Մանկաբարձական պեսարիում

Հերթական զննման ընթացքում բժիշկն ասում է ՝ արգանդի պարանոցը բացվում է, պետք է օղ դնել։ Օ՞ղ, ի՞նչ օղ, ինչո՞ւ, ի՞նչ կլինի հետո։ Կանանց մեծ մասն անտեղի խուճապի է մատնվում, սակայն տվյալ դեպքում հարկավոր չէ տագնապել և կասկածել․ պեսարիումն օգնում է պահպանել սպառնալիքի տակ հայտնված հղիությունը։
Մանկաբարձական պեսարիումը մեխանիկական հարմարանք է, որ օգտագործվում է արգանդը, միզապարկն ու ուղիղ աղիքը պահելու համար։ Տարբեր տրամագծի իրար կպած օղերի ձև ունի, պատրաստված է էկոլոգիապես բնական նյութից։ Տեղադրվում է հեշտոցում և պահում է արգանդի պարանոցը, որպեսզի այն չբացվի։
Վաղաժամ ծննդաբերության մեծ սպառնալիքի դեպքում պեսարիումն օգնում է պահպանել և երկարացնել հղիությունը։ Այդպիսի անհրաժեշտություն առաջանում է նաև իսթմիկոցերվիկալային անբավարարության և բազմապտուղ հղիության դեպքում, երբ պտուղներն իրենց ծանրությամբ ճնշում են արգանդի պարանոցը՝ արագացնելով դրա բացվելը։
Պեսարիումը տեղադրվում է արագ և հազվադեպ է ցավ առաջացնում։ Տեղադրումից հետո հատուկ ինչ-որ բան անելու կարիք չկա, միայն հարկավոր կլինի 2-3 շաբաթը մեկ մանրէաբանական հետազոտության համար քսուք հանձնել։
Մի նրբություն կա, որը կարող է հուսահատեցնել ամուսիններին․ պեսարիումի դեղադրման դեպքում հեշտոցային սեքսն արգելված է։ Մանկաբարձական օղը կարելի է հանել ինչպես ստացիոնարում, այնպես էլ ամբուլատոր ձևով։ Հարկավոր է գինեկոլգին դիմել 36-38 շաբաթականում։ Այն հանվում է նույնքան արագ և անցավ, որքան տեղադրվում է։
Պրակտիկան ցույց է տվել, որ ծննդաբերությունն սկսվում է օղը հանելուց մեկ օրից մինչև երեք շաբաթ անց, խիստ անհատական է։
Հակացուցումներ
Մանկաբարձական պեսարիումը չի տեղադրվում հետևյալ դեպքերում՝
- եթե կան հիվանդություններ և վիճակներ, որոնց դեպքում հղիության երկարացումը վտանգավոր է,
- եթե երկրորդ և երրորդ եռամսյակում կինը կրկնվող արյունային արտադրություն է ունեցել։
Որոշ դեպքերում էլ հարկավոր է անմիջապես, ժամանակից շուտ հանել պեսարիումը՝
- պտղաջրի արտահոսք,
- անհապաղ ծննդալուծման անհրաժեշտություն,
- խորիոամնիոնիտի զարգացում և այլն: