Նուռ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Նուռն իր օգտակար հատկություններով հայտնի է վաղեմի ժամանակներից։ Արևելքում այն համարում են մրգերի թագուհի։ Կանոնավոր օգտագործման դեպքում նուռը բարենպաստ ազդեցություն է թողնում գրեթե բոլոր օրգանների և համակարգերի վրա։
Նուռը պարունակում է C, E, P, ինչպես նաև B խմբի (B6, B12) վիտամիններ, հանքանյութեր՝ կալիում, կալցիում, մագնիում, յոդ, երկաթ, կրեմնիում, ֆոսֆոր, նատրիում և այլն։ Նռան բաղադրության մեջ են մտնում՝ շաքար (ֆրուկտոզա, գլյուկոզա), օրգանական թթուներ (կիտրոնաթթու, խնձորաթթու և այլն), ֆիտոնցիդներ, ազոտային նյութեր և այլն։ Հակաօքսիդանտների պարունակությամբ այն գերազանցում է կարմիր գինուն և կանաչ թեյին։
Պարունակում է անփոխարինելի ամինաթթուներ, որոնց որոշ տեսակներ պարունակվում են նաև մսում։ Այդ պատճառով էլ բուսակերներին խորհուրդ է տրվում նուռը կանոնավոր կերպով ներառել իրենց սննդակարգում։
Նռան կալորիականությունը
100 գրամ նռան կալորիականությունը 60-80 կկալ է։
Նռան օգտակար հատկությունները
Նուռը հրաշալիորեն ամրացնում է իմունիտետը, օգնում է հաղթահարել հարբուխը, օժտված է ջերմիջեցնող և հակաբորբոքային ազդեցությամբ։
Օժտված է կազդուրիչ ազդեցությամբ և խորհուրդ է տրվում հյուծվածության, տարած վիրահատություններից և ծանր հիվանդություններից հետո։
Կանխում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացումը, օգնում է դրանց բուժման ընթացքում։
Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, ամրացնում է անոթների պատերը, կանխում է աթերոսկլերոզը, մեղմում է այտուցվածությունը։
Նուռն ու նռան հյութը լավացնում են արյան որակը, նոսրացնում են այն, բարձրացնում հեմոգլոբինի մակարդակը, բարելավում արյան շրջանառությունը, ինչը համապատասխանաբար բարենպաստ ազդեցություն է թողնում բոլոր օրգան-համակարգերի վրա։
Խորհուրդ է տրվում հիպերտոնիա ունեցող մարդկանց, քանի որ նպաստում է անոթային ճնշման աստիճանաբար իջեցմանը։
Նուռն ամրացնում է նյարդային համակարգը։
Լավ ազդեցություն է թողնում տեսողության վրա, պաշտպանում է կատարակտից։
Նուռը նաև նվազեցնում է բերանի խոռոչի հիվանդությունների առաջացման վտանգը։
Կանոնավոր օգտագործելու դեպքում լավացնում է մաշկի որակը, արտաքին օգտագործման դեպքում օգնում ազատվել պիգմենտային բծերից և կորյակային ցանից։
Նուռն օգտակար է նաև էրեկտիլ դիսֆունցիա ունեցող տղամարդկանց համար։
Կանանց օգնում է մեղմել կլիմաքսի ախտանշանները։
Նռան հակացուցումները
Նուռն ու նռան հյութը հակացուցված է խոցային հիվանդության, գաստրիտի, փորկապության և պանկրեատիտի դեպքում։