Բարդություններ ծննդաբերության ընթացքում

Ապագա մայրերին հաճախ է մտահոգում ծննդաբերության ընթացքը․ ինչպե՞ս կընթանա, բարդություններ կառաջանա՞ն, թե՞ ոչ։
Այս հոդվածում ներկայացնում ենք ծննդաբերական բարդությունների բնույթը, ախտորոշումը և այն, թե ինչպես են բժիշկները հաղթահարում այս կամ այն դժվարին իրավիճակը։
Բժշկական ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է կանխորոշել և կանխարգելել բարդությունները դեռևս հղիության ընթացքում։
Ո՞ր ծննդաբերությունն է համարվում բարդացած
Երկարաձգված ծննդաբերություն։ Այն դեպքն է, երբ ծննդաբերությունը դանդաղում է։
Պատճառները
Դժվարություններ՝ թույլ և հազվադեպ կծկանք։ Այդ իրավիճակում արգանդն ամբողջապես չի բացվում՝ դժվարացնելով երեխայի ծնունդը։ Լինում են նաև ուժգին և երկարատև կծկանքներ, այդ պարագայում դրանց ընթացքն արդյունավետ չէ և պահանջվում է ընթացի դեղորայքային կայունացում։
Թույլ կծկանքների դեպքում կնոջը ներարկում են արգանդի աշխատանքը խթանող դեղորայք, իսկ ուժգին կծկանքների դեպքում՝ ցավազրկող միջոց, որը թուլացնում է արգանդի մկանային աշխատանքը։
Պտղի հետ կապված բարդություններ։ Եթե պտուղը մեծ է կամ սխալ դիրքում է, նպաստում է ծննդաբերական բարդությունների առաջացմանը։ Ծննդաբերությունից մի քանի շաբաթ առաջ երեխան տեղակայվում է գլխով դեպի ներքև դիրքում։ Այլ դիրքի դեպքում ծննդաբերության ընթացքը կարող է բարդություններով ընթանալ։ Այդ դեպքում բժիշկներն ըստ ցուցման վակուում էքստրակտոր կամ մանկաբարձական աքցան (վերջինը՝ հազվադեպ) են կիրառում, կամ ի սկզբանե կատարվում է կեսարյան հատում։
Պտղի հետույքային առաջադրություն։ Բնական ծննդաբերությունն այդ բարդության դեպքում վտանգավոր է, և բժիշկները սովորաբար ընտրում են կեսարյան հատման տարբերակը։
Խոշոր պտուղը նույնպես վտանգավոր է ծննդկանի համար, քանի որ կարող է պատռվածքների առաջացման պատճառ դառնալ։ Այդ պարագայում կատարվում է կեսարյան հատում կամ շեքի հյուսվածքների հատում։
Ծննդաբերական ուղու հետ կապված բարդություններ՝ նեղ կոնք կամ ծննդաբերական ուղու այլ անոմալիաներ։ Այդ դեպքում բժիշկները հղի կնոջը մանրակրկտորեն հետազոտում են, որպեսզի պարզեն նա կարո՞ղ է ծննդաբերել բնական ճանապարհով, եթե ոչ, ապա նշանակվում է պլանային կեսարյան հատում։
Վաղաժամ ծննդաբերություն։ 28 — 37 շաբաթականում սկսվող ծննդաբերությունը համարվում է վաղաժամ։ Այն վտանգավոր է առաջին հերթին երեխայի համար, քանի որ ծնվում է վերջնականորեն չկազմավորված և թույլ։
Հիպոքսիա՝ թթվածնաքաղց, երբ երեխան թթվածնի պակաս է ունենում։ Պատճառները՝
- պորտալարի սեղմվածք,
- պորտալարի փաթաթում պարանոցին կամ մարմնին,
- ընկերքի վաղաժամ շերտազատում։
Պորտալարի անկում։ Այդ վիճակը կարող է հանգեցնել ոչ միայն հիպոքսիայի, այլև պտղի մահվան թթվածնի պակասի պատճառով։
Արնահոսություն ծննդաբերության ընթացքում։ Հաճախ առաջանում է ընկերքի վնասման կամ ծննդաբերական պատռվածքների հետևանքով և կարող է ավարտվել պտղի մահվամբ։
Ծննդաբերական պատռվածք։ Պատռվածքները տարբեր տիպի են լինում՝ շեքի, արգանդի և հեշտոցի։ Ամենատարածված բարդությունն է։ Այդ պարագայում ցավազրկում է կատարվում և կարվում պատռված հատվածը։
Հետծննդաբերական արնահոսություն։ Առաջանում է պատռվածքների կամ կտրվածքների պատճառով, երբեմն էլ՝ հիպոտոնիայի՝ արգանդի չափից շատ թուլանալու կամ էլ նրանում ընկերքի մնացուկների առկայության հետևանքով։