Ի՞նչ պետք է իմանալ էնդոմետրիոզի մասին

Ի՞նչ պետք է իմանալ էնդոմետրիոզի մասին

Արգանդի խոռոչը ներսից ծածկված է հյուսվածքով, որը կոչվում է էնդոմետրիում: Նորմայում այդ հյուսվածքը դուրս չի գալիս արգանդի սահմաններից, սակայն երբեմն այն սկսում է գերաճել և ներթափանցել այլ վերարտադրողական օրգաններ (ձվարաններ, ֆալոպյան փողեր), արգանդի պարանոց, աղիներ, ուղիղ աղիք, միզապարկ և այլն: Այդպիսի վիճակը կոչվում է էնդոմետրիոզ:

Դաշտանի ժամանակ էնդոմետրիումի շերտերն առանձնանում են արգանդի պատերից և դուրս գալիս հեշտոցի միջով, սակայն արգանդի խոռոչի սահմաններից դուրս գերաճած էնդոմետրիումից արտադրվող արյունն օրգանիզմից դուրս գալ չի կարող: Դրա հետևանքով առաջանում են կիստաներ, վնասվածքներ, որովայնի խոռոչում զարգանում է կպումային պրոցես: Որոշ կանանց էնդոմետրիոզը չի անհանգստացնում, իսկ մյուսների դեպքում սուր ցավ է առաջացնում դաշտանից առաջ և/կամ ընթացքում: Սովորաբար էնդոմետրիոզի ախտանշաններն անհետանում են դաշտանադադարից հետո:

Ինչպե՞ս է առաջանում էնդոմետրիոզը

Այս հիվանդության պատճառները մինչև օրս անհայտ են, և համապատասխանաբար, գոյություն չունի բուժման պարզ և հասկանալի եղանակ: Որոշ մասնագետներ կարծում են, որ դաշտանի ժամանակ էնդոմետրիումի մի մասը, որը պարունակվում է դաշտանային արյան մեջ, ֆալոպյան փողերով «նետվում է» որովայնի խոռոչ և ապա սկսում գերաճել որովայնի խոռոչում:

Մյուսները կարծում են, որ բոլոր կանանց դեպքում դաշտանի ժամանակ կարող է այդպիսի բան տեղի ունենալ, սակայն ոչ բոլորի մոտ է էնդոմետրիոզ զարգանում: Համարում են, որ եթե իմունային մեխանիզմները չեն գործում, որպեսզի հեռացնեն հյուսվածքը, որը հայտնվել է ոչ իր տեղում, ապա զարգանում է էնդոմետրիոզ: Նաև տեսություն կա, որ կնոջ էմբիոնային հյուսվածքի մնացորդները, որոնք ձևավորվել են այն ժամանակ, երբ նա ինքն է գտնվել մոր արգանդում, հասուն տարիքում կարող են վերածվել էնդոմետրիոզի կամ որոշակի պայմանների դեպքում ձևափոխվել վերարտադրողական հյուսվածքի:

Ի՞նչն է առաջացնում էնդոմետրիոզ

Գիտնականներն այդ հարցի ճշգրիտ պատասխանը չունեն: Եթե ամփոփենք վերևում ասվածը, ապա էնդոմետրիոզի հնարավոր պատճառներն են`

  • Էնդոմետրիումը, որն ընկել է որովայնի խոռոչ և այնտեղ սկսել աճել:
  • Էնդոմետրիումը, որն ընկել է ավշային համակարգ և հայտնվել թոքերում, աչքերում կամ ուղեղում: Սա շատ ահազդու է հնչում, սակայն, բարեբախտաբար, շատ հազվադեպ է պատահում:
  • Էնդոմետրիոզը ժառանգական հիվանդություն է: Հարցրեք մայրիկին՝ նա ունեցե՞լ է էնդոմետրիոզ: Հնարավոր է հիվանդությունը փոխանցվում է սերնդեսերունդ: 
  • Դաշտանային արյունը և էնդոմետրիումը՝ մնացած ֆալոպյան փողերում: 
  • Իմունային համակարգի աշխատանքի խանգարումը, որն ի վիճակի չէ ազատվել հյուսվածքից, որը սխալ տեղում է հայտնվել: 
  • Շրջակա միջավայրի տոքսինները, որոնք կարող են խախտել հորմոնային հավասարակշռությունը:

Որո՞նք են ախտանշանները

Ոմանց դեպքում հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների: Այդուհանդերձ կան կանայք, ովքեր այդ վիճակի հետ կապված անհարմարություն են զգում: Ուղեկցող խնդիրների տեսակը և ծանրությունը կարող են կախված լինել մի քանի գործոններից՝ կոնկրետ որտեղ են գտնվում էնդոմետրիոզի օջախները, որքան խորն է այն ներթափանցել հյուսվածքի մեջ, որքան ժամանակ առաջ է դա տեղի ունեցել: Ժամանակի ընթացքում հյուսվածքը գերաճում է, և խնդիրը սաստկանում է:

Էնդոմետրիոզի տիպիկ ախտանշաններն են՝

  • քրոնիկ ցավերը որովայնի ստորին հատվածում,
  • ծայրաստիճան ցավոտ դաշտանը,
  • սուր ցավը սեռական ակտի ժամանակ,
  • հղիանալու խնդիրները,
  • ցավը ձվազատման ժամանակ,
  • առատ կամ ոչ ստանդարտ դաշտանը, օրինակ՝ քսվող արյունային արտադրությունը նրանից մի քանի օր առաջ,
  • ցավերը աղիքների գործելու ժամանակ, փորլուծություն, փորկապություն և այլ տհաճ երևույթներ դաշտանի ընթացքում,
  • դաշտանի ընթացքում հաճախակի կամ ցավոտ միզարձակումը,
  • հոգնածությունը:

Ախտորոշումը

Բժիշկը կլսի գանգատները, կպարզաբանի կլինիկական պատկերը և կհետազոտի փոքր կոնքի օրգանները՝ հայտնաբերելու համար կիստաներ, հյուսվածքի բարակումներ կամ հաստացումներ: Ավելի լավ կլինի նման հետազոտությունը կատարել դաշտանի ժամանակ: ՈւՁՀ հաճախ օգտագործվում է փոքր կոնքի հետազոտման համար: Մեծ դեր է խաղում նաև կոլպոսկոպիան արգանդի պարանոցի վրա էնդոմետրիոզի օջախը ախտորոշելու համար: Սակայն ախտորոշումը ճշգրիտ կատարելու համար անհրաժեշտ է լապարասկոպիա անել: Լապարասկոպիկ հետազոտությունը կարող է կատարվել ցիկլի ցանկացած օր:

Ընդհանուր անզգայացման տակ վիրաբույժը լապարասկոպը կտեղադրի (փոքրիկ խողովակ լույսի աղբյուրով) պորտի հատվածում փոքրիկ կտրվածքի մեջ և որովայնի խոռոչը կլցնի ածխաթթու գազով, որպեսզի ավելի հարմար լինի տեսնել ներքին օրգանների կառուցվածքի առանձնահատկությունները: Դրանից հետո նա կգնահատի օրգանների վիճակը, չափը և դիրքը, ինչպես նաև կնշի էնդոմետրիոզի օջախների առկայությունը: Երբեմն անհրաժեշտ է լինում հյուսվածքներ վերցնել քննության (բիոպսիայի) համար: Հաճախ բժիշկը կարող է համատեղել հետազոտումը և բուժումը, եթե ախտահարումները չափազանց նշանակալի և չափազանց լուրջ չեն: Էնդոմետրիոզով պայմանավորված անպտղության բուժումը դժվար է սկսել առանց ճշգրիտ ախտորոշում տալու, այդ պատճառով լապարասկոպիան անհրաժեշտ է:

Կարո՞ղ է արդյոք էնդոմետրիոզը հանգեցնել անպտղության

Էնդոմետրիոզը կարող է առաջացնել ֆալոպյան փողերի անանցանելիություն կամ ձվարաններում կիստաների գոյացում: Դեպքերի մոտ 3%-ում հենց էնդոմետրիոզն է բերում անպտղության, և դեպքերի 17%-ում այն հանդիսանում է ֆալոպյան փողերում կպումների պատճառ, ինչն էլ խոչընդոտում է բեղմնավորմանը: Սակայն նույնիսկ էնդոմետրիոզի ծանր ձևի պարագայում բնական ճանապարհով հղիանալու հնարավորությունը պահպանվում է: Ամեն ինչ կախված է նրանից, թե հիվանդությունն ինչպես է ազդել վերարտադրողական օրգանների վրա: Եթե էնդոմետրիոզ ունեք և բեղմնավորման հետ կապված խնդիրներ եք զգում, ավելի լավ է որքան հնարավոր է շուտ օգնության դիմել: Մեկ տարի տևող հղիանալու անհաջող փորձերից հետո պետք է դիմել բժշկության օգնությանը:

Բուժման եղանակները

Բուժման միասնական ռազմավարություն գոյություն չունի, կա երկու ուղի՝ դեղորայքային և վիրաբուժական: Ընտրությունը կատարում է բժիշկը հետևյալ գործոնների հիման վրա՝

  • ախտանշանների ծանրությունը,
  • էնդոմետրիոզի օջախների դիրքը և չափը,
  • երեխա ունենալու ցանկությունը,
  • տարիքը, քանի որ տարիքին զուգընթաց ախտանշանները վատթարանում են:

Ի՞նչ անել, եթե փորձում եք հղիանալ

Մանկաբարձ-գինեկոլոգը ձեզ հիվանդանոցի ուղեգիր կտա, որտեղ կկատարեն լապարասկոպիա՝ պարզելու համար ախտահարված են արդյոք արգանդափողերը և ձվարանները: Ձեզ կարող են առաջարկել նաև փոքր կոնքի օրգանների տրանսվագինալ ուլտրաձայնային հետազոտություն (ցուցիչը մտցվում է հեշտոց): Եթե էնդոմետրիոզը թեթև ձև ունի, բժիշկը կարող է առաջարկել բուժումը հետաձգել 6-12 ամսով, որպեսզի փորձեք հղիանալ առանց բժշկական միջամտության: Եթե ձեզ ուղարկել են ախտորոշիչ լապարասկոպիայի, բժիշկը ձեզ հետ կքննարկի հետազոտման ընթացքում բուժման հնարավորությունը, եթե դա անհրաժեշտ լինի:

Էնդոմետրիոզի օջախները հեռացվում են լազերի կամ վիրաբուժական գործիքի օգնությամբ, և ավելի լավ կլինի դա անել ախտորոշիչ վիրահատության ժամանակ, քան կրկին վերադառնալ լապարասկոպիայի: Այսպես կոչված արգանդափողերի մաքրումը, որն այժմ հազվադեպ է կիրառվում, նույնպես թույլ կտա վերացնել կպումները, երբեմն կիրառվում է որպես վիրաբուժական միջամտության այլընտրանք: Որոշ զույգեր ստիպված են լինում դիմել արհեստական բեղմնավորման որևէ տեսակի, եթե վիրաբուժական մեթոդները չեն օգնել, կամ եթե փոքր էնդոմետրիոզի դեպքում հղիանալ չի հաջողվում մեկ տարվա ընթացքում: Վերջին դեպքում ավելի հաճախ առաջարկվում է ներարգանդային սերմնավորման մինչև վեց փորձ: Եթե վիրաբուժական մեթոդներն իրենց սպառել են, իսկ ներարգանդային սերմնավորումը հաջողության չի բերել, կամ եթե իմաստ չունի այն կիրառել (օրինակ՝ առկա է անպտղության տղամարդու գործոն), բժիշկը կարող է խորհուրդ տալ ԱՄԲ: ԱՄԲ-ն արդյունավետ է դեպքերի 25%-ում, սակայն էնդոմետրիոզ ունեցող կանանց մոտ այդ ցուցանիշը դեռևս անհասկանալի պատճառներով ավելի ցածր է:

Եթե էնդոմետրիոզ ունեք և տվյալ պահին ցանկանում եք հղիանալ, ապա դեղամիջոցային բուժում չի նշանակվի: Էնդոմետրիոզի բուժման համար նշանակվող դեղամիջոցներն արգելակում են ձվազատման պրոցեսը կամ կարող են վնասակար ազդեցություն ունենալ սաղմի վրա: Բացառություն է գոնադոտրոպին արտադրող հորմոնը, որն արգելակում է ձվազատմանը նպաստող հորմոնների արտադրությունը: Տվյալներ կան, որ այդ դեղամիջոցի եռամսյա կուրսը ներարգանդային սերմնավորումից առաջ բարձրացնում է էնդոմետրիոզ ունեցող կանանց հղիանալու հավանականությունը:

Մեթոդների արդյունավետությունը

Լապարասկոպիկ վիրահատությունը երկու անգամ բարձրացնում է հղիանալու և առողջ երեխա լույս աշխարհ բերելու շանսերը, եթե առկա է էնդոմետրիոզի թեթև տեսակը: Այս պարագայում վիրահատական միջամտություններն ունեն 81-84% արդյունավետություն՝ կախված կիրառվող տեխնոլոգիաներից և եթե չկան այլ վերարտադրողական խնդիրներ: Եթե հիվանդությունը միջին կամ ծանր աստիճանի է (ներառյալ ձվարանների ախտահարումը), ապա վիրահատությունից հետո հղիանալու շանսերը բարձրանում են 36-66%: Բեղմնավորման հավանականությունը հասնում է առավելագույնի միջամտությունից հետո մեկ տարվա ընթացքում, քանի որ էնդոմետրիոզը հակված է կրկնվելու: էնդոմետրիոզի դեպքում արգանդափողերի մաքրումը 7 անգամ մեծացնում է հղիանալու հավանականությունը, իսկ առողջ երեխա կրելու և ծննդաբերելու հավանակնությունը՝ 5 անգամ: Այնուամենայնիվ, ինչպես արդեն նշվել էր վերևում, այս մեթոդը գրեթե չի կիրառվում:

Ինչպե՞ս բուժել էնդոմետրիոզը, եթե չեք պլանավորում հղիություն

Եթե չեք պատրաստվում երեխա լույս աշխարհ բերել, և եթե ախտանշաններն անհանգստություն չեն պատճառում, ապա բժիշկը չի առաջարկի բժշկական միջամտություն, այլ պարզապես կհետևի ձեր վիճակին, քանի որ էնդոմետրիոզը սովորաբար վերանում է դաշտանադադարից հետո, երբ ձվազատումը և դաշտանը դադարում են: Եթե անպտղության խնդիրչունեք, իսկ ախտանշանները թեթև անհանգստություն են պատճառում դաշտանի ժամանակ, կարելի է անհրաժեշտության դեպքում ընդունել ցավազրկող դեղորայք: Էնդոմետրիոզի ախտանշանների վերահսկման ոչ վիրահատական մեթոդը դեղորայքի ընդունումն է, որոնք կկարգավորեն հորմոնալ ֆոնը՝ օրալ հակաբեղմնավորիչներ, պրոգեստերոնային պրեպարատներ և այլն: Այս կերպ դադարեցնում եք ձվազատման գործընթացը, և արդյունքում արգանդի ներքին հյուսվածքները և էնդոմետրիումը դադարում են արյունահոսել յուրաքանչյուր ամիս: Այդ նույն պատճառով փոքր կոնքի օրգաններում չեն զարգանում նոր կիստաներ, կպումներ և բորբոքային պրոցեսներ:

Դեղամիջոցները նաև օգնում են հաղթահարել օրգանիզմում արդեն առկա էնդոմետրիոզը: Տարբեր դեղամիջոցներ միանման արդյունավետ են ախտանշանների հետ պայքարում, սակայն տարբեր են դրանց կողմնակի ազդեցություները: Եթե տվյալ տեսակ դեղամիջոցը չի օգնում, խնդրեք բժշկին փոխարինել այն մեկ այլ միջոցով: Միրենա ներարգանդային համակարգը լեվոնորգեստրել (արհեստական պրոգեստերոն) հորմոնի պարունակությամբ պարույրների բազմազանություն է: Այն բավականին արդյունավետ է: Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ Միրենան էնդոմետրիոզի ժամանակ նվազեցնում է ցավերը, և թույլ է տալիս ավելի քան երեք տարի վերահսկել ախտանշանները: Համակարգը կարելի է կիրառել վիրահատության փոխարեն կամ դրանից հետո՝ էնդոմետրիումի կրկնվող գերաճից խուսափելու համար:

Եթե էնդոմետրիոզը ծանր է ընթանում (խորը թափանցում է օրգաններ և, կամ պատճառում է ուժգին ցավեր), բժիշկը կարող է խորհուրդ տալ վիրաբուժական մեթոդ: Սովորաբար դա կատարվում է լապարասկոպիկ եղանակով՝ գործիքներով կամ լազերով, որոնք կամ կտրում են, կամ վերացնում են էնդոմետրիոզի օջախները: Խիստ ծանր դեպքերում բժիշկը կարող է ախտահարված օրգանը (արգանդ, ձվարաններ կամ ֆալոպյան փողեր) հեռացնելու որոշում կայացնել, եթե իհարկե չեք պատրաստվում հետագայում հղիանալ: 

Որքա՞ն է տևում բուժման արդյունավետությունը

Ներկա պահին հայտնի բոլոր մեթոդերն օգնում են մեղմացնել ախտանշանները, բայց չեն ապահովում լիակատար բուժում: Նույնիսկ հորմոնային թերապիայից կամ վիրահատական միջամտությունից հետո կարող է հիվանդությունը կրկնվել:

Ինչպես մեղմացնել ախտանշանները

Երեք ամիսների ընթացքում գրիառեք գանգատները՝ ընդ որում նշելով ոչ միայն ախտանշանները, այլև աշխատանքի, ակտիվ հանգստի հնարավորության վրա դրանց առաջացրած բացասական ազդեցությունները: Այսպես բժշկի համար հեշտ կլինի ճիշտ ախտորոշում կազմել և օգնել:

Ինչպե՞ս վերացնել ցավը էնդոմետրիոզի ժամանակ

  • ցավային նոպաների ժամանակ փորձեք հարմարավետ դիրքով պառկել, 
  • ընդունեք տաք վաննա,
  • որովայնի ստորին հատվածում ջեռակ դրեք, 
  • խուսափեք փորկապությունից՝ սննդակարգում ավելացնելով բջջանյութի քանակը,
  • կիրառեք հանգստացնող միջոցներ՝ յոգա, խորը շնչառություն և վիզուալիզացիա,
  • խնդրեք բժշկին դուրս գրել ցավազրկող դեղահաբեր կամ գնեք այն, ինչը սովորաբար օգնում է ձեզ:

Կա՞ն կանխարգելիչ միջոցներ

Բժիշկները հաջողությամբ կիրառում են այնպիսի միջոցներ, որոնք օգնում են վերահսկել էնդոմետրիոզի ախտանշանները, բայց այդ հիվանդությունից պաշտպանվելու կամ այն ամբողջապես բուժելու մեթոդները դեռ մնում են անհայտ:

 

Հոդվածի աղբյուրը՝ babycenter.ru, babyblog.ru

views 40863
Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Կանանց

Հղիության ռիսկերը մեծ տարիքում