Սպիտակահոսք (leukorrhea, бели)

Սպիտակահոսք (leukorrhea, бели)

Սպիտակահոսքը կնոջ սեռական ուղիներից եկող ախտաբանական արտադրությունն է:

Դասակարգումը

Տարբերում են սեռական ուղիներից եկող ախտաբանական արտադրության մի քանի տեսակ, որոնցից յուրաքանչյուրը պայմանավորված է տարատեսակ պատճառներով:

Անդաստակային (վեստիբուլար) սպիտակահոսք՝

  • բակտերիալ, վիրուսային և/կամ սնկային ծագման վուլվիտներ (ամոթույքաբորբ),
  • ամոթույքագեղձաբորբ (բարթոլինիտ), 
  • ալերգիկ վուլվիտ, 
  • պիոդերմիա և/կամ շեքի մաշկի ֆուրունկուլյոզ, 
  • ամոթույքի չարորակ նորագոյացություններ: 

Հեշտոցային սպիտակահոսք՝

  • բակտերիալ, վիրուսային և/կամ սնկային ծագման վագինիտ (կոլպիտ), 
  • հելմինտոզ, էնտերոբիոզ, 
  • օտար մարմիններ, 
  • հեշտոցի չարորակ նորագոյացություններ,
  • սեռական օրգանների մաշկային խուղակներ (վնասվածքային, բորբոքային, օնկոլոգիական, ճառագայթային), 
  • ալերգիկ վագինիտ (ընդ որում՝ լատեքսի հանդեպ ալերգիայից առաջացած),
  • ատրոֆիկ վուլվովագինիտ:

Ցերվիկալ սպիտակահոսք՝

  • ցերվիցիտ և էնդոցերվիցիտ (սուր և բորբոքային) բակտերիալ կամ վիրուսային ծագման՝ ներառյալ տուբերկուլյոզ, սիֆիլիս և արգանդի պարանոցի այլ ախտահարումներ,
  • արգանդի պարանոցի չարորակ նորագոյացություններ: 

Արգանդային սպիտակահոսք՝

  • էնդոմետրիտ, 
  • սեռական տուբերկուլյոզ, 
  • պիոմետրա (արգանդի թարախահավաք)՝ ներառյալ որպես էնդոմետրիումի քաղցկեղի բարդացում, 
  • արգանդի դիրքի անոմալիաներ (hyperanteversioflexio, սեռական արտանկում):

Փողերի սպիտակահոսք՝

  • հիդրո կամ պիոսալպինքս (արգանդափողի թարախահավաք), 
  • ֆալոպյան փողերի չարորակ նորագոյացություններ:

Պատճառագիտությունը

Դեռահասության տարիքում սպիտակահոսքի առաջացումը սովորաբար պայմանավորված է լինում արտաքին սեռական օրգանների ընդհանուր հիվանդություններով, ավիտամինոզով, էկզոգեն և էնդոգեն ինքնաթունահարությամբ (ինտոքսիկացիայով) կամ առաջանում է որպես հորմոնային փոփոխությունների հետևանք:

Վերարտադրողական տարիքի կանանց դեպքում սպիտակահոսքի առաջացման պատճառներն են արտաքին կամ ներքին սեռական օրգանների բորբոքային հիվանդություները (գարդներելայից, հեշտոցային տրիխոմոնադից, կանդիդա սնկերից, պայմանական ախտածին աէրոբ և անաէրոբ բակտերիաներից կամ մարդու պապիլլոմավիրուսից/հերպեսից առաջացած): Պետք չէ բացառել նաև ախտաբանական այլ պրոցեսները՝ հեշտոցի, արգանդի պարանոցի, արգանդի մարմնի, արգանդափողերի չարորակ նորագոյացությունները:

Դաշտանադադարի (մենոպաուզա) շրջանի կանանց դեպքում մեծամասամբ սպիտակահոսքի առաջացման պատճառն օնկոլոգիական կամ ատրոֆիկ պրոցեսներն են, հազվադեպ՝ փոքր կոնքի օրգաների արտանկումը:

Կլինիկական պատկերը

Սպիտակահոսքը հաճախ ուղեկցվում է կոնքի շրջանի ցավերով, դիսպարեունիայով (ցավոտ սեռական ակտ), քորով և դիզուրիայով (միզելու խանգարում)՝ այդպիսով կազմելով ընդհանուր պաթոգենետիկական և էթիոլոգիական արմատներ ունեցող ախտանիշների համալիր: Եթե ամոթույքի շրջանում առաջացած քորը, այրոցը և դիսպարեունիան ախտաբանական արտադրության հետ մեկտեղ համարվում են տեղային բորբոքային, հազվադեպ՝ ատրոֆիկ փոփոխությունների ախտանիշ, ապա կոնքի տարբեր ուժգնության ցավերն արդեն վկայում են արգանդի կամ արգանդափողերի հնարավոր առաջնային ինֆեկցիոն կամ ուռուցքային ախտահարման մասին:

Ախտորոշումը և բուժումը

Հաշվի առնելով սեռական ուղիներից եկող ախտաբանական արտադրության հնարավոր պատճառների բազմազանությունը՝ ճիշտ ախտորոշման համար անհրաժեշտ է կլինիկական ամբողջական հետազոտություն՝ պարտադիր ֆիզիկալ, լաբորատոր, գործիքային հետազոտությամբ: Սպիտակահոսքի իրական ծագումը հնարավոր է բացահայտել միայն հիմնվելով բակտերիոլոգիական մանրակրկիտ հետազոտության, ՊՇՌ-ախտորոշում, իմունաֆերմենտային անալիզի և ուղիղ մեթոդով իմունաֆլյուորեսցենցիայի վրա:

Կախված արտադրության առաջացման պատճառներից՝ ընտրվում է բուժման համապատասխան մեթոդ: Սեռական ուղիներից եկող ախտաբանական արտադրության պատճառները վերացնելու նպատակով կիրառվում է տեղային և ընդհանուր հակաբակտերիալ թերապիա, ֆագոթերապիա, միզուղիների և աղիքային խուղակների վիրահատական բուժում, կոնքի հատակի մկանների թուլացման և սեռական օրգաների արտանկման շտկումներ, ճառագայթային թերապիա, ներքին և արտաքին սեռական օրգանների չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժում և այլն:

Հեշտոցի բնականոն էկոհամակարգի վերականգնման նպատակներով կիրառվում է տեղային և ընդհանուր էուբիոտիկաթերապիա ացիդոֆիլ լակտոբակտերիաներով, տեղային հորմոնային թերապիա: Բուժման նպատակներով (միկրոշրջանառության բարելավում, հիպերսեկրեցիայի ճնշում) նաև ցուցվում է վիտամինային թերապիա, ֆիզիոթերապիա և այլն:

Սեռական ուղիներից եկող ախտաբանական արտադրության ախտանշանների արդյունավետ վերացումը կախված է սպիտակահոսքի պատճառների կլինիկական ախտորոշման ճշգրտությունից, ամուսինների կամ սեռական զուգընկերների միաժամանակյա համաձայնեցված կամ նույնական բուժումից, անձնական հիգիենայի խստիվ պահպանումից, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխարգելման տարատեսակ միջոցների ռացիոնալ կիրառումից և այլ գործոններից:

Սեռական շուրթերի լեյկոպլակիա

Սեռական շուրթերի լեյկոպլակիա

Սեռական շուրթերի լեյկոպլակիան լորձաթաղանթի քրոնիկ փոփոխություն է…

Ֆոլաթթուն և հղիությունը:Ի՞նչ է պետք իմանալ

Ֆոլաթթուն և հղիությունը:Ի՞նչ է պետք իմանալ

Ինչու՞ է այն կարևոր և ի՞նչ պետք է իմանալ

Ի՞նչ է օֆիսային հիստերոսկոպիան և ե՞րբ է կատարվում

Ի՞նչ է օֆիսային հիստերոսկոպիան և ե՞րբ է կատարվում

Օֆիսային հիստերոսկոպիան  փոքր ինվազիվ բուժական կամ ախտորոշիչ…

Լաբիոպլաստիկայի արդյունքները

Լաբիոպլաստիկայի արդյունքները

Ստորև ներկայացնում ենք լաբիոպլաստիկայի արդյունքները