ՄԻԱՎ-ը և հղիությունը

Երեխայի ծնունդն ամենամեծ երջանկությունն է: Պետք չէ ձեզ զրկել մայրանալու բերկրանքից, եթե նույնիսկ դուք կամ ձեր զուգընկերն ունի ՄԻԱՎ (մարդու իմունային անբավարարության վիրուս): Պարզապես անհրաժեշտ է ճիշտ կշռադատել ամեն բան և նախքան հղիանալը լրջորեն նախապատրաստվել: ՄԻԱՎ-ով վարակված կանայք կարող են առողջ երեխա լույս աշխարհ բերել: Եթե կինը բուժում չի ստանում, ապա երեխային վարակելու հավանականությունը 20-45% է: Այս վտանգը հնարավոր է նվազեցնել ընդհուպ մինչև 2%-ի, եթե կիրառվեն կանխարգելիչ միջոցներ:
Երբ զույգը երեխա ունենալու որոշում է կայացնում ՄԻԱՎԻ-ի առկայության պարագայում, ապա պահանջվում է ամբողջական հետազոտություն անցնել՝ ներառյալ վերարտադրողական առողջության, վիրուսի առկայության ստուգման հետազոտություններ, ինչպես նաև ստանալ խորհրդատվություն ՁԻԱՀ-ի մասնագիտացված կենտրոնում: Եթե հաստատվի, որ կինը ՄԻԱՎ վարակակիր է, ապա կա երեք ճանապարհ, որոնցով վարակը կարող է անցնել երեխային՝ հղիության ժամանակ ընկերքի միջոցով, ծննդաբերության ժամանակ՝ ծննդաբերական ուղիներով անցնելիս, ինչպես նաև կրծքով կերակրման ընթացքում:
Նախկինում, երբ զույգերից միայն մեկն էր վարակված, համարվում էր, որ վարակի փոխանցման վտանգի պատճառով չի կարելի հարաբերություն ունենալ առանց պաշտպանվելու: Բայց վերջին հետազոտությունների արդյունքում այդ պահանջն այլևս խիստ կարևոր չէ: Պարզապես անհրաժեշտ է համապատասխանել որոշ պայմանների: Դրանք են՝
- պարբերաբար այցելել մասնագիտացված կենտրոններ հետազոտվելու համար և խստորեն հետևել հակավիրուսային թերապիային,
- ամենաքիչը վեց ամսով բացառել ցանկացած տեսակի վիրուսի առկայությունը,
- զուգընկերը պետք է չունենա սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդություններ:
Այնուամենայնիվ այս պայմանների առկայության դեպքում էլ վիրուսի փոխանցման վտանգը չի անհետանում, և յուրաքանչյուր զույգ, որ որոշում է կայացնում չպաշտպանված հարաբերության եղանակով երեխա ունենալ, գործում է իր վախի և վտանգների հաշվին:
Եթե միայն կինն ունի վիրուսը, ապա բեղմնավորման կարելի է հասնել հետևյալ մեթոդներով՝
- ներարկչի օգնությամբ կարելի է տղամարդու սերմնահեղուկը ներարկել կնոջ հեշտոց՝ նույնիսկ տան պայմաններում,
- Կարելի է օգտվել արհեստական սերմնավորման (ինսեմինացիայի) մեթոդից, երբ բժշկական հաստատությունում տղամարդու նախապես մշակված սերմնահեղուկը ներարկվում է անմիջապես կնոջ արգանդ:
- արտամարմնային մեթոդ, եթե զույգն ունի վերարտադրողական համակարգի հիվանդություններ:
Եթե վարակված է միայն տղամարդը, ապա կարելի է դիմել հետևյալ միջոցներին՝
- Մաքրված սերմնահեղուկի արհեստական սերմնավորում (ինսեմինացիա): Այս մեթոդն ամբողջությամբ անվնաս չէ, բայց վարակման վտանգները հասցնում է նվազագույնի:
- ՄԻԱՎ չունեցող դոնորի սերմնահեղուկի օգտագործում, չնայած շատ զույգեր այս մեթոդը չեն համարում ընդունելի:
Հղիության ընթացքը
Հղիանալուց հետո պետք է պարտադիր այցելել ՁԻԱՀ-ի կենտրոն: Այնտեղ կստանաք խորհրդատվություն հղիության ընթացքի մասին, և ձեզ կնշանակվեն հակառետրովիրուսային դեղամիջոցներ, որոնց ընդունումն էականորեն նվազեցնում է երեխայի վարակման վտանգը: Հղի կանայք հատկապես պետք է ուշադրություն դարձնեն օպորտունիստական վարակներին (հիվանդություններ, որոնք սովորաբար ունենում են իմունային անբավարարություն ունեցող մարդիկ), սահմանափակեն տնային կենդանիների հետ շփումը, նրանց հետ առընչվելուց հետո ձեռքերը լվանալ, ավելի նախընտրելի է եռացրած ջուր խմել, պետք է խուսափել բնական աղբյուրներից ջուր խմելուց, անհրաժեշտ է հեռու մնալ հում սննդից՝ կաթ, ձու, թթվասեր և այլն:
Ծննդաբերությունը ՄԻԱՎ վարակի պարագայում
ՄԻԱՎ-ով հիվանդ մորից վարակը կարող է փոխանցվել երեխային այն պարագայում, երբ երեխայի մարմնի վրա կան քերծվածքներ կամ վերքեր, որովհետև երեխան, անցնելով ծննդաբերական ուղիներով, շփվում է մոր արյան հետ: Վարակման վտանգն էականորեն կարող է նվազեցվել, եթե նախքան ծննդաբերական ցավերի սկսվելը դիմեն կեսարյան հատման եղանակին: Խոսքը պլանային կեսարյան հատման մասին է, որն իրականացնում են հղիության 38-րդ շաբաթում, նախքան հարպտղային ջրերի արտահոսելը:
Դեղորայքային կանխարգելում
Սա իրականացվում է երեք փուլով:
- ՄԻԱՎ-ով հիվանդի հակառետրովիրուսային թերապիա հղիության ընթացքում: Տվյալ բուժումն անհրաժեշտ է անցկացնել մինչև հղիության 28-րդ շաբաթը: Եթե մոր հղիությունից հետո է հայտնաբերվել վարակը, ապա բուժումը պետք է սկսել հայտնաբերումից անմիջապես հետո:
- Հակառետրովիրուսային թերապիա ծննդաբերության ժամանակ:
- Նորածնի վարակման կանխարգելում:
Տվյալ թերապիան ուղղված է ոչ միայն վիրուսի բուժմանը, այլև մորից երեխային վարակի փոխանցման կանխմանը: Անհրաժեշտ է անցնել բուժման բոլոր երեք փուլերը: Այնինչ, եթե դրանցից որևէ մեկը բաց է թողնվել, դա առիթ չէ մյուս փուլերից հրաժարվելու համար: Սակայն կա մեկ բացառություն, եթե առաջին երկու փուլերը բաց են թողնվել, և առաջին երեք օրերին նորածնի վարակման կանխարգելումը չի սկսվել, ապա հետագա բուժումը պարզապես իմաստ չի ունենա:
Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցմանը կարող են նպաստել հետևյալ գործոնները՝
- մոր ունեցած բազմազան վիրուսները,
- վնասակար սովորությունները,
- հատկապես սեռական ճանապարհով փոխանցվող վարակները,
- մոր իմունային համակարգը՝ արյան մեջ որքան քիչ են ՍԴ4 բջիջները (լիմֆոցիտների տեսակ), այնքան մեծ է երեխայի վարակման հավանականությունը,
- վաղաժամ ծննդաբերությունը, քանի որ երեխայի իմունային համակարգը կարող է դեռ լավ զարգացած չլինել:
- 4 ժամից ավել անջուր միջավայրում մնալը:
Քանի որ մարդու իմունային անբավարարության վիրուսը կարող է նաև փոխանցվել կրծքով կերակրելիս, նորածնին ծնունդից հետո չի թույլատրվում կերակրել, խորհուրդ է տրվում օգտվել կաթնային խառնուրդներից: Եթե հետևեք բժշկի բոլոր խորհուրդներին, անցկացնեք կանխարգելիչ միջոցառումներ, դեղորայքային բուժում, ապա ՄԻԱՎ-ի դրական կարգավիճակով ընտանիքները կարող են դառնալ առողջ երեխայի երջանիկ ծնողներ: