Եղերդակ (ցիկորիա)․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Եղերդակ (լատ.՝ Cichorium), ճարճատուկ, հնդիպե, ճառճռտուկ, կայծխոտ։ Դեղաբույս է, պարունակում է ինուլին, գլիկոզիդներ, աղաղանյութեր, շաքարներ, թթուներ, վիտամիններ C, B, խեժ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես լեղամուղ (լյարդի, լեղապարկի բորբոքումների), միզամուղ (երիկամների հիվանդությունների) միջոց, նաև փորկապության, ստամոքսաբորբի, շաքարախտի և այլ դեպքերում։ Դալար ընձյուղները, ցողուններն ու տերևներն օգտագործում են սննդի մեջ՝ որպես աղցան, արմատները՝ սուրճին փոխարինող միջոց։ Բուժման նպատակով օգտագործում են ամբողջ բույսը, սակայն հիմնականում՝ արմատը։
Տարածված է Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է չոր մարգագետիններում, ճանապարհների և դաշտերի եզրերին, բնակավայրերի շրջակայքում։
Հոդվածում կխոսենք եղերդակի արմատից պատրաստված ըմպելիքի մասին, որն օգտագործվում է ոչ թե բուժման, այլ խոհարարական նպատակով։ Այդ ըմպելիքը սովորաբար օգտագործում են որպես սուրճի փոխարինիչ։
Եղերդակի կալորիականությունը
Լուծվող եղերդակի 100գրամը 280 կկալ է։ Ցիկորիի մեկ չափաբաժինը սովորաբար 15 կկալ է, իսկ շաքար, կաթ և այլ նյութեր ավելացնելու դեպքում համապատասխանաբար աճում է։
Օգտակար հատկությունները
Եղերդակը վիտամինների և հանքանյութերի հրաշալի աղբյուր է մարդու օրգանիզմի համար։
Անոթալայնիչ միջոց է և օգտակար է անոթների և սրտի մի շարք հիվանդությունների դեպքում, որոնք ուղեկցվում են տախիկարդիայով և իշեմիայով։
Բարենպաստ ազդեցություն է թողնում նյարդային համակարգի վրա, կարգավորում է քունը, թուլացնում լարվածությունը։
Օգնում է կարգավորել մարսողական համակարգի աշխատանքը, լավացնում է նյութափոխանակությունը, նպաստում է օրգանիզմից խարանների ու թույների դուրսբերմանը։
Խորհուրդ է տրվում ավելորդ քաշի դեմ պայքարող մարդկանց։
Թույլատրվում է նաև հղի կանանց, սակայն պետք է նախապես խորհրդակցել բժշկի հետ։
Հակացուցումները
Հակացուցված է երակների վարիկոզ լայնացման և անոթային այլ հիվանդությունների, քրոնիկ հազի, ասթմայի ու բրոնխիտի, ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների սրացման դեպքում։ Խորհուրդ է տրվում չանցնել օրական երկու բաժակի սահմանը։
Նյութի կազմումը՝ www.sotskiy.am