Ինչպե՞ս է կատարվում մամոգրաֆիան և ինչպե՞ս են մեկնաբանվում արդյունքները

Ինչպե՞ս է իրականացվում մամոգրաֆիան
Մամոգրաֆիան իրականացվում է հատուկ տոմոգրաֆի վրա, որը նախատեսված է միայն կրծքագեղձի հյուսվածքների հետազոտման համար: Ռենտգենյան ճառագայթման դոզան այս հետազոտության ժամանակ շատ ավելի փոքր է, քան այն, որն անհրաժեշտ է մարմնի այլ մասերի՝ օրինակ թոքերի կամ ոսկորների, նկարահանման համար:Հետազոտությունից առաջ հիվանդը մերկանում է մինչև գոտկատեղ և կանգնում է ապարատի դիմաց: Ռենտգենաբանն ուղղում է կնոջ կուրծքը սարքի տախտակին, իսկ վերևից իջեցնում է ևս մեկ տախտակ: Կուրծքը մնում է սեղմված 10-15 վայրկյան: Այդ ժամանակը բավական է առաջին նկարը կատարելու համար: Այնուհետև ռենտգենաբանն փոխում է կրծքի դիրքը, որպեսզի կատարի երկրորդ նկարը, բայց արդեն այլ անկյան տակ: Դրանից հետո ամբողջ հետազոտությունը կրկնվում է՝ երկրորդ կրծքի համար:
Որոշ կանայք կարող են ցավ զգալ կրծքի սեղմումից: Այդ դեպքում կարելի է հայտնել ռենտգենաբանին, որպեսզի նա կարգավորի սեղմման աստիճանը:
Ինչքան ժամանակ է տևում հետազոտությունը
Ընդհանուր գործընթացը տևում է մոտ 20 րոպե, իսկ կրծքի սեղմումը՝ յուրաքանչյուր նկարի համար՝ 15-20 վայրկյան:
Ինչ կարող է ազդել մամոգրաֆիայի արդյունքների վրա
Հետազոտության արդյունքների ճշգրտությունը կարող է կախված լինել՝
• Կոսմետիկ միջոցների օգտագործումից՝ դեզոդորանտ, անտիպերսպիրանտ, փոշի, լոսյոններ, կրեմեր կամ օծանելիքներ թևատակերի, կրծքի վրա կամ դրա տակ: Այս նյութերը կարող են երևալ նկարներում սպիտակ բծերի տեսքով, ինչը կարող է բարդացնել պատկերների վերլուծությունը:
• Կրծքի իմպլանտներից կամ չափից: Եթե ունեք իմպլանտներ կամ մեծ կուրծք, հնարավոր է պահանջվեն ավելի շատ նկարներ՝ հավաստի տվյալներ ստանալու համար:
• Տարբեր ախտանիշներից՝ օրինակ, պտուկներից արտահոսք: Սա կարող է պահանջել լրացուցիչ նկարներ և հատուկ ուշադրություն որոշակի հատվածների վրա մամոգրաֆիայի ընթացքում:
Ինչպես մեկնաբանել մամոգրաֆիայի արդյունքները
Հետազոտությունից հետո ռենտգենաբանը դասակարգում է արդյունքները BI-RADS համակարգով: Ահա հնարավոր արդյունքների մեկնաբանությունը՝
• BI-RADS 0 — հետազոտությունը թերի է, անհրաժեշտ է լրացուցիչ գնահատում: Ռենտգենաբանը կարող էր նկատել անոմալիա, բայց այն հստակ չէր:
• BI-RADS 1 — կրծքագեղձը նորմալ վիճակում է: Կուրծքը համաչափ է, առանց հյուսվածքային խտացման, դեֆորմացիաների կամ կասկածելի կալցիֆիկացիաների: Սա նշանակում է, որ նոր կամ անոմալ որևէ բան չի հայտնաբերվել:
• BI-RADS 2 — առկա է բարորակ գոյացություն: Հետազոտությունը չհայտնաբերեց քաղցկեղ, բայց կրծքում կան այլ կառուցվածքներ, օրինակ՝ բարորակ կալցիֆիկացիաներ կամ ավշային հանգույցներ:
• BI-RADS 3 — հայտնաբերվել է, հավանաբար, բարորակ գոյացություն: Նման արդյունքի դեպքում քաղցկեղի հավանականությունը կազմում է ոչ ավելի, քան 2%: Սովորաբար խորհուրդ է տրվում կրկնակի մամոգրաֆիա 6-12 ամիս անց՝ համոզվելու համար, որ գոյացությունը կայուն է և չի պահանջում բիոպսիա:
• BI-RADS 4 — կրծքում առկա է կասկածելի անոմալիա, որը կարող է լինել չարորակ: Խորհուրդ է տրվում բիոպսիա:
• BI-RADS 5 — հայտնաբերվել է գոյացություն, որի դեպքում քաղցկեղի հավանականությունը կազմում է առնվազն 95%: Այս դեպքում ախտորոշումը հաստատելու համար անհրաժեշտ է բիոպսիա:
• BI-RADS 6 — կրծքում կա չարորակ ուռուցք, որը հաստատվել է նախորդ բիոպսիայով: Այս դեպքում մամոգրաֆիան օգտագործվում է բուժման արդյունավետությունը գնահատելու համար:
Նմանատիպ նյութեր
