Սեռական կյանքը հղիության ընթացքում. հոգեբանական և ֆիզիոլոգիական գործոններ

Սեռական կյանքը հղիության ընթացքում. հոգեբանական և ֆիզիոլոգիական գործոններ

Տեղեկանալով հղիության մասին՝ շատերին սկսում է հուզել այդ շրջանում սեռական կյանքի պահպանման հարցը: Պաշտոնական բժշկությունը նախկինի պես խորհուրդ է տալիս հղիության առաջին և վերջին եռամսյակներին խուսափել սեռական հարաբերությունից:

Առաջին եռամսյակ

Հղիության առաջին ամիսներին պտուղը պետք է հիմնովին ամրանա մոր օրգանիզմում, ուստի որևէ խանգարման դեպքում ապագա երեխայի օրգանիզմը դուրս կմղվի. հենց այս շրջանում են ինքնաբեր վիժումներ տեղի ունենում: Այդ պատճառով էլ այն կանայք, ովքեր ունեն վիժման վտանգ, սովորութային վիժումների խնդիր, պետք է առժամանակ դադարեցնեն սեռական կյանքը:

Հաճախ, եթե չկան սեռական հարաբերության հակացուցումներ, հնարավոր է, որ կինը հղիության առաջին ամիսներին ժամանակավորապես կորցնի սեռական ցանկությունը: Տոքսիկոզը, հոգնածությունը և քնկոտությունը խախտում են կնոջ կյանքի սովորական ընթացքը և բարենպաստ ազդեցություն չեն թողնում սեռական հարաբերության վրա:

Եթե այդպիսի դժվարին հուզական ու հոգեբանական վիճակում եք, միաժամանակ տանջում են սրտխառնոցն ու դյուրագրգռությունը, ուժ գտեք ձեր ներսում և փորձեք ամուսնուն բացատրել ձեր վիճակը. չէ՞ որ միգուցե նրա համար բոլորովին անհասկանալի լինի, թե ինչու եք մերժում, նրա սեքսուալությունը, ի տարբերություն ձերինի, նախկին մակարդակում է: Որպեսզի դա վեճի և նեղանալու առիթ չդառնա, ամենայն մանրամասնությամբ բացատրեք ձեր վիճակը:

Թող ամուսնու հետ ձեր շփվելու ձևը հիմնվի մի պարզ բանաձևի վրա՝ ինչ տեսնում եմ, ինչ զգում եմ, դրա մասին էլ խոսում եմ: Օրինակ՝ հորմոնային վերակառուցմամբ պայմանավորված՝ հնարավոր է, որ փոխվի կրծքի զգայունությունը: Եթե նախկինում կրծքին դիպչելը հաճույք էր պատճառում, ապա այժմ կարող է ցավեցնել: Այդ շրջանում ամուսնուն անկեղծ ասեք, թե ինչ եք ուզում՝ քնքշանք ու շոյանք, թե իսկական սեքս:

Եթե այնուամենայնիվ սեռական հարաբերության պահանջ չունեք, առաջին հերթին պետք չէ խուճապի մատնվել, երկրորդ՝ այդ ժամանակ մտածեք ամուսնու մասին: Փորձեք հղիության ամբողջ ընթացքում պահպանել ինտիմ մտերմությունը, եթե չկան հակացուցումներ: Ամուսնուն պետք է հուշել, որ ավելի նուրբ ու հանգիստ լինի իր դրսևորումներում:

Ընդհանուր առմամբ հղիությունը մի շրջան է, երբ իսկապես ստուգվում է ամուսինների ճկունությունը, զիջելու պատրաստակամությունը և տարբեր, այդ թվում նաև սեռական, հարցերին այլ տեսանկյունից նայելու կարողությունը: Փորձը ցույց է տվել, որ եթե հղիության սկզբում հաջողվում է պահպանել նախկին ինտիմ հարաբերությունները, ապա երկրորդ եռամսյակը ավելի հաճելի է լինում:

Հոգեբանները՝ պրենատալ զարգացման մասնագետները, նշում են, որ ամուսինների ներդաշնակ սեռական կյանքը բարենպաստ ազդեցություն է թողնում հղիության ընթացքի վրա: Ուստի այս շրջանում զույգը պետք է ձգտի ներդաշնակ հարաբերությունների կառուցմանը, և պետք չէ, որ կինն իրեն ստիպի սիրով զբաղվել: Դա միայն խորացնում է սկզբնական շրջանի սթրեսը, ինչն իր հերթին մեծացնում է վիժման վտանգը:

Երկրորդ եռամսյակ

Հղիության «ոսկե շրջան» կոչումը վերաբերում է նաև այդ ընթացքում սեռական հարաբերությանը: Սովորաբար առաջին ամիսների հետ կապված բոլոր տհաճ զգացողությունները, վախն ու տագնապը անցնում են, և կինը կրկին սկսում է սեռական ցանկություն զգալ: Տոքսիկոզը նահանջում է, ինքնազգացողությունը՝ լավանում: Օրգանիզմում տարատեսակ փոփոխություններ են լինում՝ շրջանառվող արյան ծավալը մեծանում է, արդյունքում սեռական հարաբերության ընթացքում հեշտոցի և վուլվայի անոթները լցվում են արյունով:

Այդ ընթացքում արագանում է նաև կնոջ սեռական օրգանների խոնավացումը: Բոլոր այս փոփոխությունները նպաստում են հաճելի զգացումների առաջացմանը: Բազմաթիվ կանայք հենց այս շրջանում են առաջին անգամ օրգազմ ապրում: Վերջինն այդ շրջանում անվնաս է և հաճախ նաև օգտակար, քանի որ մարմինը նախապատրաստում է ծննդաբերությանը: Օրգազմին հաջորդող ընդարմությունը և հաճելի թուլությունը հանգստացնում են ու հագեցնում էներգիայով:

Երիտասարդ մայրերի ամենատարածված անհանգստությունը հարաբերության ժամանակ երեխային վնասելն է: Պետք չէ անհանգստանալ, որովհետև երեխան արգանդում է՝ շրջապատված պտղաջրով, ինչը շատ լավ պաշտպանում է նրան: Բացի այս, կինը ներհայեցողությամբ զգում է, թե որ դիրքն է իրեն առավել հարմար, երբ է, որ փորի վրա ճնշումն ուժեղ չէ: Եթե կինն ուրախություն և բավարարվածություն է զգում սիրով զբաղվելիս, ապա փոքրիկին են փոխանցվում մոր բոլոր դրական հույզերը: Սիրո և քնքշանքի մթնոլորտում ամենաներդաշնակ երեխաներն են մեծանում:

Երրորդ եռամսյակ

Երրորդ եռամսյակում հնարավոր է, որ ամուսինների սեռական ցանկությունը կրկին նվազի մի շարք պատճառներով: Հիմնականում դա պայմանավորված է կնոջ ֆիզիկական վիճակով և դրա ստեղծած անհարմարությամբ:

Երբեմն սեռական հակման նվազմանը նպաստում են նաև հոգեբանական գործոնները. մոտալուտ ծննդաբերությունից և անորոշությունից վախի պատճառով կինը կենտրոնանում է այդ ապրումների վրա ու սիրով զբաղվելու ցանկությունը առժամանակ կորչում է:

Պետք է ասել, որ որոշակի խնդիրներ ունենում են նաև տղամարդիկ: Նրանց համար սիրելի կինը ժամանակավորապես զուգորդվում է ապագա երեխայի տան հետ: Դա նշանակում է, որ տղամարդը կնոջ վիճակի միջոցով սկսում է գիտակցել ընտանիքում իր դերը: Եթե անգամ մի կողմ թողնենք հոգեբանական գործոնները, ապա գրեթե միշտ հենց տղամարդուն են բաժին ընկնում կազմակերպական խնդիրները:

Երբեմն ամուսիններին սկսում է անհանգստացնել վաղաժամ ծննդաբերության հարցը, սակայն դա չի պատահի, եթե իհարկե իսկապես չի եկել ծննդաբերության ժամանակը: Խոսելով սեռական շփման ֆիզիոլոգիական կողմի մասին՝ պետք է ընդգծել դրա կարևորությունը կնոջ օրգանիզմը ծննդաբերությանը նախապատրաստելու հարցում: Տղամարդու սերմնահեղուկը պարունակում է պրոստագլանդիններ՝ հորմոններ, որոնք փափկեցնում են արգանդի պարանոցը՝ այն դարձնելով ավելի առաձգական:

Ըստ այդմ՝ նվազում է ծննդաբերության ժամանակ երեխայի անցնելու հետևանքով դրա վնասման վտանգը: Օրգազմի ժամանակ կնոջ օրգանիզմում արտադրվում է օքսիտոցին՝ հորմոն, որ արգանդի մկաններին ստիպում է կրճատվել, ինչն էլ կնոջը հաճելի զգացումներ է պարգևում: Հենց այդ նույն հորմոնն էլ ղեկավարում է ծննդաբերությունը: Բացի այդ, սեռական պարպումն ուղեկցվում է էնդորֆինների՝ երջանկության հորմոնների արտազատմամբ: Հենց այս հորմոնն է ծննդաբերության ընթացքում ծառայում որպես ցավազրկող միջոց: Սեռականորեն ակտիվ կանայք ավելի հեշտ են ծննդաբերում:

Անվնաս սեռական հարաբերության կանոններն ու սահմանափակումները հղիության ընթացքում

Ձեր բժշկի հետ քննարկեք՝ արդյոք կարելի է հղիության ընթացքում սեռական հարաբերություն ունենալ: Այնուամենայնիվ պետք է վստահ լինեք, որ չունեք հակացուցումներ: Խիստ հակացուցումներն են՝

  • քրոնիկական հիվանդությունները,
  • արգանդի պարանոցի վախաժամ բացվելը, 
  • վաղաժամ ծննդաբերության վտանգ,
  • բազմապտուղ հղիությունը,
  • պտղապարկի պատռվածքը պտղաջրի արտահոսքով, 
  • ընկերքի անբարենպաստ ամրացումը, 
  • վարակիչ հիվանդությունները, 
  • նախկինում ունեցած վիժումը:

Հղիության ամբողջ ընթացքում պահպանեք հիգիենայի կանոնները: Երկրորդ եռամսյակից սկսած խուսափեք հեշտոցը ցողելուց, մի օգտագործեք ինտիմ գելեր և ինտիմ հատվածների լվացման այլ միջոցներ: Սեռական ակտից հետո ցավ զգալու կամ արնահոսություն նկատելու դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի:

views 135744
Ի՞նչ օգուտ ունի սեռական հարաբերությունը տարեց հասակում

Հոգեբանություն

Ի՞նչ օգուտ ունի սեռական հարաբերությունը տարեց հասակում

Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Վերարտադրողական շրջան

Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Այլ նյութեր

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ

Այլ նյութեր

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ