Երիկամների ցավը հղիության ընթացքում
Հղիության ընթացքում կնոջ բոլոր ներքին օրգաններն աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով՝ հատկապես երիկամները: Այդ պատճառով էլ հղի կանայք մտնում են երիկամների հիվանդությունների ռիսկային խմբում: Ինչպե՞ս տարբերել երիկամների ցավը մեջքի ցավից: Այս հարցում ինքնուրույն կողմնորոշվելը շատ դժվար է, հաճախ էլ անհնար, ուստի հարկավոր է անվարան դիմել բժշկի:
Ե՞րբ է պետք այցելել բժշկի
- Միզարձակումն ուղեկցվում է ցավով և տհաճ զգացողություններով:
- Թվում է թե միզապարկը լիովին չի դատարկվել:
- Մեզի հետազոտությունը սպիտակուցի առկայություն է արձանագրում:
- Այտուցվածություն:
- Անոթային բարձր ճնշում:
- Ցավ գոտկատեղի շրջանում:
- Ուժգնացող ցավ որովայնի ստորին և կողային հատվածում:
- Մշտական, նվվացող ցավ, որը չի անցնում, եթե անգամ կինը հարմար դիրք է ընդունում:
- Ցավ հպումից:
- Բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում, դողէրոցք:
Բուժումը
Եթե ցավում են երիկամները կամ ցավ եք զգում երիկամների հատվածում, ապա դիմեք բժշկի: Հարկավոր է անհրաժեշտ հետազոտություններ կատարլ և պարզել պատճառը: Քանի որ հղիությունն անհատական երևույթ է բոլորի համար, բուժումը պետք է նշանակի միայն բուժող բժիշկը՝ հաշվի առնելով բոլոր անհատական նրբությունները: Չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել: Շատ բան կախված է այն բանից, թե հղիության որ ժամկետում է ի հայտ եկել խնդիրը. չէ՞ որ առաջին եռամսյակում առհասարակ չի կարելի դեղորայք օգտագործել, և բժիշկը պետք է ձեզ համար համալիր ֆիտոպրեպարատներ ընտրի: Վերջիններս չեն ազդում պտղի զարգացման վրա, գործում են արդյունավետ՝ թողնելով միզամուղ, ցավազրկող, հակաբորբոքային և հակամանրէային ազդեցություն:
Հարկավոր է սննդից բացառել ճարպոտ, տապակած, կծու և թթու մթերքները: Այդպիսի սննդամթերքները գրգռում են միզապարկի լորձաթաղանթը և խանգարում վերականգնմանը: Օգտակար է լոռամրգի հյութը, ինչպես նաև հատուկ ուրոլոգիական խառնուրդները, որոնց մասին ձեզ կիրազեկի բժիշկը: Առհասարակ ավելի լավ է կանխարգելել խնդիրը, քան բուժվել:
Կանխարգելումը
- Լոռամրգի մզվածքը լավ է ոչ միայն բուժման, այլև կանխարգելման համար:
- Ավելի լավ է դեռևս վաղ ժամկետներում հրաժարվել ճարպոտ, կծու, տապակած և ապխտած մթերքներից, աղից, սպիտակ հացից և հատիկավորներից:
- Օրվա ընթացքում խմած ջրի քանակը պետք է կազմի երկու լիտր:
- Որքան հնարավոր է հաճախ գնացեք տուալետ, քանի որ դիմանալը վտանգավոր է հատկապես հղիության ընթացքում:
- Ներքնազգեստը պետք է լինի բամբակյա՝ նախատեսված հղի կանանց համար:
- Չի կարելի կրել նեղ ներքնաշորեր, զուգագուլպաներ, տաբատներ:
- Օգտակար է չորեքթաթ դիրքը: Օրական 10-15ր անցկացրեք այդ դիրքում. այդ ընթացքում որովայնը կախ է ընկնում, արգանդը չի չնշում երիկամներին և վերջիններս հանգստանում են «բեռից»: Այդ վարժությունը շատ օգտակար է կանխարգելման առումով, ինչպես նաև մեղմում է մեջքի ցավը: