Հետվիրահատական հեմատոմա

Վիրաբուժական միջամտությունից հետո հնարավոր է, որ տարաբնույթ բարդություններ ի հայտ գան։ Այդ բարդություններից է հեմատոման։ Ո՞րն է առաջացման պատճառը, ի՞նչ ազդեցություն է ունենում հիվանդի առողջության վրա, բուժման ի՞նչ եղանակներ կան։
Ի՞նչ է հեմատոման․ տեսակները
Հեմատոման արյան կուտակումն է, ինչն առաջանում է վնասվածքի, հիվանդության պատճառով երակների, անոթների, մազանոթների պատռվածքից կամ քայքայվածությունից։ Վիրահատության ժամանակ հյուսվածքների անոթները կտրվում են, այդ պատճառով հեմատոմայի ձևավորման հավանականությունը մեծանում է։
Ըստ տեղակայման՝ հեմատոման լինում է՝
- ենթամաշկային,
- ներմկանային,
- սուբսերոզային,
- ներգանգային։
Կլինիկական դրսևորումները
Ենթամաշկային հեմատոման շրջանաձև կապտուկ է, սկզբում ունենում է կարմիր գույն, սակայն աստիճանաբար դառնում է մանուշակագույն, այնուհետև՝ դեղնականաչավուն, վերջին փուլում՝ շագանակագույն երանգ։
Երբեմն բծերի խումբ է հիշեցնում, այդ դեպքում բազմակի հեմատոմա է։ Այդպիսի բարդության դեպքում հիվանդը ցավ է զգում, մկանային աշխատանքի խանգարում, ջերմության տեղային բարձրացում, երբեմն էլ՝ պուլսացիա։
Որովայնի խոռոչի հետվիրահատական հեմատոման ուղեկցվում է հետևյալ ախտանշաններով՝ որովայնի շրջանում ճնշման զգացում, ցավ, որովայնի ուրվագծի ձևախեղում, կոշտացում, կապտուկ այտուցի հատվածում, դրենաժից ավելորդ արյան արտահոսք։
Ներգանգային հեմատոման կարող է դրսևորվել ուժեղ և հանկարծակի գլխացավով, քնկոտությամբ, փսխմամբ և սրտխառնուքով, գիտակցության մթագնումով, գիտակցության կորստով, էպիլեպսիային հատուկ նոպաներով, պարալիչով։ Ժամանակին չախտորոշելու դեպքում կարող է հանգեցնել կոմայի կամ մահվան։
Ծագումնաբանությունը
Հաճախ հեմատոման առաջանում է վիրահատությունից անմիջապես հետո (առավելագույնը՝ մեկ օրվա ընթացքում)։ Հետվիրահատական հեմատոման ձևավորվում է հետևյալ դեպքերում՝
- միջամտությունից հետո առաջացած անոթային բարձր ճնշում,
- անոթային հիվանդություններ, որոնք նպաստում են անոթների պատերի հյուծմանը,
- արյան մակարդելիության խանգարումներ,
- նախկինում ունեցած վնասվածքներ,
- որոշ դեղամիջոցների օգտագործում (ասպիրին պարունակող),վարակիչ, օնկոլոգիական որոշ հիվանդություններ, վիտամին В-ի,К-ի, С-ի, ֆոլաթթվի պակաս և այլն։
Ո՞րն է վտանգը
- Վարակի զարգացման վտանգ։
- Հեմատոմայի շրջանում առաջացած կոշտությունը հնարավոր է, որ շատ ուշ անհետանա, գուցեև մնա հավետ։
- Սպի, որը կարող է սահմանափակել հյուսվածքների շարժունակությունը։
- Ուղեղի հյուսվածքների անդառնալի ախտահարում, ինչը կարող է հանգեցնել մահվան։
Բուժումը
Երբեմն հետվիրահատական փոքր հեմատոման ներծծվում է ինքնուրույն։ Ներծծումն արագացնելու համար կարելի է այդ հատվածի վրա սառույց դնել։ Ոտքի վրա առաջացած հեմատոմայի դեպքում խորհուրդ է տրվում ճնշակապ դնել։
Դեղորայքային բուժումը ենթադրում է՝
- արնահոսության դադարեցմանը նպաստող դեղամիջոցների օգտագործում,
- վարակների կանխարգելմանն ուղղված հակաբիոտիկների նշանակում,
- ոչ ստերոիդային հակաբորբոքիչների (գելի և մազի տեսքով) նշանակում, որոնք նվազեցնում են հյուսվածքների ռեակտիվությունը, ցավազրկում, նվազեցնում այտուցվածությունը,
- ֆիզիոթերապիա և բանդաժի կրում,
- արնահոսող օջախի վերացում։
Որոշ դեպքերում հեմատոմայի հեռացումն իրականացվում է ներարկման միջոցով, որի դեպքում կուտակված արյունը դուրս է քաշվում։ Եթե ավանդական բուժումն անարդյունավետ է լինում, հեմատոման հեռացվում է վիրահատությամբ, անհրաժեշտության դեպքում՝ արնահոսող անոթի այրմամբ։ Միջամտությունից հետո դրենաժ է դրվում մոտ երեք օր։
Կանխարգելումը
Ցանկացած վիրահատություն, որը կատարվում է նշտարիկով, հեմատոմայի առաջացման վտանգ է պարունակում։ Այդ պատճառով էլ այսօր նախապատվությունը տրվում է լազերային վիրաբուժությանը, երբ անոթների այրումը կատարվում է հենց վիրահատության ընթացքում, ինչը շեշտակիորեն նվազեցնում է արնահոսության վտանգը։ Այդուհանդերձ բազմաթիվ են այն դեպքերը, որոնց պարագայում դասական վիրահատությունն անփոխարինելի է։
Պայմաններ, որոնց պահպանումը նվազեցնում է հետվիրահատական հեմատոմայի առաջացման վտանգը՝
- վիրահատությունից առաջ կատարվող հետազոտություններ՝ ուղղված անոթների կառուցվածքի կամ արյան մակարդելիության վրա ազդող հիվանդությունների կամ վիճակների հայտնաբերմանը,
- արյան մակարդելիության վրա ազդող որոշ դեղամիջոցների չեղարկում,
- գրագետ կատարված վիրահատություն,
- վիրահատությունից հետո վերականգնվելուն ուղղված հանձնարարականների ճիշտ կատարում։
Ներքին օրգանների հեմատոմայի կանխարգելումը ենթադրում է անկողնային ռեժիմի պահպանում, ֆիզիկական ծանրաբեռնվածության բացառում, բանդաժի կրում։
Ոտքերի վարիկոզի հեռացման վիրահատությունից հետո կապտուկներից և այտուցվածությունից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում բավարարել հետևյալ պահանջները՝
- ոտքը պետք է շարժել (ծալել, պտտել) միջամտությունից մի քանի ժամ անց,
- հաջորդող օրերին առաձգական վիրակապով կապել, ինչից հետո հիվանդը կարող է քայլել,
- բուժիչ մերսում, ֆիզիկական վարժություններ կատարել։
Գլխուղեղի վիրահատությունից հետո հարկավոր է վերահսկել հիվանդի վիճակը։ Ներգանգային հեմատոման ճշգրիտ ախտորոշվում է ուղեղի ՀՏ-ի (համակարգչային տոմոգրաֆիա) կամ ՄՌՏ-ի (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա) միջոցով։
Հեմատոմայի կանխարգելման նպատակով վիրահատությունից հետո դրենաժ է դրվում։ Հետվիրահատական վերականգնմանն ուղղված հանձնարարականները կախված են միջամտության բնույթից և հիվանդի օրգանիզմի առանձնահատկություններից։