Տզրուկաբուժությունը անպտղության դեպքում

Տզրուկաբուժությունը անպտղության դեպքում

Ինչեր ասես, որ չես անի նվիրական նպատակին հասնելու համար՝ հետազոտություններ, ներարկումներ, դեղահաբեր, իսկ հղիանալ այդպես էլ չի ստացվում: Բժիշկները հաճախ հանձնվում են՝ ասելով, որ բժշկությունն անզոր է, իսկ հավատալ դրան չես ուզում: Ինչևէ, այդպիսի դատավճիռը մարդկանց ստիպում է երեխա ունենալու այլ եղանակներ փնտրել: Այս պատճառով բազմաթիվ զույգեր դիմում են ոչ ավանդական բժշկության կլինիկաների, որոնք հաճախ դառնում են բուժվելու միակ հույսը:

Այլընտրանքային բուժման արդյունավետ եղանակներից մեկն է հիրուդոթերապիան կամ տզրուկաբուժությունը, որը կիրառվում է արդեն 2000 տարի: Տզրուկաբուժության առանձնահատկությունը պայմանավորված է օրգանիզմի համակողմանի ապաքինմամբ: Արդյունքը որոշվում է կարևոր մի քանի գործոններով՝ կենսաբանական (տզրուկն արյան մեջ է արտազատում իր թուքը, որը հարուստ է ակտիվ նյութերով), ռեֆլեկտոր (տզրուկներին դնում են մաշկի ռեֆլեքսածին կետերի վրա), մեխանիկական (ներծծում է արյունը): Խոսենք սրանցից յուրաքանչյուրի մասին:

Կենսաբանական գործոն

Բժշկական տզրուկների թուքը համարում են մի ամբողջ «բնական լաբորատորիա»: Հիրուդին ֆերմենտը դանդաղեցնում է արյան մակարդելիությունը, ունի հակաբորբոքային և ցավազրկող հատկություն, վնասված հյուսվածքներում լավացնում է միկրոշրջանառությունը: Արյան հոսքի ուժեղացման և օրգանիզմը թթվածնով հարստացնելու արդյունքում արագանում է նյութափոխանակությունը, բարձրանում է դիմադրողականությունը, լավանում է քունը և ախորժակը: Հիալուրանիդազ ֆերմենտը ներծծող ազդեցություն է գործում և լավացնում բջիջների մեջ այլ ակտիվ նյութերի ներթափանցումը: Վերջիններս հակամանրէային ազդեցություն ունեն և դրականորեն են անդրադառնում արյան կազմի վրա:

Ռեֆլեկտոր գործոն

Կենսաաբանորեն ակտիվ կետերում խայթոցը նման է ասեղնառեֆլեքսաթերապիային: Արդյունքում ակտիվանում է այն օրգանների և համակարգերի աշխատանքը, որոնց բուժմանն ուղղված է հիրուդոթերապիան:

Մեխանիկական գործոն

Տզրուկի խայթոցը թեթևացնում է արյան հոսքը, հիանալի կանխարգելում երակների վարիկոզ լայնացումը:

Այս բոլոր գործոնների փոխազդեցությունը ոչ միայն բուժում է հիվանդությունը, այլև կանխարգելում զարգացման մեխանիզմը:

Հիրուդոթերապիան անպտղության դեպքում

Բացի ընդհանուր կազդուրիչ ազդեցությունից, տզրուկներն ազդում են նաև վերարտադրողական համակարգում առկա խնդիրների վրա:

Կանանց դեպքում՝

  • փոքր կոնքի օրգաններում լավանում է արյան շրջանառությունը, 
  • քչանում են կպումներն արգանդում և արգանդափողերում, 
  • կարգավորվում է սեռական հորմոնների մակարդակը,
  •  նվազում է դաշտանային ցավի ուժգնությունը և նախադաշտանային համախտանիշի արտահայտվածությունը,
  •  փոքրանում են արգանդի և ձվարանների բարորակ ուռուցքները, 
  • բարելավվում է արգանդի լորձաթաղանթի վիճակը, 
  • ներծծվում են էնդոմետրիոզի օջախները, 
  • մեծանում է ԱՄԲ-ի հաջողության հավանականությունը:  

Տղամարդկանց դեպքում՝

  • փոքր կոնքի օրգաններում լավանում է արյան շրջանառությունը, 
  • մեղմվում են շագանակագեղձի բորբոքային պրոցեսները,
  •  պրոստատիտի դեպքում նվազում է ցավը, 
  • բարելավվում է էրեկցիան և սպերմատոգենեզը:

Կախված հիվանդության ծանրության աստիճանից՝ տզրուկներին օգտագործում են որպես ինքնուրույն կամ օժանդակ բուժման միջոց: Այս պարագայում խոսքն անպտղության այն տեսակների մասին է, որոնք պայմանավորված չեն արգանդի, ձվարանների կամ արգանդափողերի բացակայությամբ: Այսպիսի դեպքերում հիրուդոթերապիան կարող է օրգանիզմի վրա թողնել միայն ընդհանուր կազդուրիչ ազդեցություն:

Ինչպես է անցկացվում տզրուկաբուժությունը

Վերարտադրողական համակարգի հիվանդությունների դեպքում տզրուկները հաճախ տեղադրվում են շեքի, հետանցքի և հեշտոցի հատվածներում: Տղամարդկանց դեպքում՝ անուսի և շեքի հատվածում: Տզրուկների քանակը որոշում է բժիշկը՝ հաշվի առնելով այցելուի տարիքը, օրգանիզմի առանձնահատկությունները և ուղեկցող հիվանդությունների առկայությունը: Սեանսների քանակը և պարբերականությունը կախված է ախտորոշումից, տևում է 20-60 րոպե:

Կան որոշ կանոններ, որոնցով պետք առաջնորդվել բուժման ժամանակ:

  1. Սեանսից առաջ չի կարելի օծանելիք կամ հոտավետ կրեմ օգտագործել, քանի որ բույրը կարող է վախեցնել տզրուկներին: 
  2. Հարկավոր է սեանսն անցկացնել օրվա երկրորդ կեսին, քանի որ դրանից հետո հակացուցված է ֆիզիկական աշխատանքը: 

Տզրուկի խաթոցի ցավը մի փոքր ուժեղ է մոծակի խայթոցից: 4-5-րդ օրը խայթոցի կետն սկսում է ուժեղ քոր գալ և այտուցվել, ինչը նորմալ է: Քորը մեղմելու համար կարելի է հատուկ քսուք օգտագործել կամ պարզապես դիմանալ:

Հակացուցումները և բարդությունները

Բարեբախտաբար խիստ հազվադեպ են բարդություններ առաջանում: Դրանցից են ալերգիան, որի դեպքում բուժումը դադարեցվում է, վերքի վարակումը, ինչն առաջանում է քորելու և հիգիենայի կանոնները խախտելու հետևանքով:

Հակացուցումների դեպքում չարժի վտանգել առողջությունը և բուժման կուրս անցնել: Հակացուցումներից են՝ արյան մակարդման հետ կապված հիվանդություններ, օնկոլոգիական հիվանդություններ, սակավարյունություն, ստամոքսաղիքային համակարգի խոց, սուր վարակիչ հիվանդություններ և մարմնի ջերմաստիճանի բարձրացում, թոքախտ, հյուծում, հղիություն, հիպոտոնիա:

Բուժումն իրականացնում է միայն մասնագետը. անփորձ ձեռքերում ցանկացած դեղամիջոց կարող է միայն վնասել: Նշենք նաև, որ ոչ մի մասնագետ չի կարող 100%-ով երաշխավորել, որ անպտղությունը կբուժվի: Այդուհանդերձ փորձը ցույց է տվել, որ կան բազմաթիվ օրինակներ, երբ բնության այս փոքրիկ բուժարար օրգանիզմներն օգնել են հուսահատ ամուսիններին ծնող դառնալ և իսկական ընտանեկան երջանկություն ձեռք բերել:

views 7924
Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Կանանց

Հղիության ռիսկերը մեծ տարիքում