Որովայնի փքվածություն (փորափքանք)

Որովայնի փքվածություն (փորափքանք)․ առաջացման պատճառները, ո՞ր հիվանդությունների դեպքում է առաջանում, ախտորոշումը և բուժման մեթոդները

  Որովայնի փքվածությունը (ուռածությունը, մեծացումը)՝ բազում իրավիճակների և հիվանդությունների ախտանիշ է, որը դրսևորվում է որովայնի խոռոչի ծավալի մեծացմամբ։ Հաճախ ուղեկցվում է լեփ-լեցուն լինելու զգացողությամբ, ինչպես նաև ցավով։ 
Ինչու՞ է սա տեղի ունենում։ Շատ դեպքերում փորափքանքը կապված է մեթեորիզմի հետ (աղիներում ավելորդ գազերի կուտակում)։ Ժամանակ առ ժամանակ նմանատիպ կլինիկական դեպքերին բախվում է գրեթե յուրաքանչյուրը՝ սկսած կյանքի առաջին օրերից (սա մանկական աղեխիթերի (կոլիկներ) առաջացման պատճառներից մեկն է) մինչև ծերունական տարիներ (այս դեպքում մեթեորիզմը հաճախ կապում են աղիքի մկանային շերտի տոնուսի անկման հետ): Այս ախտանիշի մեկանգամյա դրսևորումը (օրինակ՝ նոր մթերքների ներմուծումը սննդակարգ կամ գերսնումը) չպետք է մտահոգություն առաջացնի։ Սակայն, եթե աղիների փքվածությունը դառնում է մշտական ուղեկից՝ այն կարող է վկայել բժշկական միջամտության անհրաժեշտության մասին։

Աղիների փքվածության տարատեսակները
Փորափքանքը կարող է առաջանալ տարբեր պատճառներով։
1․ Որովայնի գերլցվածություն՝
Աղիքային գազերով
Ֆեկալ զանգվածով (փորկապության, ատոնիայի (կորովանկում) կամ աղիքների խանգարման պատճառով)
Ճարպով
Հեղուկով (ասցիտ, ջրգողություն)
2․Նորագոյացությունների աճ (բարորակ կամ չարորակ )
Բացի այդ, կնոջ փորի մեծացման բնական բացատրություններից մեկն էլ՝ հղիությունն է։ Եվ երբ կինը դիմում է բժշկի՝ որովայնի մեծացման համար, առաջին հետազոտությունը՝ հղիության թեստի կիրառումն է։
Փորափքության հնարավոր պատճառները
Պատճառները բազմազան են՝ սկսած ամենահաճելիից (հղիություն) և ոչ այնքան հաճելիից, որը ենթակա է ինքնուրույն շտկման (գազեր առաջացնող մթերքների օգտագործում, գերսնում, ֆիզիկական պասիվություն և այլն), մինչև բավականին լուրջ պատճառներ։
Երբ որովայնը մեծանում է ավելորդ ճարպի կուտակման պատճառով, ապա հիվանդը չի տառապում։ Սակայն դա ճարպակալման նշան է, որն ուղեկցվում է նյութափոխանակության խանգարմամբ, զարկերակային ճնշման բարձրացմամբ, II տիպի շաքարային դիաբետի առաջացման ռիսկի ավելացմամբ, իսկ տղամարդկանց մոտ՝ նաև տեստոստերոնի մակարդակի իջեցմամբ և սեռական  ֆունկցիայի խանգարմամբ։
Որովայնի մեծացման ավելի մեծ անհանգստության առիթ տվող պատճառներից են՝ որովայնի գնդաձև դառնալը, պորտի չափերի մեծացումը, ձգված մաշկի անբնական փայլը , որոնք վկայում են որովայնի խոռոչում մեծ քանակությամբ (մինչև մի քանի լիտր) ազատ հեղուկի  կուտակման մասին (ասցիտ, ջրգողություն)։ Ասցիտը կարող է առաջանալ լյարդի ցիռոզի և նրա այլ պաթոլոգիաների, պորտային երակի թրոմբոզի, սրտանոթային հիվանդությունների և ինֆեկցիոն գործընթացի դրսևորման դեպքում։ Ինչպես արդեն նշվեց, փորափքության հիմնական պատճառներից մեկը՝ աղիքներում գազերի և  ֆեկալ զանգվածի կուտակումն է։ Պատճառները շատ են՝ գերսնումից ու սննդային ալերգիայից մինչև որովայնի խոռոչի օրգանների  լուրջ հիվանդություններ, ինչպիսիք են՝  աղիքային անանցանելիությունը, ճողվածքները, աղիների բնածին հիվանդությունները, ցելիական (մարսողության արտահայտված խանգարում, որը պայմանավորված է գլյուտեին պարունակող մթերքների պատճառով ՝բարակ աղիների լորձաթաղանթի վնասմամբ) , ատոնիան (աղիքի և որովայնի մկանային շերտի տոնուսի անկում): Որովայնի մեծացումը կարող է լինել նորագոյացությունների զարգացման հետևանք․ օրինակ՝ կանանց մոտ բարորակ ուռուցքը (արգանդի միոմա) ունենում է մինչև 25-30 սմ տրամագիծ։

Հիմնական Հնարավոր Հազվադեպ
Մեթեորիզմ Ասցիտ՝ ջրգողություն Սպլենոմեգալիա՝ փայծաղի մեծացում
Աղիքների դիսբակտերիոզ Աղիքային անանցանելիություն Օնկոհեմատոլոգիական հիվանդություններ (օրինակ՝ լիմֆոմա և այլն)
Նորածնային կոլիկաներ Նորագոյացություններ՝ չարորակ կամ բարորակ Աորտայի անևրիզմա
Աերոֆագիա (սնվելու ընթացքում օդի կլանում) Ճողվածք  Հիդրոնեֆրոզ և այլն
Լակտոզային անտանելիություն Ցելիակա  
Սննդային ալերգիա Աղիների և որովայնի պատի ատոնիա և այլն  
Գրգռված աղու համախտանիշ    
Գաստրիտ    
Փորկապություն    
Հելմինտոզ՝ մակաբույծ որդերի վարակ    
Կանանց մոտ՝    
Հորմոնալ կարգավիճակ դաշտանի ընթացքում    
Հղիություն և այլն    


  Անհրաժեշտ է դիմել բժշկի
Եթե ձեզ անհանգստացնում է որովայնի փքվածությունը, ապա պետք է դիմել թերապևտի, ընդհանուր պրակտիկայի բժշկի, գաստրոէնտերոլոգի, կանանց դեպքում՝ գինեկոլոգի։ Բժշկի այցելելուց մի քանի օր առաջ օգտակար է պահել սննդակարգի օրագիր, որը կօգնի բժշկին հասկանալ Ձեզ անհանգստացնող այդ վիճակի հնարավոր պատճառը։ Տեղեկացրեք բժշկին, թե ինչպես է փոփոխվել Ձեր մարմնի զանգվածը․եթե քաշը նվազում է, իսկ որովայնը՝ մեծանում, ապա դա կարող է լինել սրտանոթային համակարգի լուրջ հիվանդություն կամ ուռուցքի առաջացում։

Ախտորոշում և հետազոտություններ
Նախնական զննում՝ որովայնի պալպացիա (շոշափում) և աուսկուլտացիա (ունկնդրում) իրականացնելով, անամնեստիկ տվյալների հավաաքագրում, կանանց մոտ հղիությունը հաստատելով կամ ժխտելով, հիմնական հետազոտությունների վերլուծությունները հաշվի առնելով (արյան ընդհանուր հետազոտություն, որովայնի խոռոչի և փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտություն)` բժիշկը կընդունի լրացուցիչ հետազոտություններ անցնելու և այլ մասնագետների այցելելու անհրաժեշտության մասին որոշում․
Գաստրոէնտերոլոգ
Էնդոկրինոլոգ
Ուրոլոգ
Անդրոլոգ
Օնկոլոգ
Վիրաբույժ
Սրտաբան

Պատճառները պարզելու համար յուրաքանչյուրի դեպքում կընտրվի անհատական բժշկական մարտավարություն։ Եթե հետազոտությունների հիմնական արդյունքները վկայեն, ենթադրենք, լյարդի խնդիրների մասին,ապա կնշանակվեն հետևյալ լրացուցիչ հետազոտությունները՝ արյան կենսաքիմիական հետազոտություն, լյարդի հետազոտություն, ֆիբրոգաստրոդուոդենոսկոպիա, որովայնի խոռոչի օրգանների՝ մագնիսառեզոնանսային շերտագրում (տոմոգրաֆիա): Քանի որ հաճախ որովայնի փքվածությունը կապված է աղեստամոքսային տրակտի գործունեության խանգարման հետ, նշանակվում են հետևյալ հետազոտությունները՝ գլյուտենի հանդեպ անտանելիություն, լակտազի անբավարարություն, կոպրոգրամմա (կղանքի հետազոտություն), աղիների միկրոֆլորայի խախտում, կղանքի՝ լիպիդային պրոֆիլի հետազոտում և կոլոնոսկոպիա, գաստրոսկոպիա, վիրտուալ կոլոնոսկոպիա, աղիքի ռենտգեն-հետազոտություն։ Այս մեթոդները կօգնեն բացահայտել այն հիվանդությունները, որոնց ախտանիշներից է համարվում որովայնի մեծացումը։ Դրանք են՝ ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ (ՈԽԿ), քրոնիկ փորկապություն, գաստրիտ, դիսպեպսիա, հաստ աղիքի դիվերտիկուլային հիվանդություն, քրոնիկ պանկրեատիտ կամ հելմինթիկ ներխուժում:
 
Բուժումը
 Որովայնի փքվածության խնդիրը շատ դեպքերում չի պահանջում հատուկ բուժում և թույլ է տալիս շտկել այն դիետայի միջոցով՝ սննդակարգից բացառելով գազեր առաջացնող մթերքները։ Որոշ դեպքերում բժիշկը խորհուրդ է տալիս ընդունել դոմպերիդոնի և բիսմութի հիմքով էնտերոսորբենտ դեղամիջոցներ (ակտիվացված ածուխ և այլն), պրոբիոտիկներ։ Եթե հետազոտությունները հայտնաբերել են աղեստամոքսային մարսողության խանգարում, նշանակվում են ստամոքսահյութին փոխարինող դեղամիջոցներ, ֆերմենտային պատրաստուկներ (պանկրեատին և այլն)։ Իրականացվում են դիսբակտերիոզի, պանկրեատիտի և փորկապության դեմ բուժումներ, ցավերի առկայության դեպքում նշանակվում են ցավազրկող միջոցներ։ Եթե որովայնի մեծացումը պայմանավորված է աղիների անանցանելիությամբ, նորագոյացություններով, պերիտոնիտով, ապա անհրաժեշտ է շտապ վիրաբուժական միջամտություն: Իսկ եթե փորափքությունը կանանց մոտ պայմանավորված է դաշտանով, որի մասին վկայում են հորմոնալ պրոֆիլի հետազոտությունների արդյունքները, ապա կարող է նշանակվել փոխարինող հորմոնային թերապիա։

Ի՞նչ է անհրաժեշտ անել որովայնի փքվածության դեպքում

Եթե փորափքությունն ուղեկցվում է ուժեղ ցավով, տենդով, փսխումով, գիտակցության կորստով, ապա պետք է անհապաղ շտապ օգնություն կանչել:
Եթե գերսնումից և գազեր առաջացնող մթերքներ ուտելուց հետո առաջացել է փորափքում, ապա անհրաժեշտ է մերսել որովայնը ժամսլաքի ուղղությամբ, ընդունել ակտիվացված ածուխ։ Կարելի է զբոսնել, հեծանիվ վարել կամ մարզվել․ զգույշ և չափավոր ֆիզիկական գործունեությունը կօգնի օրգանիզմին ավելի արագ ազատվել աղիքներում կուտակված գազերից։ Նորածնային աղեխիթերի պատճառով առաջացած կծկանքային ցավերի դեպքում պետք է վարվել գրեթե նույն կերպ․ կատարել որովայնի թեթև մերսում, գրկել երեխային՝ սեղմելով նրա փորը Ձեր կրծքին կամ Ձեր ծնկներին փորիկի վրա պառկեցնել նրան։ Մի քանի օր շարունակվող փորկապության դեպքում խորհրդակցեք բժշկի հետ։ Փորկապությունը կարող է պայմանավորված լինել լուրջ պատճառներով, որոնք հնարավոր է վերացնել միմիայն որակավորված մասնագետների օգնությամբ։

Աղբյուրը

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Միզապարկն ունի առաձգական պատեր, որոնք որոշակի արտաքին ազդեցությամբ իսկապես կարող են պայթել, սակայն ոչ մեզի մեծ ծավալի պատճառով

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Տղամարդն ուրոլոգիական առաջին զննումն անցնում է կյանքի առաջին ամիսներին, երբ մանկաբույժը զննում է իրականացնում՝ ամորձապարկի զարգացման պաթոլոգիաները բացառելու նպատակով։