Արգանդի պարանոցի դիսպլազիա․ ինչպե՞ս կանխել ամենասարսափելին

Արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման հարցում գլխավոր խնդիրը նախաքաղցկեղային վիճակի վաղ հայտնաբերումն ու բուժումն է։ Արգանդի այդպիսի վիճակ է դիսպլազիան (ցերվիկալ ինտրաէպիթելային նեոպլազիա)։
Արգանդի պարանոցի դիսպլազիան պարանոցի էպիթելային բջիջների շերտերի խանգարումն է, այսինքն՝ ատիպիկ բջիջների առկայությունը արգանդի պարանոցի վրա։ Հաճախ այդ վիճակն ընթանում է առանց ախտանշանների, սակայն վտանգավոր է այն առումով, որ սխալ բուժման կամ երկարատև առանց բուժման մնալու դեպքում կարող է հանգեցնել արգանդի պարանոցի քաղցկեղի։
Դիսպլազիայի տեսակներն ու պատճառները
Առանձնացվում է դիսպլազիայի թեթև, միջին և ծանր աստիճան։ Ծանր աստիճանից հետո ախտորոշվում է արգանդի պարանոցի քաղցկեղ։ Բջիջների շերտերի 1/3 –ի խանգարման դեպքում դիսպլազիան բնութագրվում է որպես թեթև աստիճանի, 2/3-ի դեպքում՝ միջին, բոլոր շերտերի խանգարման դեպքում՝ ծանր։
Դիսպլազիայի առաջացմանը նպաստող գործոններն են՝
- ծխելը,
- սեռական զուգընկերոջ հաճախակի փոփոխությունը (ինչը հանգեցնում է սեռավարակների տարածմանը, իմունիտետի անկմանը, անցանկալի հղիության և աբորտի),
- սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ,
- վաղ հղիություն և այլն։
Ախտորոշումը
Արգանդի պարանոցի դիսպլազիայի ախտորոշումն իրականացվում է հետևյալ հիմնական մեթոդներով՝
- ցիտոլոգիական հետազոտություն (ՊԱՊ թեստ),
- կոլպոսկոպիա,
- մարդու պապիլլոմավիրուսի հայտնաբերման հետազոտություն,
- հյուսվածքաբանական հետազոտություն։
Դիսպլազիայի բուժումը
Թեթև աստիճանի դիսպլազիան բուժվում է հակաբորբոքային թերապիայի, հորմոնային ֆոնի կարգավորման և ռիսկի գործոնների նվազեցման միջոցով։ Ծանր աստիճանի դիսպլազիան պահանջում է ինչպես կոնսերվատիվ, այնպես էլ վիրաբուժական մեթոդներով։ Այդ դեպքում արդեն օնկոլոգի միջամտության կարիք է զգացվում։ Ախտահարված հատվածի ճիշտ հատման դեպքում բուժումը լիարժեք է լինում, սակայն կրկնման վտանգ կա։
Դիսպլազիայի կանխարգելումը
Դիսպլազիան, ինչպես նշվեց, հաճախ առանց ախտանշանների է ընթանում, միաժամանակ կանայք էլ չեն դիմում կանխարգելիչ ստուգման։ Հաճախ կանայք բժշկի են դիմում արդեն բարդացած վիճակում, երբ բուժվելու հավանականությունը ցածր է լինում։ Այդ պատճառով էլ պետք է հասկանալ կանխարգելիչ հետևյալ մեթոդների կարևորությունը՝
- մարդու պապիլլոմավիրուսի դեմ պատվաստում,
- ամենամյա սկրինինգ (ավելի լավ է այդ սկսել սեռական կյանքն սկսելուն պես), որը ներառում է ՊԱՊ թեստ կամ ցիտոլոգիական քսուք, 30 տարեկանից հետո դրանց ավելանում է նաև մարդու պապիլլոմավիրուսի հայտնաբերման թեստը,
- հրաժարում ծխախոտից, ալկոհոլից, առողջ ապրելակերպի պահպանում, հիգիենայի պահպանում, հրաժարում ստրինգ տեսակի ներքնաշորից և ամենօրյա միջադիրներից, պահպանակի օգտագործում սեռական զուգընկերների հաճախակի փոփոխման դեպքում։
Կարևոր է հաշվի առնել, որ մարդու պապիլլոմավիրուսի դեմ պատվաստումը չի բացառում ամենամյա սկրինինգի անհրաժեշտությունը։ Սեռական կյանք սկսած ցանկացած կին պետք է պարբերաբար ցերվիկալ սկրինինգ կատարի։