Արգանդի զարգացման շեղումներ
Արգանդը մկանային օրգան է՝ տեղակայված փոքր կոնքում։ Ունի տանձի ձև, չափսը՝ 7-9 սմ։ Երբեմն սաղմնային զարգացման խանգարումների արդյունքում արգանդը սխալ է կազմավորվում։ Հոդվածում կխոսենք արգանդի զարգացման շեղումների և այդ պայմաններում հղիանալու հնարավորության մասին։
Չզարգացող հղիությունն անմիջականորեն կախված է անհատական առանձնահատկություններից, արատի տեսակից և ծանրության աստիճանից, պտղաձվի իմպլանտացիայի տեղից։
Կառուցվածքի ամենատարածված արատը թամբաձև արգանդն է։ Այդպիսի արգանդի հատակը ոչ թե ուռուցիկ է, այլ սեղմված է դեպի ներս։ Ձևի աննշան փոփոխությունը չի խոչընդոտում հղիանալուն, բայց եթե արգանդն ուժգին է սեղմված կամ էլ խոռոչում միջնապատ կա, գուցե պտղաձվի ամրացման հետ կապված խնդիրներ առաջանան, արդյունքում՝ պտղի սնուցման խանգարում, ընկերքի շերտազատում և այլն։
Արգանդում միջնապատի առկայությունը խնդիրներ է առաջացնում, երբ պտղաձուն ամրանում է հենց այդ մասին։ Կազմված է շարակցական հյուսվածքից և սաղմի սնուցման համար բավարար քանակով արյունատար անոթներ չունի, այդ պատճառով էլ հղիությունն այդ դեպքում սովորաբար ավարտվում է վիժմամբ։
Երկեղջյուր արգանդը երկու խոռոչ ունի, որոնք միանում են արգանդի մեջտեղում (կիսատ ձև) կամ պարանոցի շրջանում (ամբողջական երկեղջյուրություն)։ Որոշ դեպքերում վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներ են ի հայտ գալիս՝ դիսմենորեա, ուժգին արնահոսություն և ցավ, անպտղություն կամ հղիության ինքնաբեր ընդհատում։ Մնացած դեպքերում հղիանալը բարդ չէ, երբեմն անգամ հնարավոր է լինում ինքնուրույն ծննդաբերել․ ամեն բան կախված է անհատական առանձնահատկություններից։
Պատահում է, որ արգանդը մեջտեղից կիսված է լինում երկու մասի, արդյունքում երկու արգանդ է առաջանում, երկու պարանոց, երբեմն անգամ երկու հեշտոց՝ բաժանված միջնապատով։ Արգանդներն իրար հետ կապ չունեն, և յուրաքանչյուրը կապված է իր ձվարանի հետ։ Կրկնակի արգանդը որևէ ախտանշան չունի՝ բացառությամբ հեշտոցի մասնակի ապլազիայի դեպքերի, երբ դաշտանային արյունը մի արգանդից ելք չի ունենում և կուտակվում է ներսում։ Հղիությունը կրկնակի արգանդի դեպքում բարդություններ է ենթադրում, բայց այնուամենայնիվ երեխայի ծնունդը հնարավոր է։
Արգանդի հիպոպլազիան, որ կոչում են նաև մանկական կամ ինֆանտիլ արգանդ, բնորոշվում է փոքր չափով, պատճառները տարբեր են՝ հորմոնային խանգարումներ, դեռահասության տարիքում քաշի կտրուկ նվազում, ձվարանների դիսֆունկցիա կամ պոլիկիստոզ, ժառանգական հիվանդություններ և այլն։ Հորմոնային անհավասարակշռության, արգանդի թույլ արտահայտված հիպոպլազիայի և ձվարանների սովորական կառուցվածքի դեպքում նշանակվում է հորմոնային թերապիա, ինչն օգնում է վերականգնել ձվարանների ֆունկցիան և աճեցնել արգանդը։