Համեղ դոնդող պատրաստելու տարբեր բաղադրատոմսեր կան: Այս քաղցրավենիքով տարվելն այնքա՜ն հեշտ է․ մեկ չափաբաժինը սովորաբար առաջացնում է միաժամանակ և՛ հաճույքի, և՛ մեղքի զգացում։
Միգուցե այնուամենայնիվ պետք է հրաժարվե՞լ, կամ գուցե ո՞չ․ դոնդողն ավելի շատ օգտակա՞ր է, թե՞ վնասակար։
Դոնդողի բաղադրիչները կարող են տարբեր լինել. սովորաբար այն պատրաստվում է ժելատինով, ագար-ագարով կամ պեկտինով։
Առաջին հայացքից վերջին երկուսը լիովին«անվնաս» են թվում, քանի որ ունեն բուսական ծագում: Բայց ցանկացած արտադրանք ունի ինչպես իր առավելությունները, այնպես էլ թերությունները: Եկե՛ք սկսենք պեկտինից։
Պեկտինով պատրաստված դոնդողի օգտակար հատկությունները
Պեկտինն օգնում է կայունացնելու նյութափոխանակությունը, նվազեցնում է խոլեստերինի մակարդակն օրգանիզմում, բարելավում է ծայրանդամների արյան շրջանառությունը և աղիքային պերիստալիզը: Պեկտինի կիրառությունն օգտակար է աղեստամոքսային տրակտի բորբոքային գործընթացների և խոցային հիվանդությունների դեպքում: Պեկտինն ունի կենդանի օրգանիզմները վնասակար նյութերից մաքրելու եզակի գործառույթ(ռադիոակտիվ տարրեր, թունավոր մետաղների իոններ, թունաքիմիկատներ): Դրա հետ մեկտեղ այն չի խախտում օրգանիզմի մանրէաբանական հավասարակշռությունը։
Պեկտինով դոնդողի վնասակար հատկությունները
Պեկտինը՝ պոլիսախարիդ է: Ավելին, դժվար է պատկերացնել պեկտինով դոնդող պատրաստելու բաղադրիչների ցանկն առանց շաքարավազի: Եվ, իհարկե, որտեղ շաքարավազ, այնտեղ լրացուցիչ կալորիաներ: Պեկտինի կալորիականությունը՝ 100 գրամի դեպքում՝ 340 կկալ է։ Անհապաղ՝ դիետա: Ավելորդ պեկտինը խանգարում է արժեքավոր հանքանյութերի կլանմանը(երկաթ, կալցիում, մագնեզիում, ցինկ): Պեկտինի օգտագործման դեպքում աղիքներում ֆերմենտացման գործընթացներ կարող են սկսվել, ինչպես նաև վատթարանալ սպիտակուցների ու ճարպերի մարսողականությունը: Եզրակացությունը պարզ է. մի՛ տարվեք պեկտինով: Այնուամենայնիվ, եթե պեկտին ստանում եք բնական մրգերից և բանջարեղեններից, ոչ թե հատուկ հավելումներով(հեղուկ, փոշի), այդ դեպքում մեծ չափաբաժինը բացասական ազդեցություն չի ունենա օրգանիզմի վրա։ Իսկ ի՞նչ գիտենք հիմնական«մրցակցի» մասին:
Ժելատինով դոնդողի օգտակար հատկությունները
Ժելատինը ստացվում է կենդանիների, ձկների շարակցական հյուսվածքի(մաշկի, ոսկորների, աճառի) մեջ հայտնաբերված կոլագենից: Կոլագենը մանրաթելային սպիտակուց է, որն ապահովում է շարակցական հյուսվածքի առաձգականությունն ու ամրությունը: Քանի որ օրգանիզմը տարեցտարի(տարիքն ավելանալուն զուգընթաց) ավելի քիչ է արտադրում կոլագեն, հետևաբար պաշարներ համալրելը տեղին կլինի։ Ինչո՞ւ... Օրինակ՝ մազերն ու եղունգներն ամրացնելու, կնճիռների դեմ պայքարելու համար։ Ժելատինի հավելումները բարելավում են ոսկրերի առողջությունը, հոդերի շարժունակությունը, թեթևացնում են արթրիտը: Ժելատինը նաև սպիտակուցի աղբյուր է: Այն բարենպաստ ազդեցություն ունի նյութափոխանակության գործընթացների վրա, բարելավում է ուղեղի, մկանների և նյարդային համակարգի աշխատանքը: Ժելատինը կարող է օգնել նիհարելուն, քանի որ այն հագեցնում է քաղցի զգացողությունը։ Ժելատինով կարելի է պատրաստել դոնդող՝ օգտագործելով շատ քիչ շաքարավազ, և վայելել ցածր կալորիականությամբ քաղցրեղեն։
Ժելատինային դոնդողի վնասակար հատկությունները
Դիետայում ժելատինի ավելցուկը պայմաններ է ստեղծում օքսալատային քարերի ձևավորման համար(օքսալաթթվի աղերից), ինչը հանգեցնում է ուրոլիտիասի և լեղապարկի հիվանդության: Ժելատինի ավելցուկը մեծացնում է արյան մակարդումը, ինչը հակացուցված է աթերոսկլերոզ և թրոմբոֆլեբիտի հակում ունեցող անձանց։ Ժելատինն հազվադեպ է առաջացնում ալերգիկ ռեակցիաներ։
Եվ, վերջապես, մնում է հիշել ևս մեկ մթերք, որն անհրաժեշտ է դոնդող պատրաստելու համար։ Նամանավանդ այն դեպքում, երբ ագար-ագարը գերազանցում է ժելատինին իր գելային հատկություններով …
Ագար-ագարի օգտակար հատկությունները
․Երբեմն ագար-ագարը օգտագործվում է որպես լուծողական․ այն դուրս է բերում օրգանիզմի տոքսինները(թույները)
Ագար-ագարը ունի ցածր կալորիականություն, այն կարող են օգտագործել նույնիսկ դիաբետիկները
Ագար-ագարը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և միներալներ, օրինակ՝ յոդ։
Ագար-ագարի վնասակար հատկությունները։
Այն հեշտությամբ չի ներծծվում օրգանիզմում, չափից շատ օգտագործումը կարող է առաջացնել լուծ։
Այն կարող է խախտել աղիքների մանրէների բալանսը, ինչը կհանգեցնի տարբեր վարակների զարգացմանը։