Ինչպես ճիշտ հանձնել անալիզները
Մեզնից յուրաքանչյուրն էլ ստիպված է եղել գոնե մեկ անգամ անալիզ հանձնել: Ցավոք ոչ բոլորը գիտեն հետազոտությանը նախապատրաստվելու տարրական կանոնները:
Արյան անալիզ
Արյան անլիզ են վերցնում մատից՝ արյան ընդհանուր հետազոտության համար, երակից՝ մնացյալ բոլոր հետազոտությունների համար: Արյուն կարող եք հանձնել.
- Քաղցած ժամանակ՝ արյան կենսաքիմիական, սերոլոգիական կամ հորմոնային հետազոտության համար:
- Առանց դիետայի պահպանման՝ ընդհանուր հետազոտության համար:
Անալիզ հանձնելուց առաջ անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ խորհուրդներով.
- Եթե արյան անալիզ է հանձնվում ընդհանուր հետազոտության նպատակով, ապա չի կարելի դրան նախորդող մեկ ժամվա ընթացքում որևէ բան ուտել: Քաղցած ժամանակ արյուն հանձնելու անհրաժեշտության դեպքում պետք է սնունդն ընդունել հանձնումից 8-12 ժամ առաջ:
- Խորհուրդ է տրվում անալիզից մի քանի օր առաջ չօգտագործել յուղոտ կամ տապակած սնունդ և ալկոհոլային խմիչքներ:
- Ծխախոտ ևս չպետք է օգտագործել, միայն թե արյունը հանձնելուց առաջ մի քանի ժամվա ընթացքում:
- Եթե արյունը հանձնվում է նրանում առկա որոշակի հորմոնների կամ երկաթի մակարդակի որոշման նպատակով, ապա պետք է հանձնել առավոտյան ժամը 10:00-ից ոչ ուշ:
Կան որոշակի գործոններ, որոնք խեղաթյուրում են իրական պատկերը, որի հետևանքով հետազոտության արդյունքները կարող են սխալ մեկնաբանվել: Այդ գործոններից են.
- Հետազոտությանը նախորդող ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և ապրումները:
- Հետազոտության նախօրեի տաք լոգանքը:
- Որոշ տեսակի դեղերի ընդունումը:
- Սովապահությունը կամ սպիտակուցային դիետան:
- Արյան հանձնմանը նախորդող ռենտգենը և ախտորոշիչ ու ֆիզիոթերապևտիկ մի շարք միջամտությունները:
Այդպիսի դեպքերում խորհուրդ է տրվում վերահանձնել անալիզը՝ բացառելով նմանատիպ գործոնները, որպեսզի խուսափեք սխալ և անհիմն նշանակված բուժումից:
Մեզի հետազոտություն
Մեզի անալիզը հավաքելու համար պետք է չոր, ստերիլ տարա: Որպես տարա կարող է ծառայել երեխաների սննդի մանրէազերծված ապակե անոթը կամ դեղատնից գնված հատուկ տարան:
Ընդհանուր հետազոտության համար տրվող մեզը
- Հետազոտության համար անհրաժեշտ է առավոտվա առաջին կոնցենտրացված մեզը:
- Մեզը հավաքելուց առաջ պետք է մանրակրկտորեն լվանալ սեռական օրգանները, որպեսզի տարայի մեջ չթափանցեն նաև միկրոօրգանիզմներն ու էպիթելը (հեշտոցային արտադրությունը):
- Պետք է հավաքել մեզի միջին չափաբաժինը: Այսինքն՝ տարան պետք է պահել միզարձակման մեջտեղում կամ մի փոքր շուտ՝ չթողնելով, որ տարա լցվի մեզի առաջին և վերջին կաթիլները: Մեզի նախընտրելի չափը մոտ 100մլ-ն է, 50մլ-ից ոչ պակաս:
- Մեզը պետք է տանել լաբորատորիա վերցնելուց հետո 1 ժամվա ընթացքում:
Կենսաքիմիական հետազոտման համար տրվող մեզը
- Բաց թողնելով առավոտվա առաջին միզարձակումը՝ մնացյալ, այդ թվում նաև հաջորդ առավոտվա մեզը պետք է հավաքել մեկ տարայում:
- Հավաքած մեզի տարան հավաքման ամբողջ ընթացքում պետք է պահել սառնարանում:
- Օրվա ընթացքում օգտագործել սովորական քանակով հեղուկ:
- Հավաքելուց հետո խառնել և չափել ամբողջ մեզի ծավալը՝ թիվը գրելով առանձին թղթիկի վրա, չմոռանալ նշել նաև ձեր քաշը:
- Լաբորատորիայում անհրաժեշտ է լինելու ընդամենը 50-100 մլ-ը, այլ ոչ թե ամբողջ օրվա ընթացքում հավաքած 1.5-2 լ մեզը: Առանձնացրեք այդքանը և թղթի հետ տարեք լաբորատորիա:
Խորհուրդ չի տրվում.
Մեզը հանձնել դաշտանի ընթացքում, քանի որ տարայի մեջ կարող է անցնել նաև դաշտանային արտադրությունը, որն էապես կանդրադառնա արդյունքների վրա: Մեզը հանձնելուց մեկ օր առաջ պետք է չուտել այնպիսի սնունդ, որը կգունավորի մեզը, չօգտագործել միզամուղ դեղեր և սպիրտային խմիչք:
Կղանքի հետազոտություն
Հավաքելու կարգը
- Նախապատրաստել ստերիլ տարա:
- Նախապես դատարկել միզապարկը, որպեսզի կղկղանքի մեջ մեզ չանցնի:
- Պետք է արտաթորել մանրէազերծված և եռացրած ջրով ողողած տարայի կամ ափսեի մեջ:
- Կղկղանքի անհրաժեշտ չափը (սովորաբար մոտ 10մլ-ից 2-3 թ.գ.) լցնել տարայի մեջ, ամուր փակել և տանել լաբորատորիա:
Դիսբիոզի (դիսբակտերիոզ) հետազոտության հիմնական պահանջները
Կղկղանքը պետք է հավաքել նախքան դեղորայքի ընդունումը: Կարելի է հանձնել թարմ կղանքը, որը հավաքվել է հետազոտությունից ոչ ուշ, քան 3 ժամ առաջ: Պահանջվում է խստորեն պահպանել ստերիլությունը: Կղանքի կոպրոգրամայի դեպքում խորհուրդ է տրվում հանձնումից մի քանի օր առաջ ճօգտագործել յուղոտ և տապակած ուտեստներ՝ նախընտրությունը տալով կաթնամթերքին, մրգեղենին, ձվին և բանջարեղենային ուտեստներին:
Ցանկացած հետազոտության պարագայում չի կարելի հանձնել թուլացնող միջոցների կամ հոգնայի միջոցով ստացված կղանքը: Ինչպես նաև պիտանի չէ այն կղանքը, որը հավաքվել է ռենտգենյան հետազոտությանը հաջորդող 2 օրերի ընթացքում: Բացի այդ, հետազոտության նմուշը հանձնելուց մեկ շաբաթ առաջ պետք է դադարեցնել այնպիսի դեղորայքի ընդունումը, որը կարող է ազդել մարսողական բոլոր գործընթացների վրա (թուլացնող, ֆերմենտային միջոցներ, վիտամիններ):
Սերմնահեղուկի հետազոտություն
Որպեսզի սպերմոգրաման հավաստի լինի, պետք է անալիզը հանձնելուց առաջ 4-5 օրերի ընթացքում հետևել ստորև նշված կանոններին: Լիակատար սեռական ժուժկալություն: Հրաժարում ալկոհոլային խմիչքներից, տարատեսակ դեղերից և տաք լոգանքից կամ շոգեբաղնիքից: Սերմնաբջիջը կարող եք հավաքել հատուկ տարայում՝ լաբորատորիայում կամ տանը: Հետազոտության համար պիտանի է այն սերմնաբջիջը, որը հավաքվել է հետազոտությունից առաջ ոչ ուշ, քան 1 ժամ առաջ: Պահպանակի օգտագործումն անթույլատրելի է, քանի որ սերմի ցուցանիշները կարող են զգալիորեն վատանալ: Բեղմնավորելու հատկության հետ կապված եզրահանգումը կատարվում է նվազագույնը 3 սպերմագրամայի հիման վրա, որոնք անցկացվել են որոշակի ժամանակային պարբերականությամբ: