Ընկուզեղենը հղիության ընթացքում. օգտագործե՞լ, թե՞ ոչ

Ընկուզեղենը հղիության ընթացքում. օգտագործե՞լ, թե՞ ոչ

Ի՞նչ է լսում կինը, երբ բարեկամներին ու ընկերներին հայտնում է իր հղիության մասին: Ուրախության և շնորհավորանքների բացականչություններից հետո սովորաբար հնչում է «այժմ քեզ պետք է լավ սնվել» արտահայտությունը: Խելամիտ խորհուրդ է: Բայց ի՞նչ է նշանակում այդ «լավ սնվելը»: Անհրաժե՞շտ է արդյոք փոփոխել ամենօրյա սննդակարգը, թե դա կարևոր չէ:

Բնականաբար սննդակարգը պետք է փոփոխության ենթարկվի. չէ՞ որ փոքրիկի առողջությունն անմիջականորեն կախված է մոր սննդակարգից: Որոշ սննդաբաններ խորհուրդ են տալիս ամեն օր ընկուզեղեն օգտագործել, բայց արժե արդյոք հավատարիմ մնալ այդ խորհուրդներին և հղիության ընթացքում ամեն օր ընկուզեղեն օգտագործել: Փորձենք հասկանալ:

Հղիության ընթացքում ընկուզեղենի օգտագործման դրական կողմերը

Ընկուզեղենը (ընկույզ, անտառային ընկույզ՝ պնդուկ, հունական ընկույզ, հնդկական ընկույզ, գետնանուշ, նուշ, պիստակ) պարունակում է մեծ քանակությամբ ածխաջրեր, սննդային մանրաթել, միկրոտարրեր և մակրոտարրեր (կալիում, երկաթ, պղինձ, մագնեզիում, կալցիում, ցինկ, ֆոսֆոր և այլն) վիտամիններ (A, B, C, D, E և այլն):

Բացի այդ ընկուզեղենը կազմված է եզակի ամինաթթուներից և բուսական սպիտակուցներից, որոնց առատության շնորհիվ անգամ կարող են փոխարինել մսին: Ընկուզեղենում պարունակվող օգտակար նյութերը կօգնեն պահպանել ապագա մոր և երեխայի առողջությունը: Ընկուզեղենի կիրառման հիմնական դրական կողմերն են՝

  • բարձր կալորիականություն,
  • էներգետիկորեն հարուստ սնունդ,
  • սրտանոթային հիվանդությունների և աթերոսկլորոզի զարգացման ռիսկերի նվազում,
  • մեծ քանակությամբ վիտամիններ, մակրոտարրեր և միկրոտարրեր,
  • կենտրոնական նյարդային համակարգի տոնուսը բարձրացնելու հատկություն,
  • գլխուղեղի ֆունկցիայի կարգավորում,
  • ճարպափոխանակության կարգավորում, բնականոն քաշի պահպանում,
  • տրամադրությունը բարձրացնող հատկություն,
  • ապագա երեխայի ոսկրերի և մկանների աճի համար կարևոր նյութեր:

Հղիության ընթացքում ընկուզեղենի օգտագործման բացասական կողմերը

Անհրաժեշտ է հիշել, որ, չնայած իր օգտակար հատկություններին, ընկուզեղեն հղիության ընթացքում անհրաժեշտ է օգտագործել զգուշորեն: Գոյություն ունեն մի շարք հակացուցումներ: Ներկայացնենք ընկուզեղենի հիմնական բացասական կողմերը:

  • Օրգանիզմը վատ է յուրացնում: Ըստ ԱՀԿ-ի՝ հղի կանանց թույլատրվում է օգտագործել օրական առավելագույնը 25-30 գրամ ընկուզեղեն: Անհրաժեշտ է այն մանրակրկիտ կերպով ծամել կամ մանրացնել ուտելուց առաջ: Պետք է ընկույզը ջրում թրջել, որպեսզի օրգանիզմն այն ավելի լավ մարսի: Սննդաբանները խորհուրդ են տալիս ընկուզեղենը համադրել չրեղենի կամ թարմ, մատղաշ կանաչեղենի հետ:
  • Գրգռում են ստամոքսաղիքային տրակտը: Ընկուզեղենը պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ, որը նպաստում է աղիների աշխատանքի արագացմանը: Եթե հղի կինը տառապում է ստամոքսաղիքային տրակտի հիվանդությամբ, ապա անհրաժեշտ է սննդակարգից հանել ընկուզեղենը կամ ուտել օրական ընդամենը 5-7 գրամ:
  • Ուժեղ ալերգածիններ են: Ընկուզեղենում առկա սպիտակուցի մեծ քանակությունը և՛ առավելություն է, և՛ թերություն: Վատն այն է, որ ընկուզեղենը ոչ միայն հրահրում է ալերգիկ ռեակցիաներ մոր օրգանիզմում, այլև կարող է ալերգիայի հանդեպ նախատրամադրվածություն առաջացնել նաև ապագա փոքրիկի օրգանիզմում: Պետք է ուշադիր լինել հղիության հատկապես երկրորդ և երրորդ եռամսյակներում: Ամենօրյա սննդից բացառեք ընկուզեղենը և շաբաթվա ընթացքում օգտագործեք 1-2 միջուկ: Եթե նախքան հղիությունն ունեցել եք ալերգիկ ռեակցիա ընկուզեղենից, միանշանակ անհրաժեշտ է այն հանել սննդակարգից: Եթե ոչ՝ ամեն դեպքում շտապել պետք չէ: Սկսեք ընկուզեղեն օգտագործել աստիճանաբար՝ օրական սկսած մեկ կամ կես միջուկից ամբողջ շաբաթվա ընթացքում: Այդ ընթացքում օրգանիզմում կկուտակվեն բավարար քանակությամբ ալերգեններ: Հետևեք ձեր ինքնազգացողությանը. եթե ալերգիկ ռեակցիաներ չառաջանան, կարող եք ավելացնել ընկույզի քանակը:

Ընկուզեղենի ո՞ր տեսակն ընտրել հղի կնոջ համար

Ընդհանուր առմամբ գոյություն ունի ընկուզեղենի մոտ 150 տեսակ: Ինչպե՞ս ապագա մայրիկն ընտրի այն տեսակը, որն օգտակար կլինի իր համար: Ահա մի քանի փաստ, որ կօգնեն ձեզ ընտրության հարցում:

  • Գետնանուշը և մայրի ծառի ընկույզն ամենամեծ ալերգածին հատկությամբ ընկույզներն են:
  • Գետնանուշը կարող է առաջացնել անաֆիլակտիկ շոկ և Քվինքեյի (նևրոտիկ) այտուց, այդ պատճառով ավելի լավ է այս տեսակի ընկույզը հղիության ժամանակ օգտագործել նվազագույն քանակությամբ կամ առհասարակ հրաժարվել դրանից:
  • Հունական ընկույզը՝ այսպես կոչված «կյանքի ծառի» պտուղը, սննդաբանների համոզմամբ ամենաօգտակար ընկույզն է:
  • Մոր կամ պտղի քաշի պակասի, պտղի ցածր ակտիվության, մոր ուժեղ հոգնածության դեպքում կօգնի մայրի ծառի ընկույզը:
  • Հեմոգլոբինի բարձրացմանը նպաստում են պնդուկը, հունական ընկույզը և նուշը:
  • Դիմադրողականության բարձրացման և օրգանիզմում նյութափոխանակության գործընթացների բարելավման համար խորհուրդ է տրվում օգտագործել հունական ընկույզ, քեշյու (հնդկական ընկույզ), նուշ, պնդուկ:
  • Հունական ընկույզը, քեշյուն (հնդկական ընկույզ), նուշը և պիստակն ամրացնում են սրտամկանը, կայունացնում են արյան ճնշումը, բարենպաստ ազդեցություն ունենում գլխուղեղի աշխատանքի վրա:

Հիշեք, որ խանութներում վաճառվող ընկուզեղենի ոչ բոլոր տեսակներն է անհրաժեշտ օգտագործել սննդի մեջ: Եթե ընկուզեղենը պահվում է բարձր խոնավության պայմաններում, այն հեշտությամբ բորբոսնում է, որի արդյունքում էլ առաջանում են միկոթույներ՝ առողջության համար վտանգավոր նյութեր: Ուստի եղեք խիստ ուշադիր ընկուզեղեն ընտրելու հարցում:

Հղի կանանց համար ընկուզեղենի օգտակարությունը որոշվում է ապագա մոր օրգանիզմի առանձնահատկությունները հաշվի առնելով և բժշկի հետ խորհրդակցելով: Չնայած իր մեջ պարունակվող օգտակար նյութերին, ընկուզեղենը հղիության ընթացքում անհրաժեշտ է զգուշորեն օգտագործել: Հղիության ընթացքում ցանկացած սնունդ օգտագործելիս լսեք ձեր օրգանիզմին և ապագա փոքրիկին: Այդ կերպ կկարողանաք կազմել հենց ձեզ համապատասխանող առողջ և օգտակար սննդակարգը:

 

views 39718
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում