • 1լ անյուղ կաթ կամ յոգուրտ,
  • 200 գ չոր պանիր (պարմեզան, չեդեր, շվեյցարական),
  • 4 տարա պահածոյացված սարդինիա, 
  • 1 թեյի գդալ քունջութի յուղ,
  • 500 մգ նուշ,
  • 300 գ բանան։

45-ն անց բոլոր կանանց խորհուրդ է տրվում անցնել դենսիտոմետրիա 2 տարին մեկ անգամ: Սա բնական է միայն այն կանանց համար, ում մայրերը չեն ունեցել օստեոպորոզ, ովքեր չունեն դաշտանի խանգարումներ (ընդ որում՝ նաև վաղ դաշտանադադարի) և մարմնի զանգվածի ակնհայտ պակաս: Եթե ձեր կյանքում առկա են այս ռիսկային գործոնները, եթե ունեք երկու կամ ավել երեխա կամ չունեք, եթե ունեցել եք կոտրվածքներ, ապա անհրաժեշտ է ավելի վաղ անցնել հետազոտությունը՝ մինչ 40 տարեկանը:

Եթե ձեր կյանքում հաճախ եք ունեցել կոտրվածքներ, ապա անկախ տարիքից անհրաժեշտ է դենսիտոմետրիա կատարել: Բժիշկներն այս հետազոտությունը խորհուրդ են տալիս նաև նրանց, ովքեր երկարատև ընդունել են գլյուկոկորտիկոստերոիդներ (բրոնխիալ ասթմայի կամ ռևմատոիդ արթրիտի դեպքում), հակակոագուլանտներ (հեպարին), միզամուղներ (հիպոտիազիդ, ֆուրոսեմիդ) և հակակծկումային դեղամիջոցներ (ֆենոբարբիտալ): Տղամարդկանց նույնպես խորհուրդ է տրվում ստուգել ոսկրերի ամրությունը՝ 50-ից հետո:

Դենսիտոմետրիան թույլ է տալիս բացահայտել ոսկրային զանգվածի նույնիսկ 2-5% կորուստը: Դա նշանակում է, որ կարելի է հայտնաբերել օստեոպորոզը նախնական՝ օստեոպենիայի փուլում, երբ դեռ հնարավոր է իրավիճակը շտկել:

Տարբեր կլինիկանրում տարբեր ապարատներով ստացված տվյալները կարող են չնչին տարբերություն ունենալ: Այդպիսով, եթե օստեոպորոզի բուժում եք ստանում, ապա ցանկալի է ոսկրերի խտությունը ստուգել միևնույն կլինիկայի միևնույն սարքավորումներով, որպեսզի կանխեք տվյալների ոչ հավաստի լինելը: Այն պետք է կատարել 2 տարին մեկ անգամ:

Հիվանդներն ունենում են մի շարք հարցեր: Ահա դրանցից մի քանիսի պատասխանները։

Արդյո՞ք հնարավոր չէ բավարարվել միայն ուլտրաձայնային դենսիտոմետրիայով և առհասարակ չենթարկվել ճառագայթման:

Ուլտրաձայնի օգնությամբ որոշվում է ոտքի և ձեռքի մատների ոսկրերի խտությունը․ հիվանդը մատները (ոտնաթաթերը) դնում է հատուկ խորությամբ ապարատի վրա: Սակայն դա շատ տեղեկատվական մեթոդ չէ: Դրա վրա հիմնվելով կարելի է միայն նախնական եզրակացություն կազմել և անհրաժեշտության դեպքում ուղեգրել պարանոցի, ազդրերի կամ մարմնի ամբողջական ռենտգեն դենսիտոմետրիայի, որպեսզի հստակ ախտորոշում կատարվի:

Ոմանք նախընտրում են անցնել ամբողջական ռենտգենոգրաֆիական հետազոտություն, արդյո՞ք դա վստահելի է:

Սովորական ռենտգենն ախտորոշում է հիվանդության միայն այն փուլը, որի դեպքում ոսկրի արդեն 30%-ը կորսված է: Այն նշանակում են միայն հնարավոր բարդություններն ախտորոշելու համար: Այդ դեպքում կատարվում է ողնաշարի կրծքային և գոտկային հատվածների կողային պրոյեկցիայով ռենտգեն: Այն չի կարող բացահայտել օստեոպորոզի նախնական ախտանշանները:

Արդյո՞ք հնարավոր է կալցիումի պակասը որոշել արյան հետազոտության միջոցով և հետևաբար պարզել օստեոպորոզի վտանգները:

Օստեոպորոզը կապված է իգական սեռական հորմոնի՝ էստրոգենի հետ: Բայց նույնիսկ եթե հետազոտությունը ցույց տա դրա ցածր մակարդակ, դա դեռ չի նշանակի, որ կարելի է այն հիմք ընդունել ապտորոշման համար, այն պարզապես առիթ է հետագա հետազոտություններ անցնելու համար: Իսկ կալցիումի մակարդակը ստուգող արյան հետազոտությունը ոչ մի առընչություն չունի օստեոպորոզի հետ: Այս հիվանդության դեպքում արյան մեջ կալցիումի մակարդակը կարող է պահպանվել բնական սահմաններում: Այնպես որ՝ օստեոպորոզի հստակ ախտորոշման լաբորատոր հետազոտություններ գոյություն չունեն:

Արդյո՞ք դենսիտոմետրիայի արդյունքների սովորական լինելը նշանակում է, որ կալցիումը որպես կանխարգելիչ միջոց ընդունելու կարիք չկա:

Անհրաժեշտ է պարզապես հետևել, որ օրգանիզմն ստանա կալցիումի օրական չափաբաժինը (1200 մգ) սննդի՝ նախ և առաջ կաթնամթերքի միջոցով: Եթե ինչ-ինչ պատճառներով այդ չափաբաժինը լրացնել չի ստացվում, ապա կարելի է ընդունել կալցիումի հավելումներ:

Կարդացեք՝  Կաթը և կաթնամթերքը մեր սննդակարգում


views 15972
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը