Երեխայի կոնքազդրային հոդի դիսպլազիա

Երեխայի կոնքազդրային հոդի դիսպլազիա

Կոնքազդրային հոդի դիսպլազիան վիճակ է, որի դեպքում նորածնի ազդրոսկրը սխալ է տեղակայված և հոդում տեղաշարժված է իր տեղից: Ինչու՞ է այդպես լինում և բուժման ի՞նչ եղանակներ կան: Ավելի հաճախ հիվանդությունը խոցում է աղջիկներին, հատկապես հետույքային առաջադրությամբ ծնվածներին: Բուժումը ժամանակին սկսելու դեպքում երեխաների բացարձակ մեծամասնությունը լիովին առողջանում է՝ առանց որևէ հետևանքների: Բժշկությունն առանձնացնում է դիսպլազիայի մի քանի տեսակ, որոնք տարբեր են ըստ արտահայտվածության:

Դիսպլազիան լինում է ինչպես միակողմանի, այնպես էլ երկկողմանի:

  • Թեթև դեպքերում կապանները և այլ փափուկ հյուսվածքները քիպ չեն գրկում հոդը և ազդոսկրին թույլ են տալիս հոդի փոսիկում (քացախափոսում) նորմայից շատ տեղաշարժվել: 
  • Ավելի ծանր դեպքերում հոդն այնքան ազատ է, որ ազդրոսկրի գնդաձև գլխիկը մասամբ դուրս է գալիս իր փոսից: Դա կոչվում է ենթահոդախախտ:
  • Հոդախախտը դիսպլազիայի ամենալուրջ ձևն է: Ազդրոսկրի գլխիկն ամբողջությամբ դուրս է գալիս փոսի սահմաններից, հոդի աշխատանքն ամբողջությամբ խախտվում է:

Հոդախախտի կամ ենթահոդախախտի դեպքում հոդափոսը հաճախ շատ փոքր է, նման է ափսեի, ոչ թե բաժակի, ինչպես պետք է լինի նորմայում:

Դիսպլազիայի պատճառները

Այս հիվանդության ճշգրիտ պատճառներն անհայտ են: Վտանգի որոշ գործոններ ազդում են դիսպլազիայի առաջացման վրա, ինչպես օրինակ՝ սեռը, ժառանգականությունը և ծննդաբերությունից առաջ արգանդում ունեցած դիրքը: Հիվանդությանն առավել հակված են աղջիկները: Դիսպլազիայի առաջացման մեծ վտանգ կա հետույքային առաջադրությամբ առաջնածին աղջկա դեպքում, հատկապես եթե հիվանդությունը նրա ծնողների մոտ էլ է հայտնաբերվել: Դիսպլազիայի ախտանշանները Կոնքազդրային հոդերի դիսպլազիան երեխայի մոտ ցավ չի առաջացնում: Հիվանդությունը հայտնաբերում է բժիշկը զննության ժամանակ:

Դիսպլազիայի դեպքում նորածնի մոտ ախտորոշվում է՝

  • չափազանց ազատ կոնքազդրային հոդ, զննության ժամանակ ազդրոսկրի գլխիկը դուրս է թռչում քացախափոսից,
  • մեկ ոտքը մյուսից կարճ է (միակողմանի դիսպլազիայի դեպքում);
  • հետույքի վրա լրացուցիչ (ավելորդ) ծալքեր մի կամ երկու կողմից,
  • մի հոդի շարժումները տարբերվում են մյուսից: Քայլել սկսող երեխայի մոտ դիսպլազիան արտահայտվում է այսպես՝
  • քայլում է ոտքի մատների վրա՝ մեկ կամ երկու կրունկները կախված պահելով ,
  • քայլում է կաղալով կամ երկու կողմ ճոճվող քայլվածքով («բադի քայլվածք»)՝ երկու հոդերի ախտահարման դեպքում: 

Եթե դիսպլազիան չբուժվի, երեխան ապագայում կկաղա:

Ախտորոշումը՝ դիսպլազիա

Նախնական ախտորոշումը տրվում է նորածնի՝ մանկաբույժի կամ օրթոպեդի կողմից զննվելուց հետո՝ հայտնաբերված ախտանշանների հիման վրա: 3 ամսականից մեծ երեխաների մոտ ախտորոշումը որոշելն ավելի բարդ է, քանի որ միակ ակնհայտ ախտանշանը կարող է լինել ախտահարված հոդի շարժունությունը: Երբեմն հնարավոր է դիսպլազիան սխալմամբ ախտորոշվի առողջ երեխային: Դիսպլազիայի կասկածի դեպքում զննումից հետո պարտադիր նշանակվում է լրացուցիչ հետազոտություն՝ կոնքազդրային հոդերի ՈՒՁ կամ ռենտգեն հետազոտություն:

Դիսպլազիայի բուժումը

Որքան շուտ է սկսվում դիսպլազիայի բուժումը, այնքան ավելի մեծ է երեխայի լրիվ առողջանալու հնարավորությունը: Կատարյալ դեպքում բնածին հոդախախտը պետք է ախտորոշվի դեռևս ծննդատանը, և անմիջապես սկսվի բուժումը: Եթե դիսպլազիան թույլ է արտահայտված, ոչ միշտ է հնարավոր այն հայտնաբերել ծննդատանը, սակայն ցանկացած դեպքում ավելի լավ կլինի բուժումն սկսել մինչև 1–3-ամսական հասակը:

Ցանկացած տեսակի դիսպլազիայի բուժումը կայանում է հոդում ազդրոսկրի ճիշտ տեղադրման և աճին զուգընթաց այն տեղում պահելու մեջ: Հնարավոր է այդ նպատակով կիրառվեն տարբեր հարմարանքներ՝ կախված երեխայի տարիքից, ինչպես նաև հազվագյուտ դեպքերում՝ վիրահատական բուժում:

Բուժման հիմնական նպատակն է հասնել նրան, որ երեխայի ազդրերը մշտապես դեպի կողքեր բացված վիճակում լինեն, քանի որ այդ դիրքում ազդրոսկրը հոդում կանգնում է ճիշտ իր տեղում և այնտեղից դուրս չի թռչում:

Լայն բարուրումը, ի տարբերություն դասականի, երեխայի ոտքերը ֆիքսում է դեպի կողմեր բացված վիճակում: Այս դեպքում կիրառվում է երկու բարուրաշոր: Լայն բարուրումը ցուցված է վտանգի խմբի բոլոր երեխաներին՝ հետույքային առաջադրությամբ ծնվածներին, դիսպլազիայի ժառանգական նախահակում ունեցողներին, ինչպես նաև դիսպլազիայի նվազագույն դրսևորումներ և կոնքազդրային հոդի անկայունություն ունեցող բոլոր երեխաներին, և այն դեպքերում, երբ ֆիքսման ավելի կատարյալ ձևերն անհասանելի են:

Գոյություն ունեն նաև այլ հատուկ հարմարանքներ, որոնք կիրառվում են երեխայի ոտքերի բացվածքի սահմանափակության դեպքում: Մեծամասամբ, 4-6 շաբաթում կոնքազդրային հոդում շարժումները կարգավորվում են:

Եթե բնածին հոդախախտն ուշ է հայտնաբերվում՝ 2 տարեկանից հետո, ապա հաճախ հարկ է լինում դիմելու վիրահատական միջամտության (կտրվածքի միջոցով):

Կոնքազդրային հոդի դիսպլազիան մի խնդիր է, որը ոչ մի կերպ ձեզանից կախված չէ: Հիշեք, որ դուք չէիք կարող ոչինչ անել այն կանխելու համար, և դրա առաջացման մեջ բոլորովին մեղավոր չեք: Հաճախ որոշակի ժամանակ է պահանջվում այդպիսի ախտորոշումից հետո հույզերը հաղթահարելու համար: Վստահելի բժշկի հետ քննարկեք ձեզ հուզող բոլոր հարցերը:

Դիսպլազիայի դեպքում երեխայի խնամքը փոքր-ինչ ավելի բարդ է: Գտեք սթրեսը թոթափելու և հանգստանալու միջոցներ, որպեսզի պահպանեք սեփական առողջությունը: Որքան շատ էներգիա ունենաք, այնքան ավելի հեշտ կլինի խնամել փոքրիկին, նշանակում է՝ հեշտ է նաև նրա համար:

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…