Վերարտադրողական շրջան
Ինչպե՞ս պլանավորել հղիություն օվուլացիայի խանգարման դեպքում
Օվուլացիան կնոջ վերարտադրողական համակարգի առանցքային գործընթացներից է, որի խանգարումը հանդիսանում է անպտղության հաճախ հանդիպող պատճառներից մեկը։ Օվուլյացիոն դիսֆունկցիայի դեպքում հղիության պլանավորումը պահանջում է համակարգված, մասնագիտական մոտեցում և անհատականացված բուժում։
Ի՞նչ է օվուլացիայի խանգարումը
Օվուլացիայի խանգարում է համարվում այն վիճակը, երբ ձվարանից չի արտազատվում հասուն ձվաբջիջ կամ օվուլացիան տեղի է ունենում անկանոն։ Այն կարող է դրսևորվել որպես.
- անօվուլյացիա (օվուլացիայի բացակայություն),
- հազվադեպ օվուլացիա,
- օվուլացիայի ժամկետի խանգարում։
Օվուլացիայի խանգարման հիմնական պատճառները
Օվուլյացիոն դիսֆունկցիան կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, մասնավորապես՝
- պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ (ՊԿՁՀ),
- հորմոնալ խանգարումներ (պրոլակտինի բարձրացում, վահանաձև գեղձի դիսֆունկցիա),
- ցածր կամ բարձր մարմնի զանգվածի ինդեքս,
- քրոնիկ սթրես,
- վաղաժամ ձվարանային անբավարարություն,
- որոշ դեղամիջոցների ընդունում։
Ինչպե՞ս ախտորոշել օվուլացիայի խանգարումը
Հղիության պլանավորումը պետք է սկսվի ամբողջական հետազոտությամբ, որը ներառում է՝
- գինեկոլոգիական զննում,
- հորմոնալ հետազոտություններ
- փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն,
- օվուլացիայի մոնիտորինգ (ֆոլիկուլոմետրիա)։
Հղիության պլանավորման քայլերը օվուլացիայի խանգարման դեպքում
Պատճառի բացահայտում և շտկում
Բուժման արդյունավետությունը կախված է օվուլացիայի խանգարման առաջնային պատճառի ճշգրիտ որոշումից։ Օրինակ՝ վահանաձև գեղձի ֆունկցիայի կարգավորումը կամ պրոլակտինի նորմալացումը կարող են վերականգնել բնական օվուլացիան։
Կյանքի ոճի փոփոխություն
- քաշի կարգավորում,
- հավասարակշռված սնունդ,
- ֆիզիկական ակտիվության օպտիմալացում,
- սթրեսի նվազեցում։
Դեղորայքային խթանում
Օվուլացիայի դեղորայքային խթանումը իրականացվում է միայն բժշկի հսկողությամբ՝ համապատասխան պրոտոկոլների համաձայն։ Խթանման ընթացքում պարտադիր է ուլտրաձայնային վերահսկումը։
Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներ
Եթե պահպանողական մեթոդները արդյունավետ չեն, կարող են կիրառվել օժանդակ վերարտադրողական մեթոդներ՝
- ինսեմինացիա (IUI),
- արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ)։
Ե՞րբ դիմել բժշկի
Եթե կանոնավոր սեռական կյանքի պայմաններում հղիությունը չի գրանցվում մեկ տարվա ընթացքում (կամ 6 ամսվա ընթացքում՝ 35 տարեկանից բարձր կանանց մոտ), անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի: