Ինչու՞ է դաշտանն ուղեկցվում ցավով և ինչպե՞ս պայքարել դրա դեմ
Կրիտիկական օրերին ի հայտ եկող ցավը (ալգոմենորեայի) ծանոթ է շատերին: Դաշտանի ընթացքում ցավը սովորաբար զգացվում է որովայնի ստորին շրջանում, գոտկատեղում, կարող է փոխանցվել վերցայլային գոտուն, մեջքին և կոնքերին: Այն տարբեր բնույթի է լինում՝ պուլսացիոն, բութ, մզզացող, ուժեղ, ձգող: Սովորաբար ի հայտ է գալիս դաշտանից առաջ, իր գագաթնակետին հասնում դաշտանի սկզբնական փուլում և շարունակվում ևս մի քանի օր:
Այդ ժամանակահատվածում հաճախ դիտվում է ընդհանուր թուլություն, սրտխառնոց, ուշաթափություն, ջերմության զգացողություն, գլխի ջղակծկումներ (սպազմ), հաճախացած սրտխփոց: Դաշտանային ցավը ոչ մի ընդհանուր բան չուի ՆԴՀ-ի (նախադաշտանային համախտանիշի) հետ: Այդ նշաններն անհետանում են դաշտանի սկսվելուց հետո: Նաև պետք չէ կրիտիկական օրերի խիստ անհարմարությունը շփոթել ուժեղ արգանդային արյունահոսության հետ (այդ երևույթը կոչվում է մենորագիա):
Մենորագիան առաջանում է արգանդի որևէ ախտաբանության հետևանքով (միոմայի, էնդոմետրիոզի և այլն): Առանձնացվում է ալգոմենորեայի երկու տեսակ՝ առաջնային և երկրորդային: Առաջնայինի դեպքում խախտումները պայմանավորված են լինում արգանդի անատոմիական առանձնահատկություններով (թերզարգացում, սխալ դիրք և այլն): Առաջնային ախտաբանությանն է վերաբերում նաև էնդոկրինային խանգարումներով պայմանավորված դաշտանային ցավը: Երկրորդայինների թվին են պատկանում հիվանդագին զգացողությունները՝ հրահրված բորբոքումներով, էնդոմետրիոզով, ֆիբրոմատոզային հանգույցներով, կիստաներով:
Պատճառները
Սովորաբար դաշտանային ցավն առաջանում է արգանդի ուժեղ կծկումների հետևանքով, որը տեղաշարժում է շերտազատված էնդոմետրիումը: Պրոցեսը սովարաբար կապված է պրոստագլանդինների հետ (հորմոնանման նյութերի, որոնք մասնակցում են դաշտանային ցիկլին): Այդ նյութերն արգանդին ստիպում են ավելի արագ կրճատվել:
Պրոստագլանդինների քանակն ազդում է ցավային զգացողությունների ինտենսիվության վրա: Սակայն նկատի ունեցեք, որ ուժեղ դաշտանային ցավը հաճախ վկայում է օրգանիզմում որոշ խափանումների մասին:
Ցավի առաջացման պատճառներն են՝
- արգանդի թեքվածությունը,
- բորբոքումն արգանդում կամ ձվարաններում,
- պրոգեստերոնի ցածր մակարդակը,
- էնդոմետրիոզը,
- արյան մեջ կալցիումի պակասը,
- ուժեղ սթրեսները և այլն:
Ախտորոշումը
Ախտորոշիչ միջոցառումները գլխավորապես ուղղվում են ցավ առաջացնող ախտաբանությունների բացառմանը: Հարկավոր է համոզվել, որ կույր աղիքի բորբոքման, երիկամային ծակոցների, պիելոնեֆրիտի սրացում չկա: Հիվանդության պատճառը որոշելու համար կատարվում է վերարտադրողական համակարգի և որովայնի խոռոչի օրգանների ՈւՁՀ: Իրականացվում են նաև մեզի և արյան քննություններ (ներառյալ մեզի բակ ցանքսը ախտածին միկրոֆլորայի հայտնաբերման համար):
Իրավիճակներ, որոնք պահանջում են այցելել գինեկոլոգին՝
- ցավն անսպասելիորեն ուժեղանում է,
- ի հայտ են եկել ախտանշաններ, որոնք մատնանշում են բորբոքում (բարձր ջերմություն, թուլություն և այլն),
- դաշտանից հետո առաջացող ցավ,
- ցավը սովորականից երկար է տևում,
- դիտվում է ուժեղ արյունահոսություն,
- ի հայտ են եկել վարակի նշաններ (տհաճ զգացողություններ սեռական ուղիներում, դաշտանից առաջ անբնական կերպով ցավում է գոտկատեղը, նկատվում են արտազատումներ, հոտ, քոր):
Իրավիճակներ, որոնք պահանջում են անհապաղ շտապօգնություն կանչել՝
- գիտակցության կորուստ,
- վեր կենալիս ուժեղ գլխապտույտ,
- սուր, հանկարծակի ջղակծկում որովայնի ներքևում,
- դաշտանի ժամանակ սովորականից ուժեղ է ցավում գոտկատեղը:
Բուժումը
Առաջնային ալգոմենորեայի թերապիան չի կարելի անմիջապես սկսել դեղամիջոցների ընդունումից: Սկզբում անհրաժեշտ է սովորել թուլանալ, պայքարել սթրեսների հետևանքների դեմ, ազատվել վնասակար սովորություններից: Եվ միայն ոչ դեղորայքային բուժման արդյունքի բացակայության դեպքում կարելի է սկսել ընդունել դեղամիջոցներ: Դաշտանային ցավն ուղեկցվում է նյարդահոգեկան խանգարման վառ արտահայտված նշաններով, պահանջում է հանգստացող միջոցներ (կատվախոտ (վալերիանա), պերսեն և այլն):
Հորմոնային բուժում
Բուժման նպատակով հաճախ նշանակում են օրալային հակաբեղմնավորիչներ կամ հեստագեններ: Կանոնավոր ընդունման պարագայում դրական արդյունքն ակնհայտ է լինում: Դաշտանային ցավը կարելի է նվազեցնել հետևյալ մեթոդների օգնությամբ՝
- սպորտ, մարմնամարզություն,
- պետք է կարողանալ թուլանալ, պայքարել սթրեսների դեմ,
- խուսափել գերսառեցումից,
- հրաժարվել ալկոհոլից և նիկոտինից,
- ցիկլի երկրորդ փուլում պետք է նվազեցնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և սեռական ակտերի քանակը,
- սուր ջղակծկումների ժամանակ խորհուրդ է տրվում պառկել, ծնկները մոտեցնել կրծքավանդակին:
Ֆիզիոթերապիայի եղանակներից արդյունավետ է նովոկայինով էլեկտրոֆորեզը: Հաշվի առնելով, որ դաշտանային ցավը մեծամասամբ պայմանավորված է լինում պրոստագլանդինների ավելցուկով, առաջնային ալգոմենորեայի թերապիայի համար օգտագործվում են դեղամիջոցներ, որոնք ճնշում են դրանց արտադրությունը: Կիրառվում են պրոստագլանդինների սինթեզն արգելակող հետևյալ հաբերը՝ նապրոսին, ինդոմետացին և այլն: Երկրորդային ալգոմենորեայի թերապիան ենթադրում է այն առաջացնող ախտաբանությունների վերացում:
Ի՞նչ անել, եթե ուժեղ ցավը նվազեցնում է աշխատունակությունը: Դաշտանի ընթացքում ջղակծկումներից կօգնեն ազատվել ոչ ստերոիդ ցավազրկողները (ասպիրին, իբուպրոֆեն, պարացետամոլ և այլն): Այդ խմբի բոլոր հաբերն ընդունում են ուտելուց հետո և խմում մեծ քանակությամբ ջրով: Նաև կարելի է դաշտանի ընթացքում ընդունել հակակծկանքային ազդեցության ցավազրկողներ (նո-շպա, պապավերին և այլն): Տհաճ զգացողությունների թուլացմանը նպաստում է ճիշտ սննդակարգի պահպանումը: Փորձեք դաշտանից առաջ և դրա ընթացքում չընդունել ալկոհոլ, սահմանափակել տապակած, կծու և թթու ուտեստների ընդունումը: Շատացրեք հեղուկի քանակը: Ջրի փոպարեն ավելի լավ է խմել խոտաբույսերի հանգստացնող թուրմեր, գազարի և բազուկի հյութ: