Կրծքով կերակրող մոր ճիշտ սննդակարգը
Հոգատար մայրը ցանկանում է իր երեխային տալ միայն լավագույնը, հետևաբար, կրծքով կերակրման ընթացքում պետք է ուշադիր հետևել սեփական սննդին: Երեխան պետք է ստանա բոլոր անհրաժեշտ նյութերը կաթի միջոցով, ինչպես նաև պետք է խուսափել սննդից, որը կարող է վնաս հասցնել նրա փխրուն առողջությանը: Մայրիկի սննդակարգը պետք է այնպես մշակվի, որ բավարար էներգիա լինի սեփական առողջությունը պահպանելու և երեխայի կարիքները բավարարելու համար: Կրծքով կերակրման ընթացքում խորհուրդ են տրվում մթերքներ, որոնք խթանում են երկարատև լակտացիան: Մանրամասնենք, թե ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել կրծքով կերակրման ընթացքում։
Սննդանյութերի օրական նորման
18-ից 29 տարեկան կինը պետք է օրական ընդունի մոտավորապես 2200 կկալ։ Կրծքով կերակրելու ընթացքում մորն անհրաժեշտ է լրացուցիչ էներգիա․500 կկալ` կրծքով կերակրման առաջին վեց ամիսների ընթացքում, 450 կկալ՝ յոթերորդ ամսից սկսած: Սննդանյութերի հիմնական բաժինը ածխաջրերն են, իսկ սպիտակուցների և ճարպերի անհրաժեշտությունը շատ ավելի ցածր է։ Հիմնական հանքանյութերից են՝ ֆոսֆորը, մագնեզիումը, յոդը, երկաթը և ցինկը: Կրծքով կերակրման ընթացքում սննդակարգը պետք է հարուստ լինի A, C, E, PP, D վիտամիններով, ֆոլաթթվով և B խմբին պատկանող այլ վիտամիններով: Բոլոր մթերքները պարունակում են սննդանյութեր, վիտամիններ և հանքանյութեր, սակայն դրանցից բոլորը չէ որ օգտակար են կրծքով կերակրման ընթացքում։ Մայրը պետք է ընտրի այն մթերքները, որոնք անհրաժեշտ են երեխային և չեն պարունակում վնասակար հավելումներ։
Կարող եք կարդալ նաև՝ Կրծքի կաթի պահպանումը
Թույլատրելի մթերքները կրծքով կերակրման ընթացքում
Շիլաներ
Գրեթե բոլոր հացահատիկային շիլաները կարող են ներառվել սննդակարգ `գարի, վարսակ, հնդկացորեն, եգիպտացորեն և բրինձ: Կարելի է պատրաստել ջրով կամ կաթով։ Ակնթարթային պատրաստման համար նախատեսված շիլաներից պետք է խուսափել, քանի որ դրանց հատիկները ենթարկվում են վերամշակման, ինչը վերացնում է վիտամիններն ու մանրաթելերը: Բացի այդ, դրանք հաճախ պարունակում են վնասակար հավելումներ `համեմունքներ, քաղցրացուցիչներ և այլն:
Բանջարեղեն
Կերակրող մայրը պետք է շատ բանջարեղեն ուտի, քանի որ այն հանդիսանում է բարդ ածխաջրերի և վիտամինների կարևոր աղբյուր։ Խորհուրդ է տրվում եփել, շոգեխաշել, թխել, բայց չտապակել: Տապակելիս ձևավորվում են տոքսիններ և քաղցկեղածին նյութեր, որոնք թուլացնում են իմունիտետը, վնաս պատճառում մոր և մանկան օրգանիզմներին։
Մրգեր և հատապտուղներ
Կրծքով կերակրող մոր սննդակարգը ներառում է օրական մոտ 300 գրամ միրգ / հատապտուղ: Ամենաօգտակարը և անվնասը՝ ադամաթուզն է, որը խորհուրդ է տրվում ուտել օրական մեկ հատ։ Խնձորը խորհուրդ է տրվում կեղևազատել և խորովել։ Կարելի է ուտել տարբեր չրեր։ Խորհուրդ չեն տրվում ցիտրուսային մրգերը, ելակը և ազնվամորին, որոնք սուր ալերգեններ են համարվում։ Չորրորդ ամսվանից սկսած՝ երկու օրը մեկ կարելի է նոր միրգ ներմուծել սննդակարգ և հետևել փոքրիկի արձագանքին։
Մսեղեն և ձկնեղեն
Խորհուրդ է տրվում ոչ ճարպոտ միս և ցանկացած ձկնատեսակ։ Թունան և էկզոտիկ ձկնատեսակները (շնաձուկ, թագավորական սկումբրիա) պետք է սահմանափակել։ Ձուկը խորհուրդ է տրվում եփել կամ խորովել։
Կաթնամթերք
Կրծքով կերակրման սննդակարգը ներառում է կեֆիր, կաթնաշոռ, թթվասեր, պանիր, կաթ։
Քաղցրավենիք և խմորեղեն
Թույլատրվում է ուտել փոքր քանակությամբ հրուշակեղեն։ Կարելի է ուտել անուշեղեն, թխվածքաբլիթ, մարմելադ, մրգային ժելե։ Բայց քաղցրավենիք գնելիս պետք է ուշադիր կարդալ բաղադրությունը, որպեսզի չպարունակեն արհեստական բաղադրիչներ:
Ըմպելիքներ
Ճիշտ սննդակարգը կրծքով կերակրման ընթացքում ներառում է որոշ ըմպելիքներ։ Կերակրող մայրը կարող է խմել չգազավորված հանքային ջուր։ Իսկ երկրորդ ամսվանից սկսած `թույլ թեյ և սուրճ, մրգահյութեր։ Օգտակար է խմել հատուկ խոտաբույսային թեյեր, որոնք բարելավում են լակտացիան: Դրանք ներառում են՝ պատրինջ, եղինջ, անիսոն, հիբիսկուս (բաղրջուկ), աղավնիճ և այլ խոտաբույսեր։
Ձու
Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում ուտել կես հավի ձու: Այս դեպքում անհրաժեշտ է հետևել երեխայի արձագանքին, քանի որ այս մթերքը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ։
Յուղ
Թույլատրվում է փոքր քանակությամբ կարագ և արևածաղկի ձեթ:
Ծովամթերքները, ոլոռը, լոբին, ոսպը, ընկույզը և մեղրը կարող են ներառվել սննդակարգ ծննդաբերությունից վեց ամիս հետո: Միևնույն ժամանակ կարելի է սննդին ավելացնել խոտաբույսեր և համեմունքներ։
Արգելված մթերքները կրծքով կերակրման ընթացքում
Սննդակարգից պետք է բացառել․
Ալկոհոլը
Կիսաֆաբրիկատները
Չլուծվող սուրճը և էժանագին թեյը
Շոկոլադը
Ներկանյութերով պատրաստված հրուշակեղենը
Հավելումներ պարունակող մթերքները
Կծու բանջարեղենը և համեմունքները․ պղպեղ, սխտոր, սոխ, բողկ և այլն
Ապխտած միսը
Ճարպոտ միսը
Թթվեցրած կաղամբը
Երշիկը
ֆերմենտացված պանիրները ՝ հոլանդական, պարմեզան, բրի, ռոկֆոր և այլն (այդպիսի պանրի փաթեթավորման վրա գրված է «ֆերմենտացված», «հնեցրած»)
էկզոտիկ մրգերը `մանգո, պապայա, մարակույա և այլն:
Կրծքով կերակրման ընթացքում մոր սննդակարգը պետք է կազմվի՝ ելնելով մոր օրգանիզմի առանձնահատկություններից ։ Հարկավոր է դիտարկել սեփական օրգանիզմի և երեխայի օրգանիզմի արձագանքը։ Նույնիսկ առավել առողջ մթերքները կարող են վատ մարսվել և առաջացնել ալերգիա, ինչից ելնելով էլ պետք է փոփոխել սննդակարգը։ Մի մոռացեք, որ կյանքի առաջին ամիսներին երեխան դեռ հարմարվում է նոր տեսակի սննդին, նրա ստամոքսը և աղիքները բավարար չափով զարգացած չեն: Դուք կարող եք ճիշտ սնվել, բայց երեխան կունենա աղեխիթեր (կոլիկներ ): Մի՛ անհանգստացեք բնական ռեակցիաներից․ որպես կանոն՝ դրանք անցնում են երեք ամսվա ընթացքում։