Ի՞նչ է Մաստէկտոմիան
Մաստէկտոմիա(Мастэктомия) - դա վիրաբուժական միջամտություն է, որի ընթացքում ամբողջությամբ կամ մասամբ հեռացվում են կրծքագեղձի հյուսվածքները: Այս վիրահատությունը կատարվում է քաղցկեղի բուժման կամ դրա կանխարգելման նպատակով:
Մաստէկտոմիա կատարվում է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց:
Ե՞րբ է անհրաժեշտ մաստէկտոմիա
Մաստէկտոմիայի հիմնական ցուցումը տարբեր տեսակի կրծքագեղձի քաղցկեղն է: Դա կարող է լինել.
• ներծորանային կարշինոմա՝ ուռուցք, որը աճում է կաթնային ծորանի ներսում,
• կրծքագեղձի I կամ II (վաղ) փուլը,
• կրծքագեղձի III փուլը. այս դեպքում մաստէկտոմիան կատարվում է քիմիաթերապիայից հետո,
• բորբոքային կարշինոմա՝ արագ աճող ագրեսիվ ուռուցք,
• Պեջետի քաղցկեղ՝ չարորակ ուռուցք, որը ազդում է պտուկների վրա,
• տեղային-ռեցիդիվային քաղցկեղ՝ երբ ուռուցքը վերադառնում է որոշ ժամանակ անց նախորդ բուժումից հետո:
Որոշ կանայք կատարում են մաստէկտոմիա՝ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման նպատակով: Քաղցկեղի հակվածությունը հաճախ փոխանցվում է ժառանգաբար, ուստի կարելի է անցնել գենետիկական թեստավորում: Եթե հայտնաբերվի BRCA1 և BRCA2 գեների մուտացիա, դա բարձրացնում է քաղցկեղի ռիսկը:
Ինչպիսի՞ մաստէկտոմիաներ կան
Կախված ուռուցքի չափից, տեսակից, տեղակայությունից և հիվանդության փուլից՝ բժիշկը կարող է ընտրել մաստէկտոմիայի հետևյալ տեսակներից մեկը.
• Ստանդարտ (պարզ): Հեռացվում է կրծքի ամբողջ հյուսվածքը, պտուկը և մաշկի մեծ մասը:
• Մաշկապահպանող: Բժիշկը հեռացնում է կրծքագեղձը և պտուկը, բայց պահպանում է մաշկի մեծ մասը:
• Պտուկապահպանող: Հեռացվում են կրծքագեղձի բոլոր հյուսվածքները, բայց պահպանվում են պտուկները:
• Ռադիկալ: Հեռացվում են կրծքը, դրա վրայի մաշկը, պտուկը, կրծքագեղձի տակ գտնվող մկանները և թևատակային ավշային հանգույցները: Այս տեսակը շատ հազվադեպ է կատարվում, քանի որ այն շատ վնասակար է:
• Փոփոխված ռադիկալ: Նույնը, ինչ ռադիկալ մաստէկտոմիան, բայց մկանները չեն հեռացվում:
Ինչպե՞ս են ապրում մաստէկտոմիայից հետո
Առաջին մի քանի շաբաթվա ընթացքում վերքը ցավոտ կլինի։ Ուստի կարող եք բժիշկից խնդրել արդյունավետ ցավազրկող։ Որպեսզի նվազեցնեք այտուցն ու տհաճ զգացողությունները, կարելի է կիրառել սառույց, բայց ոչ ավելի, քան 15 րոպե։
Մինչ վերքը չբուժվի, չի կարելի ընդունել տաք լոգանք կամ գնալ լողավազան։ Կարելի է լվացվել ցնցուղի տակ, բայց չպետք է շփել կրծքի մաշկը։
Հետվիրահատական շրջանում կարելի է տանը կատարել ցանկացած աշխատանք, որը ցավ չի պատճառում։ Կարելի է օգտագործել վիրահատված ձեռքը, սակայն սովորաբար արձակուրդ է տրվում 4-8 շաբաթով։
Մեքենա վարել կարելի է միայն այն դեպքում, եթե հիվանդը չի ընդունում նարկոտիկ ցավազրկողներ և չի զգում ցավ ղեկը թեքելուց։
Որոշ կանայք մաստէկտոմիայից հետո օգտագործում են հատուկ կրծկալներ ներդիրով՝ հեռացված կրծքի տեղում ձև ստեղծելու համար։
Կարևոր է նաև հիշել, որ կրծքագեղձի հեռացումից հետո վատանում է լիմֆատիկ հեղուկի արտահոսքը ձեռքից։ Լիմֆեդեմայի (լիմֆատիկ այտուց) կանխարգելման համար բժիշկները խորհուրդ են տալիս հետևել հետևյալ կանոններին.
• Անպայման օգտագործեք վիրահատված ձեռքը։ Կարելի է սանրել մազերը, հագնվել կամ ուտել։
• 2-3 անգամ օրական պահեք ձեռքը սրտի մակարդակից բարձր, օրինակ, պառկած ժամանակ։ Դրա համար դրեք բարձ ձեռքի տակ։ Պահեք այդ դիրքը առնվազն 45 րոպե։ Լիմֆատիկ հեղուկի արտահոսքը բարելավելու համար այս ընթացքում անհրաժեշտ է 15-25 անգամ սեղմել բռունցքը։
• Պաշտպանեք մաշկը վնասվածքներից։ Սափրվելու համար օգտագործեք էլեկտրական սափրիչ, տնային կամ այգեգործական աշխատանքների ժամանակ կրեք ձեռնոցներ, մի արևայրուք ընդունեք առանց SPF 30 քսուքի։ Միջատների խայթոցներից պաշտպանվելու համար օգտագործեք միջատներից պաշտպանող միջոցներ։
• Եթե անհրաժեշտ է արյուն հանձնել կամ ներարկում կատարել, խնդրեք, որ առողջ ձեռքի երակից վերցնեն։
• Մի՛ վերցրեք շատ սառը կամ շատ տաք առարկաներ։ Չի կարելի այցելել շոգեբաղնիք կամ սաունա։
• Մի՛ կրեք խիստ հագուստ կամ զարդեր, որոնք կարող են սեղմել մաշկը և վատացնել լիմֆատիկ հեղուկի արտահոսքը վիրահատված ձեռքից։
• Ձեռնափայտը կամ պայուսակը կրեք միայն առողջ ձեռքում։
Որոշ դեպքերում, լիմֆատիկ հեղուկի արտահոսքը բարելավելու համար բժիշկները նշանակում են հատուկ վարժություններ, մերսում կամ սեղմող թևք, որը պետք է կրել գիշերը։ Հնարավոր է, որ այս կանոնները պետք է պահպանել ամբողջ կյանքի ընթացքում։