Ծննդաբերության տեսակները

Ծննդաբերության տեսակները

Հղիության գրեթե ամբողջ ընթացքում կնոջը ծննդաբերության հետ կապված մի շարք հարցեր են հուզում․ երբ, որտեղ, ինչպես, ում օգնությամբ։ Այդ հարցերն արդիական են հատկապես առաջին հղիության ժամանակ։

Կախված ծննդաբերության ժամկետից՝ առանձնացնում են վաղաժամ ծննդաբերությունը՝ մինչև 37 շաբաթական, երեխայի քաշը՝ մինչև 2500 գր։ Այդ երեխաները թույլ են, դեռ անպատրաստ, սակայն ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ապրել անգամ մեկ կիլոգրամից փոքր քաշ ունեցող երեխաներին։ Վաղաժամ ծննդաբերությունը պաթոլոգիա է, որի պատճառներն անբարենպաստ գործոններն են։

Կարդացեք՝ Վաղաժամ ծննդաբերություն

Ըստ ծննդալուծման եղանակի՝ ծննդաբերությունը լինում է բնական ճանապարհով և վիրահատական։ Բնական ծննդուղիներով ծննդաբերությունը կարող է լինել ինքնուրույն կամ արհեստականորեն՝ բուժական ցուցումներով։ Վիրահատական ծննդաբերությունը կեսարյան հատումն է, որը կատարվում է մոր կամ երեխայի հետ կապված ցուցումներից ելնելով։

Կարդացեք՝ Կեսարյան հատում

Ժամանակակից աշխարհում կինն ինքը կարող է ընտրել ծննդաբերության տեղն ու ձևը։ Հայաստանի ծննդատներում հիմնականում գործում է ծննդաբերության ավանդական ձևը՝ պառկած հատուկ բազմոցին։ Այդ դիրքը լավագույնն է բժիշկների համար, սակայն այնքան էլ հարմար չէ ծննդկանին, քանի որ արգանդն իր ծանրությամբ սեղմում է արյունատար անոթները՝ խաթարելով մարմնի ստորին մասի արյան հոսքը։

Բազմաթիվ կանանց համար ավելի հարմար է կանգնած կամ չորեքթաթ դիրքը։ Այդ տեսակ ծննդաբերությունը կոչվում է ուղղահայաց։ Այդ դեպքում դժվարություն է ստեղծվում բժիշկների համար, սակայն կան բժիշկներ, որոնք մասնագիտանում են հենց ուղղահայաց ծննդաբերություն վարելու մեջ։ Ուղղահայաց ծննդաբերությունն ավելի անցավ է անցնում, թեթև և արագ, քանի որ երեխայի ծնվելուն հավելյալ օգնում է ծանրության ուժը, սակայն այդ նույն պատճառով նաև մեծանում է պատռվածքների հավանականությունը։

Մեկ այլ տեսակ է ջրում ծննդաբերությունը։ Ինչպես հայտնի է, ջուրը հանգստացնում է և թուլացնում երկունքի ցավը, ուստի ծննդաբերության առաջին փուլը ջրում անցկացնելը շատ օգտակար է։ Երեխայի ծնունդը, սակայն, այդ դեպքում վտանգավոր է․ եթե ջրում օրգանիզիմի համար վնասակար ֆլորա կա և հայտնվում է երեխայի թոքերում, կարող է պնևմոնիա սկսվել։ Երեխայի սխալ դիրքի, նեղ կոնքի, մոր տարած գինեկոլոգիական վիրահատությունների դեպքում հնարավոր է, որ բարդություններ առաջանան։ Ծննդաբերությունը ջրում անվտանգ է միայն հակացուցումների բացակայության դեպքում, ընդ որում՝ ստացիոնարում, բժիշկների հսկողությամբ։

Վերջին շրջանում շատերն են ցանկանում ծննդաբերել ամուսնու ներկայությամբ, որը հոգեբանորեն աջակցում է կնոջը։ Համատեղ ծննդաբերությունն օգնում է տղամարդուն ներկա լինել իր երեխայի ծնունդին և ավելի լավ հասկանալ կնոջը։

Այսօր ծննդաբերության լավագույն ձևը համարվում է բնական ծննդաբերությունը, որն անցնում է ստացիոնարի հատուկ սարքավորումներով սենյակում, առանց ցավազրկման և խթանման։ Կինն ինքն է գտնում իրեն հարմար ձևը, իսկ ծննդաբերությունը տևում է այնքան, որքան տրված է բնության կողմից։ Միևնույն ժամանակ բուժանձնակազմը լինում է ծննդկանի կողքին և հսկում։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար