Նորի՞ց կեսարյան հատում

29.08.201419290

Առաջին հղիության դեպքում կեսարյան հատմամբ ծննդաբերած յուրաքանչյուր կնոջ մտահոգում է մի հարց՝ արդյոք երկրորդ երեխայի ծնունդը ևս պետք է կեսարյան հատմամբ կատարվի, թե՞ հնարավոր է ծննդաբերել բնական եղանակով: Դեռևս վերջին տարիներին մանկաբարձ-գինեկոլոգները պնդում էին, որ վիրահատությունից հետո հեշտոցային ծննդաբերությունն անհնար է և հավատարիմ էին մնում այն սկզբունքին, որի համաձայն՝ մեկ անգամ կեսարյան հատմամբ ծննդաբերելուց հետո միշտ պետք է կեսարյան հատմամբ ծննդաբերել:

Այսօր արգանդի վրա կատարված կտրվածքը բոլորովին էլ պատճառ չէ բնական ծննդաբերությունից հրաժարվելու համար: Վերջինիս առանձնահատկությունն այն է, որ հետվիրահատական բարդությունների առաջացման վտանգ չի առաջանում: Ավելին, հեշտոցային ծննդաբերությունից հետո օրգանիզմն ավելի արագ է վերականգնվում:

Այժմ պարզենք, թե որ դեպքերում է, որ կտրվածքը չի խանգարում ինքնուրույն ծննդաբերությանը:

Կեսարյան հատման բացարձակ և հարաբերական ցուցումները

Նախ և առաջ պետք է նախապես իմանալ, թե առաջին ծննդալուծման ժամանակ կեսարյան հատումն ինչ ցուցումների հիման վրա է կատարվել՝ բացարձակ, թե հարաբերական: Բացարձակ ցուցումներից են այն դեպքերը, երբ պտուղը չի կարող անցնել ծննդուղիներով, օրինակ՝ 3-4 աստիճանի նեղ կոնքի, սրտանոթային լուրջ հիվանդությունները և այլն: Այս դեպքում վիրահատությունն անհրաժեշտություն է:

Հարաբերական ցուցումներից են այդ դեպքերը, երբ բնական ծննդաբերությունը սպառնում է անբարենպաստ ազդեցություն թողնել մոր և մանկան առողջության վրա: Դա կարող է լինել պտղի հետույքային առաջադրությունը, 1-2 աստիճանի նեղ կոնքը կամ էլ ծննդաբերական գործընթացի խանգարումը: Եթե վիրահատության պատճառը վերաբերում է միայն առաջին հղիությանը, ապա կրկնվելիք վիրահատական միջամտության հավանականությունն զգալիորեն նվազում է:

Հաջորդիվ հղիություններին բժիշկն անպայմանորեն հաշվի է առնում, թե որքան սահուն է ընթանում երկրորդ հղիությունը, քանի որ կարող են նոր ցուցումներ ի հայտ գալ: Եթե ամեն բան լավ է ընթանում, ապա բնական ծննդաբերությունն ամենայն հավանականությամբ հնարավոր կլինի:

Հղիությունների միջև չափազանց կարճ կամ երկար ընդմիջումը ևս մեծացնում է վիրահատության հավանականությունը: Առաջին դպքում սպիի հյուսվածքը կարող է և լավ ձևավորված չլինել, երկրորդ դեպքում՝ չափազանց բարակ լինել ծննդաբերության ընթացքում արգանդի կրճատմանը դիմակայելու համար: Ընդմիջման լավագույն չափը 3-6 տարին է:

Ցանկացած դեպքում նախընտրելի է 3-րդ եռամսյակում ՈւՁՀ կատարել և պարզել սպիի վիճակը: Կարևոր դեր է խաղում նաև այն, թե ինչպես է առաջին հղիության դեպքում կատարվել վիրահատությունը: Եթե հատումը կատարվել է արգանդի ստորին հատվածում՝ հորիզոնական հատում, ապա հնարավոր է ծննդաբերել բնական ճանապարհով, եթե կատարվել է կորպորալային մեթոդով՝ ուղղահայաց հատում, ապա հնարավոր չէ:

Բարդությունները

Հարկ է նշել, որ կեսարյան հատում տարած կանայք հաճախ չեն ցանկանում ծննդաբերել բնական ճանապարհով՝ վախենալով արգանդի պատռվածքից և հնարավոր այլ բարդություններից: Այսպիսի կանայք պետք է հաշվի առնեն նաև կրկնակի կեսարյան հատման հետևանքները, որոնք ավելի հաճախ են հանդիպում, քան հատման շրջանում արգանդի պատռվածքը բնական ճանապարհով ծննդաբերելիս: Ցանկացած դեպքում ծննդալուծման միջոցի ընտրությունը պետք է կատարել կանխամտածված և պատասխանատվությամբ: Այդ նպատակով կինը պետք է մանրակրկտորեն կշռադատի բոլոր կողմ և դեմ փաստարկները, ինչպես նաև գտնի մի այնպիսի բժշկի, ում իսկապես կվստահի. չէ՞ որ կարևոր է ոչ թե ծննդալուծման ձևը, այլ մոր և երեխայի առողջությունը: