Այլ նյութեր
46 տարվա հղիություն. «քարե երեխայի» երևույթը
Մարոկկացի 75-ամյա Զառա Աբուտալիբի անհավանական պատմությունն սկսվել է 1955 թվականին, երբ երկունքի ցավերով նա գնացել է ծննդատուն: Այնտեղ Զառայի աչքի առջև ծննդկաններից մեկը, ում կեսարյան հատում էին արել, մահացել է: Զառան այնքան է վախեցել, որ փախել է հիվանդանոցից:
Մարոկկոյի մշակույթում մի ավանդապատում կա, որի համաձայն երեխան կարող է երկար ժամանակ ապրել մոր արգանդում՝ նրա պատիվը պահելու համար: Թերևս Զառան այնքան լուրջ է ընդունել և սրբորեն հավատացել այս պատմությանը, որ դարձել է իրական անհավատալի պատմության հերոսուհի:
Զառան մոտ 46 տարի երեխային կրել է արգանդում: Հետո որովայնի անտանելի ցավը նրան ստիպել է այնուամենայնիվ դիմել բժշկի: Ծննդատանը «քնած երեխային» հայտնաբերել են ուլտրաձայնային հետազոտությամբ: Պարզվել է, որ դա եղել է արտարգանդային հղիություն: Սովորաբար արտարգանդային հղիություններն ավարտվում են վիժմամբ կամ վաղաժամ ծննդաբերությամբ, քանի որ վտանգավոր են կնոջ առողջության համար: Զառայի «քնած երեխան», սակայն, ինչ-որ անհասկանալի պատճառով կնոջ օրգանիզմի կողմից ընկալվել է որպես յուրատեսակ լրացուցիչ օրգան:
Նշենք, որ այս երևույթը բժշկության մեջ կոչվում է լիտոպեդիոն (հուն.՝ լիտո՝ քար, պեդ՝ երեխա)՝ արգանդում մահացած և քարացած պտուղ: Սա հազվադեպ հանդիպող երևույթ է և պատահում է այն դեպքում, երբ պտուղը մահանում է արտարգանդային հղիության ընթացքում: Որպեսզի մոր օրգանիզմը պաշտպանի իրեն պտղի քայքայված հյուսվածքների հետևանքով առաջացած վարակներից, սկսում է այն պատել կալցինացված նյութով՝ այն վերածելով քարանման մի բանի:
Վերջին 400 տարիների ընթացքում բժշկական գրականության մեջ հիշատակվում է մոտ 300 նմանատիպ դեպք: