Արգանդի հեմատոման հղիության ժամանակ

Արգանդի հեմատոման  հղիության ժամանակ

Առավել հաճախ «հեմատոման» նույնացվում է ինչ-որ լուրջ վնասվածքի հետ: Այդ պատճառով հղի կանանցից շատերը, հղիության վաղ շրջանում ուլտրաձայնային հետազոտության ժամանակ լսելով, որ արգանդում հայտնաբերվել է ռետրոխորիալ հեմատոմա, սկսում են տագնապել: Այդ տագնապը լիովին հասկանալի է. չէ՞ որ հղիության ընթացքում արգանդի հեմատոման ենթադրում է ձվաբջջի մասնակի շերտազատում և հղիության ընդհատման վտանգ: Պետք չէ մոռանալ նաև այն մասին, որ ավելորդ գերհույզերը միայն վատացնում են վիճակը:

Ինչո՞ւ է հղիության վաղ շրջանում հեմատոմա առաջանում

Հեմատոմայի առաջացման պատճառները շատ են: Պատճառ կարող են հանդիսանալ հորմոնային խանգարումները, ինֆեկցիոն կամ քրոնիկական բորբոքային հիվանդությունները, ֆիզիկական կամ նյարդային ծանրաբեռնվածությունը, սեռական հարաբերությունը և այլն:

Ռետրոխորիալ հեմատոմայի առաջացման բուն ընթացքը մոտավորապես այսպիսին է. ներքին կամ արտաքին տարբեր գործոնների ազդեցության հետևանքով ձվաբջիջն սկսում է առանձնանալ արգանդի պատերից, արյունատար անոթներն այդ տեղում պատռվում են և անջատման տեղում ձևավորվում է արյան թանձրուկով լի հատված, որն էլ հենց կոչվում է հեմատոմա:

Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ ռետրոխորիալ հեմատոմայով հիվանդների մոտավորապես 65%-ի անամնեզում կամ հետազոտության ժամանակ հայտնաբերվում է այնպիսի պաթոլոգիա, ինչպիսին է թրոմբոֆիլիան: Իրականում հազվադեպ է հնարավոր լինում հայտնաբերել ձվաբջջի շերտազատման իրական պատճառը և հետևաբար նաև հեմատոմայի առաջացման պատճառը:

Ռետրոխորիալ հեմատոմայի ախտանիշները

Ախտանիշները շատ չեն և սովորաբար նույնն են բոլոր կանանց համար. դրանք են որովայնի ստորին շրջանում բութ ցավերը և շագանակագույն արտադրությունը: Կարող է նաև արտադրություն չլինել, եթե հեմատոման ձևավորվել, բայց դեռ չի սկսել պարպվել: Հենց արտադրության շագանակագույն գույնն է վկայում, որ հեմատոման աստիճանաբար դուրս է գալիս և, որպես հետևանք, փոքրանում է չափսերով: Այդ պրոցեսը կարող է բավականին երկար տևել, այդ պատճառով պահանջվում է դրական փոփոխության արձանագրման համար հաճախակի ուլտրաձայնային հսկողություն ապահովել: Վառ կարմիր արտադրության առկայությունը վկայում է նոր արյունահոսության և ձվաբջջի շերտազատման տարածքի մեծացման մասին:

Եթե հեմատոմայի հայտնաբերումից որոշ ժամանակ անց այն արդեն չկա ու նաև չի եղել նրա ներծծումն ապացուցող արտադրություն, ապա հնարավոր է, որ հեմատոմա ընդհանրապես չի էլ եղել:

Որքանո՞վ է վտանգավոր հեմատոման պտղի և հղիության համար ընդհանրապես

Այս հարցում շատ բան կախված է հեմատոմայի չափերից: Առավել վտանգավոր են 20 մլ-ից ավել չափի հեմատոմաները, որոնք զբաղեցնում են ձվաբջջի ավելի քան 40% տարածքը: Սրա հետ կապված կարող է անգամ դանդաղել էմբրիոնի աճը, էլ չենք խոսում հետագա շերտազատման մեծացման հավանականության մասին: էմբրիոնի չափսերի մեծացման դանդաղումը 10 օրից ավել վկայում է, որ կա հղիության բացասական ելքի մեծ վտանգ:

Մեծամասամբ ռետրոխորիալ հեմատոման ճիշտ և ժամանակին բուժելու պարագայում հղիությունը շարունակում է հաջողությամբ զարգանալ:

Բուժումը

Հղիության շրջանում ռետրոխորիալ հեմատոմայի բուժման ժամանակ անհրաժեշտ է միանգամից մի քանի նպատակի հասնել, որոնցից գլխավորը հեմատոմայի հետագա զարգացման կանխումն է: Այդ նպատակով հղի կնոջը կարող են նշանակել արյունային արտադրությունը կանգնեցնող դեղամիջոցներ: Կարևոր է նաև վերացնել արգանդի լարվածությունը, ինչը կարող է հանգեցնել վիժման: Բժիշկն ըստ ցուցման կարող է նշանակել մագնե-B6, նո-շպա, պապավերին և այլն:

Պրոգեստերոնային դեղամիջոցները նույնպես հանդիսանում են հեմատոմայի բուժման անբաժանելի մաս: Կարևոր է նաև հղիների համար նախատեսված վիտամինների և ֆոլաթթվի ընդունումը: Բուժման ընթացքը որոշելիս հաշվի է առնվում նաև, որ խորիոնի (թավկենի) շերտազատումը հաճախ բերում է պտղի խրոնիկ հիպոքսիայի (թթվածնաքաղցի) առաջացման, այդ պատճառով անհրաժեշտ է պտղի զարգացման համար ամենաանհրաժեշտ նյութեր ապահովող համապատասխան հաբերի ընդունումը:

Դեղորայքային բուժմանը զուգընթաց անհրաժեշտ է պահպանել բացարձակ ֆիզիկական հանգիստ, ինչը ենթադրում է մինչև հեմատոմայի լրիվ ներծծումը ակտիվ շարժումների, ինչպես նաև ցանկացած ֆիզիկական ծանրաբեռնվածության բացառում: Ուշադրություն է պետք դարձնել նաև ամենօրյա սնունդին. չէ՞ որ աղիների լարվածությունը կարող է հավելյալ խնդիրներ ստեղծել: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ընդունել միայն առողջ, վիտամիններով լի սնունդ, հավի կրցքամիս, բանջարեղեն մրգեր և այլն:

Ռետրոխորիալ հեմոտոմա ունեցող հղի կանայք բուժման ամողջ ընթացքում պետք է լինեն բժիշկների հսկողության տակ: Դա բավականին լուրջ մոտեցում է պահանջում, այդ պատճառով չի կարելի անտեսել բուժող բժշկի նշանակումները հանուն հղիության պահպանման:

Կեսարյան հատում (Կեսարյան ծննդաբերություն)

Կեսարյան հատում (Կեսարյան ծննդաբերություն)

Կեսարյան հատումը (C-section) վիրահատական միջամտություն է…

Հղիության ընթացքում հիմնական հորմոնալ փոփոխությունները

Հղիության ընթացքում հիմնական հորմոնալ փոփոխությունները

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի են ունենում…

Պտղի օձիքային տարածություն:Նորմաները և ե՞րբ անհանգստանալ

Պտղի օձիքային տարածություն:Նորմաները և ե՞րբ անհանգստանալ

Պտղի օձիքային տարածություն (նուկալ թափանցիկություն կամ NT՝ nuchal translucency) սոնոգրաֆիկ պարամետր է…

Մեջքի ցավը հղիության ընթացքում

Մեջքի ցավը հղիության ընթացքում

Մեջքի ցավը հղիության ընթացքում տարածված խնդիր է, որը…