Էնդոմետրիումի գեղձային հիպերպլազիա

Էնդոմետրիումի գեղձային հիպերպլազիան արգանդի ներքին թաղանթի կառուցվածքի ախտաբանական փոփոխությունն է, որ բնորոշվում է նրանում գեղձային բջիջների աճով, ինչը հանգեցնում է ծավալի մեծացման, ինքնին հյուսվածքի հաստացում։
Պատճառները
Նպաստող հիվանդություններից կարելի է առանձնացնել պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը, արգանդի միոման, էնդոմետրիտը, էնդոմետրիոզը, հիպերէստրոգենեմիան, հորմոնալ շեղումները և այլն։ Հիվանդության առաջացման վտանգը մեծացնում են աբորտները, արգանդի քերումը, գինեկոլոգիական տարաբնույթ միջամտությունները։ Ռիսկի գորոններից են նաև ուշ մենոպաուզան, հղիության արհեստական ընդհատումը, երբևէ չծննդաբերելը և այլն։
Ախտանշանները
Հիվանդության հիմնական ախտանշաններից են՝ դաշտանային ցիկլի խանգարումներ կամ բացակայություն, առատ արյունահոսություն և այլն։
Ախտորոշումը
Ախտորոշման նպատակով կատարվում է գինեկոլոգիական զննում, ներհեշտոցային ՈւՁՀ, որը թույլ է տալիս որոշել էնդոմետրիումի հաստությունը, պոլիպանման գոյացությունների առկայությունը։ Որոշ դեպքերում կատարվում է ախտորոշիչ քերում հիստերոսկոպիայի հսկողությամբ, ինչպես նաև էնդոմետրիումի ասպիրացիոն բիոպսիա և այլն։ Ամենաինֆորմատիվ մեթոդներից մեկը հիստերոսկոպիան է։ Որոշվում է նաև պրոգեստերոնի և էստրոգենների մակարդակը։
Տեսակները
Ըստ հիստոլոգիական հետազոտության տվյալների առանձնացվում են հետևյալ տիպերը՝
- օջախային (էնդոմետրիումի պոլիպ),
- ատիպիկ (ադենոմատոզ),
- գեղձային-կիստոզային,
- գեղձային։
Բուժումը
Բուժման առաջին փուլում կատարվում է արգանդի խոռոչի ախտորոշիչ քերում կամ վակուում ասպիրացիա։ Հորմոնային ֆոնի հավասարակշռման համար բժիշկն անհատական հորմոնային թերապիայի սխեմա է ընտրում։ Անհրաժեշտության դեպքում զուգահեռ նշանակվում է նաև վիտամինային թերապիա, ասեղնառեֆլեքսոթերապիա, սակավարյունության դեմ դեղամիջոցներ, ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ և այլն։
Բարդությունները
Հիվանդությունը հաճախ ուղեկցվում է հորմոնային խանգարմամբ, արգանդի լորձաթաղանթի ախտաբանական փոփոխություններով, ձվազատման բացակայությամբ, կարող է հանգեցնել անպտղության։
Կանխարգելումը
Կանխարգելումը ենթադրում է հակաբեղմնավորիչ միջոցների ճիշտ ընտրություն և գինեկոլոգիական զննում տարին երկու անգամ։