Հղիությունը մեծացնո՞ւմ է սեռական ցանկությունը
Չնայած մեծածավալ տեղեկատվության առկայությանը, մենք դեռևս բազմաթիվ նախապաշարումներով ենք լցված, որոնք բարդացնում են սեռական կյանքը: Սեքսոլոգ և հոգեվերլուծաբան Կատրին Բլանն անդրադառնում է այդպիսի տարածված կարծիքներից մեկին՝ հղիությունը մեծացնում է սեռական ցանկությունը:
Հղիությունը խիստ կարևոր իրադարձություն է կնոջ կյանքում, և այդ նոր կարգավիճակն անշուշտ անդրադառնում է նաև նրա ինքնաընկալման վրա, ինչպես նաև սեռական հարաբերության նկատմամբ նրա վերաբերմունքի վրա: Փոփոխության է ենթարկվում նաև լիբիդոն՝ սեռական հակումը: Որոշ կանայք իրենց կանացիության գագաթնակետում են զգում: Եվ իսկապես, հապա մտածեք, նրանք նոր մարդ են արարում: Դա նրանց չտեսնված ազատության, ամենակարողության, բովանդակալից կյանքի զգացում է հաղորդում, ինչը բարենպաստ ազդեցություն է ունենում նաև նրանց սեքսուալության վրա:
Բացի այդ հորմոնային բնույթի փոփոխություններն ընդգծում են կնոջ էության առանձնահատկությունները և թարմացնում սեռական ցանկությունը: Այլ կանայք այդ զգացումներում իրենց գոյության իմաստալիությունն են տեսնում: Նրանք լիովին տարված են իրենց առաքելությամբ և կորցնում են սեքսի նկատմամբ հետաքրքրությունը: Երբեմն հղիությունը ճնշում է կնոջ սեռական ցանկությունը, քանի որ նրա համար հոգեբանորեն դժվար է համատեղել մայրությունը և սեքսը: Հնարավոր է, որ ապագա մայրն սկսի կարծել, թե սեռական հարաբերությունը կարող է վնասել արգանդում գտնվող երեխային, և ցանկանա պաշտպանել նրան: Պատահում են դեպքեր, երբ կինն սկսում է խորշել իր մարմնից և որոշ ժամանակ առհասարակ հրաժարվում է սեռական կյանքից կամ էլ չի կարողանում մի կողմ դնել երեխայի ներկայության զգացողությունը և կարծում է, որ սեռական հարաբերությամբ զբաղվելիս նաև նրան է ներգրավում այդ գործողության մեջ: Այսպիսի «ժանրերի միախառնման» մեկ միտքն անգամ անմիջապես մարում է զգացմունքների բոցը:
Կինը հազվադեպ է իր հղիությունն սկզբից մինչև վերջ նույն կերպ ընկալում: Առաջին եռամսյակում նա ենթարկվում է իր մարմնում ի հայտ եկած նոր զգացողություններին, երբեմն իրեն թույլ է զգում, սրտխառնուք ունենում, այս ամենը խոչընդոտում են սեռական ցանկությանը: Երկրորդ եռամսյակը հաճախ հաղթանակի շրջան է. կինն իր հղիությունը որպես դրոշակ է կրում, և լիբիդոն կարող է բացահայտվել իր ամբողջ էությամբ: Երրորդ եռամսյակում որոշ կանայք հոգնացություն են զգում և չեն ցանկանում սիրով զբաղվել: Յուրաքանչյուր փուլ իր հետ տարբեր զգացողություններ է բերում, ստիպում այլ տեսանկյունից նայել սեփական անձին՝ փոխելով նաև ցանկությունը: Խորհուրդ է տրվում հղիության ժամանակ սեռական հարաբերությունից չունենալ հղիության առաջին և վերջին երկու ամիսների ընթացքում: Այդ նույն սկզբունքով էլ երկրորդ հղիությունն է այլ կերպ անցնում, այլ ընկալմամբ, նոր բացահայտումներով, հաճախ ամեն բան հանգիստ է ընթանում. չէ՞ որ ամուսիններն էլ արդեն փորձ են ունենում: