Ցավազրկող միջոցները դաշտանի օրերին

Դաշտանին ուղեկցող ցավը շատերին է անհանգստացնում։ Հնարավոր է, որ այն այնքան էլ ուժեղ չլինի, լինի տևական, թուլություն առաջացնող, գուցեև` անտանելի։ Ինչո՞ւ է ոմանց դեպքում ցավն այդքան ուժեղ լինում, մյուսների դեպքում՝ թույլ։ Ինչպե՞ս մեղմել այն։
Կարդացեք՝ Ինչո՞ւ է դաշտանն ուղեկցվում ցավով
Ուժգին ցավը դաշտանի ժամանակ
Այդ վիճակը բժշկության մեջ կոչում են դիսմենորեա, որն ինքնին դաշտանային ֆունկցիայի խանգարում է, որն ուղեկցվում է որովայնի ստորին հատվածի և գոտկատեղի ցավով։ Բացի այդ, դիտվում է նաև գլխացավ, սրտխառնոց, փսխում և այլն։ Տարբերում են առաջնային և երկրորդային դիսմենորեա։ Առաջացման պատճառները բազմաթիվ են։
Կարդացեք՝ Դիսմենորեա
Առաջնային դիսմենորեան բնորոշվում է կոնքի ախտաբանական փոփոխությունների բացակայությամբ, իսկ ցավը պայմանավորված է լինում հետևյալ գործոններով՝
- հորմոնային համակարգի խանգարում, վահանագեղձի աշխատանքի մեծ ակտիվություն,
- բեղմնականխիչներ, մասնավորապես՝ ներարգանդային պարույր,
- բարձր զգայունակություն օրգանիզմում կատարվող փոփոխությունների հանդեպ,
- արգանդի դիրքի շեղում,
- աբորտ, հետծննդաբերական շրջան,
- անկանոն սեռական կյանք,
- ժառանգականություն,
- կալիումի և մագնիումի անբավարարություն և այլն։
Այդ դեպքում ցավն առաջանում է դաշտանից առաջ կամ առաջին երկու օրվա ընթացքում։
Երկրորդային դիսմենորեային բնորոշ են կոնքի ախտաբանական փոփոխությունները, իսկ ցավն առաջանում է գինեկոլոգիական հիվանդության պատճառով։ Դիտվում է սրտխառնոց, փսխում, արյունը թանձրուկներով է արտահոսում, իսկ ցավն այնքան ուժեղ է, որ չի դադարում անգամ ցավազրկող ընդունելուց հետո։
Կարելի է ցավազրկող դեղամիջոց ընդունել միայն առաջնային պատճառներով ի հայտ եկած ցավի դեպքում։
Ինչպե՞ս ազատվել ցավից առանց դեղորայքի
Հարկավոր է հարմարավետ դիրքով պառկել անկողնուն, ոտքերը մոտեցնել կրծքավանդակին և պահել ձեռքերով այնքան ժամանակ, մինչև ցավը թուլանա։
Մի քանի րոպե որովայնին ջեռակ դրեք՝ լցված սառը ջրով։
Տաք թեյ խմեք (կարելի է մի քիչ կոնյակ կամ բալզամ ավելացնել)։
Ցավազրկող դեղամիջոցներ
Ոչ ստերոիդային դեղապատրաստուկներ
Այդ խմբի դեղամիջոցներն օժտված են ուժեղ ազդեցությամբ, դրանք կարելի է խմել դաշտանից առաջ։ Կարելի է ընտրել նշված տարբերակներից մեկը։
Պարացետամոլ՝ մեկ հաբ օրվա ընթացքում 2-3 անգամ։
Իբուպրոֆեն՝ օրվա ընթացքում 2-3 հաբ։
Պիրոքսիկամ՝ օրվա ընթացքում 2-3 հաբ։
Կետոպրոֆեն՝ մեկ հաբ օրվա ընթացքում 2 անգամ։
Նիմեսիլ` օրվա ընթացքում 2-3 անգամ և այլն:
Սպազմոլիտիկներ
Սպազմոլիտիկների ազդեցությունը փոքր-ինչ ուշ է զգացվում։ Դրանք կարելի է խմել ոչ ստերոիդային միջոցների հետ։ Ընտրեք նշված դեղամիջոցներից մեկը։
Պապավերին մոմիկ՝ օրական երկու անգամ (հետանցքից)։
Նո-շպա՝ երկու հաբ օրվա ընթացքում երեք անգամ։
Անալգետիկներ
Այդ խմբին են պատկանում անալգինը, բարալգինը, մինալգինը, նովալգինը և պերետինը, որոնք պետք է խմել օրվա ընթացքում 3-4 անգամ:
Նշված բոլոր դեղամիջոցները ժամանակավոր ազդեցություն են թողնում և չեն օգտագործվում որպես բուժման միջոց։ Ցանկացած դեղամիջոց օգտագործելուց առաջ պարտադիր խորհրդակցեք բժշկի հետ։
Նմանատիպ նյութեր

Դիսմենորեա (ցավոտ դաշտան) և օլիգոմենորեա (սակավ դաշտան)

Դաշտանային ցիկլը ծննդաբերությունից հետո

Առատ դաշտան. պատճառները և բուժումը

Երկարատև դաշտան. երբ անհանգստանալ

Նախադաշտանային համախտանիշը որպես գոյապայքարի միջոց
